
ՀԴՄ-ների սպասարկման գներն աճել են. ովքեր են շուկայի թելադրողները
Անուշ Պետրոսյանը (անունը փոխված է) փոքր բիզնես ունի Երևանում։ Բիզնեսը հիմնելուց հետո նա ձեռք է բերել հսկիչ-դրամարկղային մեքենա, որի համար յուրաքանչյուր ամիս սպասարկման վճար է տվել։ 2024-ի տարեվերջին ՀԴՄ-ի սպասարկան վճարը թանկացել է։ Նա փորձել է փոխել սպասարկող ընկերությունը, սակայն պարզել է, որ բոլոր ընկերությունները գրեթե միաժամանակ գինը բարձրացրել են։ Անուշի խոսքով, այս թանկացումը լուրջ ֆինանսական հարված է փոքր բիզնեսին։
Վերջին շրջանում տնտեսվարողները սկսեցին ահազանգել, որ հսկիչ-դրամարկղային մեքենենարի տեխնիկական սպասարկման ծառայություններ իրականացնող ընկերությունները բարձրացրել են ծառայության արժեքը։ Նախկին ամսական 1800 դրամի փոխարեն այն դարձել է միջինում 3600 դրամ։
Ծառայության թանկացումը բոլոր ընկերությունները կատարել են գրեթե նույն ժամանակահավածում։
Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ Հայաստանում հսկիչ դրամարկղային մեքենաների սպասարկմամբ զբաղվում է 7 ընկերություն՝ «Աքսիա» ՍՊԸ, «Սմարթ Սոլուշնս» ՍՊԸ, «Տոչ-Մաստեր» ՍՊԸ, «Իննթեք» ՍՊԸ, «Ֆյուչեր փեյմենթս սիսթեմս» ՍՊԸ, «Քյու տերմինալ» ՍՊԸ և «Դոկտեխնիկ» ՍՊԸ։
Այս ընկերությունների մեծ մասը այս կամ այն կերպ փոխկապակցված է։ Ստորև ներկայացնում ենք այդ ընկերությունների կապերը։
«Աքսիա» ՍՊԸ-ի 100% բաժնետերը և տնօրենը Գուրգեն Գասպարյանն է։ Նրան է պատկանում նաև «Ֆյուչեր փեյմենթս սիսթեմս» ՍՊԸ-ի 67%-ը։ Գասպարյանը նաև այս երկու ընկերությունների տնօրենն է։
ՀԴՄ տերմինալների սպասարկում իրականացնող մյուս խոշոր ընկերությունը «Սմարթ սոլուշնս» ՍՊԸ-ն է։ Այս ընկերության բաժնեմասերի 19%-ը պատկանում է «Տոչ-մաստեր» ՍՊԸ-ին, որը ևս իրականացնում է հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում։
«Տոչ-մաստեր» ՍՊԸ-ի 50%-ը պատկանում է «Յունիոն սքուեր» ՍՊԸ-ին։ Այս ընկերության տնօրենը և 40% բաժնետերը Տիգրան Մարտիրոսյանն է։ Նա ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկում իրականացնող մեկ այլ ընկերության՝ «Քյու տերմինալի» սեփականատերն է եղել, 2022-2024 թթ. զբաղեցրել է նաև այդ ընկերության տնօրենի պաշտոնը։
Տիգրան Մարտիրոսյանին է պատկանել նաև «Իննթեք» ՍՊԸ-ն՝ 2023-2024 թթ.։ Իսկ հիմա «Իննթեք» ՍՊԸ-ի 100%-ը պատկանում է վերը հիշատակված «Քյու տերմինալ» ՍՊԸ-ին։
«Սմարթ սոլուշնս» ՍՊԸ-ի ամենամեծ՝ 51% բաժնետերը «Բուուսթ» ՍՊԸ-ն է։ Այն պատկանում է Մուշեղ Շահինյանին, որը եղել է «Քյու տերմինալ» ՍՊԸ-ի միանձնյա սեփականատերը 2020-2022 թվակններին։
Այսպիսով, հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում իրականացնող ընկերությունները կապված են միմյանց հետ և դրանց կողմից սպասարկման վճարի միաժամանակյա թանկացումը շատ հարցեր է առաջացնում։
Մենք զանգահարեցինք հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում իրականացնող ընկերություններ՝ պարզելու, թե որքան է սպասարկման ամսական վճարը։ Բոլոր ընկերություններում այն տատանվում էր 3600-4000 դրամի սահմաններում։ Միայն «Դոկտեխնիկ» ՍՊԸ-ն 2500 դրամ առաջարկեց։
Այս խնդիրն արժանացել է նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուշադրությանը։ Հանձնաժողովը որոշել է վարույթ հարուցել «Տոչ-մաստեր», «Իննթեք», «ՀԴՄ շտրիխ», «Սմարթ սոլուշնս» և «Տերմինալ սերվ» ընկերությունների կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ։
ՄՊՀ-ի մրցակցության վերահսկողության վարչության գերիշխող դիրքի և պետական մարմինների հակամրցակցային գործունեության վերահսկողության բաժինը 2024-ի դեկտեմբերին ուսումնասիրություն է կատարել ՀԴՄ-ների սպասարկման վճարների կրկնակի թանկացման վերաբերյալ։
«Ուսումնասիրության արդյունքում պատասխանատու ստորաբաժանումը եկել է այն եզրահանգման, որ ոլորտում գործող որոշ տնտեսվարող սուբյեկտների մոտ առկա են որոշակի փոխկապակցվածություններ»,- ասված է որոշման մեջ։
ՄՊՀ-ն եզրահանգել է, որ ՀԴՄ-ների սպասարկման ոլորտում գնային քաղաքականության առնչությամբ ընկերությունների դրսևորած վարքագիծն առերևույթ կարող է պարունակել գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության հատկանիշներ։
Եթե ՄՊՀ-ն ապացուցի խախտումները, ընկերություններին կարող է տրվել նախազգուշացում, կամ նրանք կարող են տուգանվել նախորդ տարվա շրջանառության 10%-ի չափով։
Ինֆոգրաֆիկաները՝ Արեն Նազարյանի
Մեկնաբանել