HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարգալույծ է հռչակվել Տ. Զավեն վարդապետ Յազիչյանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Վիրահայոց թեմի Մառնեուլի շրջանի հայոց հոգևոր հովիվ Տ. Զավեն վարդապետ Յազիչյանը։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Տնօրինության համար հիմք են ծառայել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի դիմումը և Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը Զավեն վարդապետ Յազիչյանի՝ հոգևոր ծառայության վայրն ինքնակամ լքելու վերաբերյալ:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Սարգիս Յազիչյան ավազանի անունով:

Մեկնաբանություններ (1)

Զավեն Վարդապետ Յազիչյան
Տնաշե՛ններ, գոնե նվազագույն մակարդակի կենցաղային գրագիտություն դրսևորեք։ Ինչպես ժողովրդի մեջ ասում են՝ «եփած հավի ծիծաղն էլ եկավ»։ Անկեղծ ասած, մինչև այս պահը ես բացարձակապես տեղյակ չեմ եղել, որ Կարգապահական Հանձնաժողովը որևէ քննարկում է կազմակերպել իմ անձի վերաբերյալ և առավել ևս՝ որ ինչ-որ եզրակացություն է կազմվել։ Ինչ էլ որ լիներ, թեկուզ "կես բերանով", տարրական քաղաքավարություն կլիներ՝ տեղեկացնել ինձ այդ գործընթացի մասին, հատկապես հաշվի առնելով, որ ես հանդիսանում եմ անմիջականորեն այդ կարգալուծման գործընթացի կողմերից մեկը։😂 Մինչև այս պահը ես բացարձակապես տեղյակ չեմ նաև, որ Կիրակոս Սրբազանը դիմում է ներկայացրել ինձ վերաբերող հարցով։ Գոնե այդ մասին "կես բերանով" տեղեկացնեյիք - գուցե ես երկրորդեյի իր գրածը, լրացնեյի դիմումը, ինչ-որ մանրուք ավելացնեի կամ հստակեցնեի․․․․🧐 Տեղեկացնեմ Ձեզ, որ իմ վերջին ներկայությունը Մառնեուլի շրջանի՝ իմ ծառայության պաշտոնական վայրում եղել է 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-ԻՆ։ Դրանից հետո, դժբախտաբար, ավտովթարի հետևանքով առաջացած առողջական խնդիրներս ինձ զրկել են Վրաստան վերադառնալու հնարավորությունից՝ Մառնեուլիում մշտական բնակության և ծառայության նպատակով։ Սակայն, ընդառաջ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Կիրակոսի խնդրանքին, 2022 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում, ես կարճատև վերադարձել եմ Վրաստան և այդ ընթացքում բնակվել եմ Թբիլիսիի առաջնորդարանի հյուրատանը։ Ընդգծում եմ՝ այդ ամիսներին ևս ես չեմ գտնվել իմ մշտական ծառայության վայրում։ Սա որևէ գաղտնիք չէ՝ Վիրահայոց ամբողջ թեմը լիովին տեղյակ է այս փաստից։ Հետագայում՝ առողջական վիճակիս վատթարացման պատճառով, ես գրավոր դիմել եմ Տ. Կիրակոսին՝ ինձ իմ հաշվին արձակուրդ տրամադրելու խնդրանքով, որպեսզի կարողանամ բուժումս շարունակել Հայաստանում՝ Երևանում։ Վեհափառի հանձնարարությամբ անցել եմ մի շարք բժշկական հետազոտություններ՝ նրա անձնական ծանոթ, վստահելի մասնագետների մոտ, քանի որ, ինչպես հայտնի է, Վեհափառը սովորություն չունի առանց անձնական վստահության հիմնվել որևէ մեկի կարծիքի վրա։ Վերջին բուժզննությունն անցել եմ «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժության և վնասվածքաբանության բաժանմունքում։ Բժշկական կենտրոնի բժիշկն անձամբ զեկուցել է Վեհափառին իմ առողջական վիճակի, ստացած վնասվածքի պատմության, սահմանված բուժման պլանի և անհրաժեշտ դեղորայքի մասին։ Այնուհետև, կրկին գրավոր դիմումի հիման վրա, առանց որևէ ֆինանսական պահանջի, խնդրել եմ նոր արձակուրդ, հետևելով Վեհափառի ծանոթ բժիշկների խորհրդին, բուժմանս շարունակության համար Երևանում։ Այս փաստն էլ գաղտնիք չէ։ Ներկայումս՝ արդեն մի քանի ամիս է, ինչ գտնվում եմ արտերկրում (դուք նույնիկս, մինչ օրս, տեղյակ չէք, որ երկրում եմ բուժվում), որտեղ շարունակում եմ բուժմանս ընթացքը բացառապես իմ սեփական միջոցներով։ Պարզապես, հետևել եմ Վեհափառի վստահելի բժշկների ցուցումներին ու հորդորներին, որոնք պնդում էին, որ իմ առողջական վիճակն անհրաժեշտություն ունի շարունակական մասնագիտական վերահսկողության։ Ինչպես նաև ես ոգեշնչվել եմ մեր օրինակելի առաջնորդի՝ Պարգև Արքեպիսկոպոսի օրինակով, միայն տարբերությունն այն է, որ ես չեմ մեկնել ԱՄՆ՝ սպասելով «Green Card»-ի կամ որևէ արտոնության բուժվելու կամ վիրահատվելու համար, այլ բացառապես իմ ուժերով և ծախսերով շարունակում եմ բուժմանս ընթացքն արտերկրում։ Տնաշե՛ններ, սա արդեն միջնադար չէ։ Այս ամենը փաստագրված ու թվայնացված է։ Գոնե մի փոքր ճիշտ գրեք։ 🤣🤣 2022 թվականի վերջից դուք անտեղյակ եք, ձեր իսկ հոգևորականի՝ իմ մասին։ Իսկ հիմա, կարծեմ, 2025 թվականն է․․․ և հիմա հայտարարում եք, թե ես «ինքնակամ լքել եմ հոգևոր ծառայությանս վայրը»։ Ինչպես կասեր դասականը․ "իՅա՜, իրո՞ք" 😂 Ստույգությունը ոչ միայն արժանապատվության հարց է, այլև՝ ձեր իսկ հեղինակության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter