
Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի շրջակա անտառներ է արձակվել 9 կովկասյան ազնվացեղ եղջերու
Մայիսի 22-ին՝ Կենսաբազմազանության միջազգային օրվա շրջանակում, Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի շրջակա անտառներում բնություն է արձակվել 9 կովկասյան ազնվացեղ եղջերու։ Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։
«Այս խորհրդանշական գործողությունը բնապահպանական կարևոր ուղերձ էր՝ ուղղված կենսաբազմազանության վերականգնմանը և վայրի բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը։
Ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և WWF-Հայաստանի համագործակցությամբ՝ «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» նախաձեռնության շրջանակում, որն իրականացվում է 2013 թվականից։
Մինչ օրս Դիլիջանի անտառներ արդեն վերադարձվել են 13 եղջերու, իսկ այս տարվա վերաբնակեցումը պատմական կարևորություն ունի․ առաջին անգամ ազնվացեղ եղջերուները վերադարձան Լոռու բնաշխարհ, որտեղ ժամանակին նրանք լայնորեն տարածված էին։ Բնություն արձակված եղջերուները պատշաճ կերպով նախապատրաստվել էին ազատ կյանքին՝ մասնագետների մշտական խնամքի և վերահսկողության ներքո։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի COP 17 համաժողովի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպանը, ինչպես նաև պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ ու լրագրողներ։
Այս նախաձեռնությունը միտված է ոչ միայն անհետացման եզրին գտնվող տեսակների վերականգնմանը, այլ նաև մարդկանց և բնության միջև եղած կապի վերագնահատմանը։
Այն հանդիսանում է էկոհամակարգերի կայուն զարգացման և կենսաբազմազանության պահպանման տեսանելի ապացույց»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել