
Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԶՖԳ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրենին
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
Կառավարության հաղորդագրության համաձայն՝ ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Զարգացման ֆրանսիական գործակալության դերակատարումը Ֆրանսիայի հետ բազմաոլորտ համագործակցության շարունակական խորացման տեսանկյունից: Այս համատեքստում Տիգրան Խաչատրյանը կարևորել է ինչպես քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության ծրագրերի միջոցով ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին ցուցաբերվող աջակցությունը, այնպես էլ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ձևավորված արդյունավետ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքների և այլ ընթացիկ ծրագրերի վերաբերյալ: Կարևորելով ոռոգման ենթակառուցվածքների և գյուղատնտեսության զարգացմանն ուղղված համագործակցության շարունակականությունը՝ հատուկ անդրադարձ է կատարվել այս ուղղությամբ մեկնարկող՝ «Հայաստանում ջրային ռեսուրսների և գյուղատնտեսության ոլորտի համալիր զարգացում» ծրագրի իրականացման մանրամասներին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԶՖԳ հետ ռազմավարական գործակցության շրջանակի վերանայման նպատակով նախատեսվող տարեկան խորհրդակցությունները 2025 թվականի ամռանը անցկացնելու վերաբերյալ:
Մեկնաբանել