HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանն ուղղված օրակարգային հարցեր, ընդգծվել է երկկողմ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը՝ հատկապես ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական ինտեգրման, ենթակառուցվածքների արդիականացման և բարեփոխումների ոլորտներում:

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպական միության հետևողական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ընդգծել ՀՀ Կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու խորացնել փոխգործակցությունը ԵՄ հետ՝ ապահովելով համագործակցության նոր և արդյունավետ փուլ:

Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներն իրենց հերթին վերահաստատել են աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին և ողջունել Հայաստանի կողմից ձեռնարկվող դրական քայլերը՝ տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ:

Անտոնիու Կոշտան և Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունել և կարևոր քայլ են համարել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը։ Նաև ընդգծել են վիզաների ազատականացման գործընթացի երկուստեք արագացման կարևորությունը:

ԵՄ ներկայացուցիչները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը՝ ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման համար: Նրանք շեշտել են ԵՄ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել խաղաղության գործընթացին և խթանել տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատումը:

Անդրադարձ է կատարվել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Անտոնիու Կոշտան եւ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունել են նախագիծը և կարևորել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը:

Կողմերը կարևորել են երկխոսության շարունակականությունը և պայմանավորվել ակտիվորեն համագործակցել հետագա քայլերի շուրջ՝ հաշվի առնելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter