
Աղազարյանը պատրաստվում է իմպիչմենտի գործընթաց սկսել, վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է
Այսօր՝ մայիսի 16-ին, ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ «ՄԱՍԿ» կուսակցությունը լիազորել է իրեն և Հակոբ Ասլանյանին սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Աղազարյանը հայտնել է նաև, որ իրենց վարչապետի թեկնածուն «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանն է։
Վարչապետին անվստահություն հայտնելու թեման քաղաքական դաշում ակտիվորեն սկսեց շրջանառվել ապրիլի վերջից։ «Արթուն ենք» շարժան անդամներ Էդգար Ղազարյանը և Նարեկ Մալյանն ապրիլի 28-ին նամակներ հանձնեցին ԱԺ 107 պատգամավորներին՝ անվստահության գործընթաց սկսելու կոչով։
Ըստ Սահմանադրության՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն, իսկ վարչապետին պաշտոնանկ անելու համար պահանջվում է առնվազն 54 ձայն՝ պատգամավորների պարզ մեծամասնությունը։
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները միասին ունեն 34 մանդատ։ Աղազարյանն ու Ասլանյանը հայտնել էին, որ եթե ընդդիմադիր ուժերը սկսեն իմպիչմենտի գործընթաց, իրենք չեն միանա, բայց չէին բացառել, որ իրենք նման գործընթաց կսկսեն։
Մայիսի 9-ին Հովիկ Աղազարյանը հայտնեց, որ նախաձեռնում են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, իսկ վարչապետի անունը կհայտնեն մայիսի 20-ին։
«Արթուն ենք» շարժման անդամների նամակների վերաբերյալ Ազգային ժողովի երեք խմբակցությունների պատասխանները խիստ տարբեր էին։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտնեց, որ իմպիչմենտը համարում է իշխանափոխության հասնելու ամենահավանական եղանակը։ Ընդդիմադիր խմբակցությունը միաժամանակ տեղեկացրեց, որ գործընթացն ավելորդ քաղաքական նկրտումներով չբարդացնելու համար վարչապետի թեկնածու չեն առաջադրում և պատրաստ են, առանց նախապայմանների, քննարկել թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։
«Հայաստան» խմբակցությունը նամակներին արձագանքեց մայիսի 2-ին։ Ընդդիմադիր ամենամեծ ուժը հայտարարություն էր տարածել, որում կասկած էր հայտնել՝ արդյոք նախաձեռնության նպատակը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելն է, թե «Հայաստան» խմբակցությանը թիրախավորելը։
«ԱԺ «Հայաստան» խմբակցությունը մշտապես կողմնակից է եղել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու որևէ տարբերակի կիրառմանը։ Փաշինյանի հեռացումը համարելով կենսական անհրաժեշտություն պետության և ժողովրդի համար՝ «Հայաստան» խմբակցությունն առաջինն է հայտարարել իմպիչմենտի իրավական գործիքը կիրառելու տարբերակի մասին։
Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի միջոցով անվստահություն հայտնելու քաղաքական և իրավական ծանրակշիռ հիմքերն առկա են։ Մյուս կողմից գործող վարչապետին անվստահություն հայտնելն Ազգային ժողովում կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ առնվազն 36 պատգամավոր տրամադրի գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ ստորագրություն։ Գործընթացի հաջողության համար պահանջվում է նվազագույնը 54 ձայն՝ ԱԺ պատգամավորների պարզ մեծամասնությունը։
Նաև ակնհայտ է՝ առանց փողոցում ձևավորված հզոր, համաժողովրդական ճնշման անհնար է իմպիչմենտի հաջողության համար անհրաժեշտ՝ շուրջ երկու տասնյակ հավելյալ ձայների ապահովումը։ Ավելին, նույնիսկ այդպիսի ճնշումը վերջնական չի երաշխավորում անհրաժեշտ ձայների ապահովումը»,- ասված էր հայտարարության մեջ։
«Հայաստան» խմբակցությունը, սակայն, վերահաստատել էր իր պատրաստակամությունը՝ տրամադրելու բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, եթե այդ գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորների ստորագրությունները։
Աղազարյանի հայտարարությունից հետո Էդմոն Մարուքյանը ուղիղ եթերում տեղեկացրեց, որ Աղազարյանը և Ասլանյանը իրեն առաջարկել են դառնալ վարչապետի թեկնածու, և քննարկումներից հետո ինքը համաձայնել է։
Մարուքյանը ուղիղ եթերում զանգահարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և առաջարկեց կազմակերպել հանդիպում խմբակցության պատգամավորների հետ՝ իմպիչմենտի գործընթաց սկսելու հետ կապված հարցերը քննարկելու համար։
Նա զանգահարեց նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին։ Սակայն, զանգը մնաց անպատասխան։
Երբ հայտնի դարձավ, որ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը վարչապետի պաշտոնում ներկայացնելու են Էդմոն Մարուքյանի թեկնածությունը, հայտարարություն տարածեց «Ռեֆորմիստների» կուսակցությունը։
«Ռեֆորմիստների» կուսակցությունը հաղորդագրությամբ մտահոգություն հայտնեց Մարուքյանի առաջադրման կապակցությամբ։
«Մեր կուսակցությունը խոր մտահոգություն է հայտնում առ այն, որ որպես ընդդիմադիր թեկնածու և Փաշինյանին այլընտրանք կարող է հանդես գալ Էդմոն Մարուքյանը՝ մի մարդ, որը 2018 թվականից ի վեր կիսում է ՀՀ վարչապետի գրեթե բոլոր ձախողումների համար պատասխանատվությունը, և որը, ըստ էության, չի եղել ընդդիմադիր»,- ասված է հաղորդագրության մեջ։
«Ռեֆորմիստների» կուսակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել կուսակցության նախագահ, ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր Վահան Բաբայանին։
«Արթուն ենք» շարժման անդամներն արդեն անդրադարձել են Մարուքյանի և Բաբայանի առաջադրումների վերաբերյալ հայտարարություններին։ Շարժման անդամներից Նարեկ Մալյանն ասաց, որ կխուսափեն կարծիք հայտնել թեկնածուների մասին։
«Լավն են, թե վատը թեկնածուները, պիտի որոշեն ԱԺ պատգամավորները։ Եթե ուզում եք իմանալ՝ լավ, թե վատ թեկնածու է Էդմոն Մարուքյանը, լավ, թե վատ թեկնածու է Վահան Բաբայանը, հարցրեք ԱԺ պատգամավորներին»,- հայտարարեց նա։
«Արթուն ենք» շարժման մեկ այլ անդամ՝ Էդգար Ղազարյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ նորմալ է վերաբերվում Էդմոն Մարուքյանի առաջադրմանը։ Սակայն հստակ չասաց՝ ընդունե՞լի է Մարուքյանի թեկնածությունն իր համար, թե՞ ոչ։
«Այդ գործընթացը չի կոչվում Էդմոն Մարուքյանին վարչապետ ընտրելու գործընթաց։ Այդ գործընթացի գլխավոր նպատակը վարչապետին անվստահություն հայտնելն է, և նախաձեռնության հեղինակները կարող են ներկայացնել իրենց համար նախընտրելի թեկնածու։ Էդմոն Մարուքյանը ոչ թե իմ նախընտրելի թեկնածուն է, այլ տվյալ դեպքում՝ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի»,- ասաց Ղազարյանը։
Լուսանկարը՝ Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել