HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ոստիկանները ներկայացրել են մի շարք արարքներ և առաջարկել են անձի «ճաշակով» ընտրել դրանցից մեկը». փաստաբան

2025թ. հունվարի 10-ին Ոստիկանության Վանաձորի բաժնում բռնության են ենթարկել ձերբակալված քաղաքացուն՝ ցուցմունք կորզելու նպատակով: Այդ մասին ահազանգում են իրավապաշտպանները: Բժիշկներն արձանագրել են ուղեղի ցնցում և սալջարդեր: Հիվանդանոցի հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն ընթացքում բռնության ենթարկված քաղաքացու դիմումով ևս հաղորդում է ներկայացվել: Վարույթը նախաձեռնվել է պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելու հատկանիշներով: Բռնության ենթարկված քաղաքացին ճանաչվել է տուժող, սակայն, նրա փաստաբանը պնդում է, որ իրականացվող քննությունն արդեն խախտում է ողջամիտ ժամկետները:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող, փաստաբան Անի Չատինյանը ստանձնել է բռնության ենթարկված Վ. Մ․-ի պաշտպանությունը: «Հետքի» հետ զրույցում Անին ասաց, որ բռնության հիմնական նպատակը եղել է ինքնախոստովանական ցուցմունք կորզելը՝ քաղաքացու կողմից որևէ արարքի վերաբերյալ:

«Ոստիկանները ներկայացրել են մի շարք արարքներ և առաջարկել են անձի «ճաշակով» ընտրել դրանցից մեկը: Այդ ցանկում եղել են տարբեր չափերի գողություններ և թմրամիջոցների շրջանառության հետ կապված դրվագներ: Պատճառն այն է, որ երկարատև օպերատիվ դիտումների, օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում իբր որևէ բան են փորձել գտնել, բայց այդպես էլ չեն գտել: Անձը չի համաձայնել իր վրա վերցնել հանցագործություն, ինչն ավարտվել է ուղեղի ցնցմամբ»,- նշում է Անի Չատինյանը:

2025թ․ հունվարի 15-ին Ա․ Չատինյանը Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան բողոք է ներկայացրել՝ ոչ իրավաչափ ճանաչելու Վ․Մ․-ի ձերբակալության մասին որոշումը, որը բավարարվել է։ Այսինքն՝ ոստիկանները բավարար հիմք չեն ունեցել անձին ձերբակալելու համար:

Անի Չատինյանի փոխանցմամբ՝ Ոստիկանության ներկայացուցիչն է դատարանում հայտնել, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումների շրջանակում են երկարատև օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացվել: Թեև որևէ բան չի հայտնաբերվել Վ. Մ-ի վերաբերյալ, սակայն,  մի քանի անգամ  հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է, տարվել Ոստիկանություն, դարձյալ բիրտ ուժ են կիրառել նրա նկատմամբ ու ազատ արձակել:

«Վերջին անգամ՝ հունվարին, որ տարել են Ոստիկանություն, խոշտանգում, ծեծ, սպառնալիք է եղել: Մեզ համար էլ է անհայտ թիրախավորման պատճառը: Պաշտոնական վարկածն այն է, որ տեղեկություններ են ստացել, թե կա թմրանյութերի ապօրինի շրջանառություն կամ դրա ռիսկ»,- հավելում է փաստաբանը:

Ա. Չատինյանի խոսքերով՝ հունվարի 10-ին Ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգումների ենթարկվելուց հետո՝ արդեն տուժողի կարգավիճակում, Վ․Մ․-ն ընդամենը մեկ անգամ է հարցաքննվել, և վարույթն իրականացնող քննիչը վերջինիս ծանոթացրել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը։ Սակայն, համաձայն չլինելով եզրակացությանը՝ Վ․Մ․-ի ներկայացուցիչը  ներկայացրել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն, որի պատասխանը երեկ է ստացվել:

Քննիչը մերժել է կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին փաստաբանի միջնորդությունը:  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում անհանգստացած են, որ դեպքից 5 ամիս անց դեռևս չեն իրականացվել անհետաձգելի և կարևոր քննչական ու դատավարական գործողություններ, մասնավորապես՝ առերես հարցաքննություններ և անհրաժեշտ փորձաքննություններ։

Անի Չատինյանն ասաց, որ տուժող Վ. Մ․-ի հարցաքննության ժամանակ ոստիկանների տվյալներ են փոխանցվել վարույթն իրականացնող մարմնին, հետագայում էլ նույնականացման նպատակով փոխանցվել են լուսանկարներ, որոնք եղել են ենթադրյալ խոշտանգողներն ու երկարատև հետապնդողները: Սակայն, ներկայացված տեղելատվությանը չեն արձագանքել: Տեղեկություններ չունեն՝ այդ անձինք հարցաքննվե՞լ են, թե՞ ոչ:

«Հայաստանում շարունակում է գերակշռել անպատժելիության մթնոլորտը, և որևէ ոստիկան խոշտանգման դեպքում չի դատապարտվում, նույնիսկ խիստ նկատողություն չի ստանում: Հենց այդ պատճառով էլ անընդհատ շարունակվում են նման դեպքեր արձանագրվել Ոստիկանության բաժիններում և հատկապես նույն բաժիններում ու նույն անձանց վերաբերյալ: Սա մեծագույն խայտառակություն ու անհարգալից մոտեցում է թե՛ իրավական պետության, թե՛ ժողովրդավարության տեսանկյունից: Հայաստանը պետք է բացառի խոշտանգումը, այն բացարձակ իրավունք է, և Կոնվենցիոն այս ճշմարտությունը կանաչ լույսի պես բոլոր ոստիկանների և պետության վերահսկողության տակ աշխատող անձանց համար պետք է դրոշակ լինի: Բայց երբ ամենաբարձր մակարդակներում չեն հարգվում կոնվենցիոն և սահմանադրական  ճշմարտությունները, բնականաբար, ունենալու ենք նման իրավիճակ»,- ասում է Անի Չատինյանը:

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Հետքին» փոխանցեց, որ կրկնակի փորձաքննություն նշանակելու միջնորդությունը քննիչի կողմից մերժվել է՝ դրա անհրաժեշտության բացակայության պատճառով, ինչի մասին անձին ուղարկվել են ծանուցում և որոշման օրինակը: Բացակայության անհրաժեշտությունն ունեցել է այն հիմնավորումը, որ առաջին փորձաքննության ժամանակ տուժող Վ. Մ․-ի մոտ վնասվածքներ չեն հատնաբերվել:

Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն էլ փոխանցեց, որ ՆԳՆ-ն  անմիջապես արձագանքել է դեպքով ստացված տեղեկատվությանը: Նշանակվել է ծառայողական քննություն, որը կասեցվել է՝ քրեական վարույթի նախաձեռնման հիմքով:

Հիշեցնենք, որ 2025թ․ մարտի 15-ին Ոստիկանության Վանաձորի բաժնում բռնության է ենթարկվել նաև Արցախից բռնի տեղահանված Տիգրան Ուլուբաբյանը: Նրա բարեկամը ենթարկվել է ավազակային հարձակման, որից հետո 29-ամյա Տիգրանին երկու օր՝ մարտի 14-ին և 15-ին, հրավիրել են Ոստիկանության բաժին, Քննչական կոմիտե՝ ասելով, թե կապ ունի ավազակային հարձակման հետ: Սակայն, վերջին այցի ժամանակ Ոստիկանության բաժնում ծեծել են Տիգրանին։

Մի շարք բողոքի ակցիաներից, զանգվածային միջոցառումներից հետո Տիգրան Ուլուբաբյանի փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարեց, որ Ներքին գործերի նախարարությունը Քննչական կոմիտեի հետ համատեղ մեծ արշավ է սկսել իր դեմ՝ ոստիկանական խոշտանգումների մասին բարձրաձայնելուց և այդ մասով Քննչական կոմիտեի վարած նախաքննությունը քննադատելուց հետո։ Նրա դիտարկմամբ՝ իր դեմ փորձում են հաղորդումներ կորզել վստահորդներից, որպեսզի մեղադրանք առաջադրեն: Շատերը հրաժարվել են հաղորդում տալ, սակայն մեկ կին հաղորդում է ներկայացրել: Նա հայտնել է, թե փաստաբան Երիցյանն իրենից խարդախությամբ մեծ գումար է վերցրել։ Այդ հաղորդումն արդեն Ոստիկանությունից ուղարկվել է Քննչական կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Տիգրանին բռնության ենթարկած ոստիկանները մնացին չբացահայտված:

Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով (Gemini)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter