Մեկնարկում է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը
Օգոստոսի 13-ից 19-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Ծաղկաձորում կանցկացնի «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը, որին կմասնակցի ՀՀ-ից, Արցախից, Ջավախքից, սփյուռքից 42 ջոկատ' յուրաքանչյուրում 7 մասնակից:
Հավաքի ընթացքում 18-30 տարեկան շուրջ 400 երիտասարդ, համախմբվելով ՀՀ պետական դրոշի գույների ներքո, ուժերը կչափի մարզական տարբեր խաղերում, ինտելեկտուալ ու մշակութային մրցույթներում, ինչպես նաև հանդիպումներ կունենա պետական, քաղաքական, հասարակական գործիչների հետ։
Հավաքի մարզական ծրագրում նախատեսված են սեղանի թենիս, շախմատ, սպորտլանդիա, պարանի ձգում, վոլեյբոլ, ձեռքի ուժ, ֆուտբոլ, լող, ազգային խաղեր մրցաձևերը։ Մշակութային հատվածում երիտասարդները կմրցեն երգ, պար, նորաձևություն, նկարչություն մրցույթներում։ Կանցկացվեն նաև «Բրեյն ռինգ» և «Բազե-բանալի» ինտելեկտուալ խաղերը։
Այս տարվա «Բազե» երիտասարդական հավաքին ավելացել է բուհերի ջոկատների թիվը։ Առաջին անգամ ջոկատներ կընդգրկվեն նաև մարզերում գործող բուհերից, նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից։
Այս տարի լրանում է «Բազե» հավաքի տասնամյակը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդմամբ՝ 10 տարվա ընթացքում հավաքին մասնակցել է շուրջ 8000 երիտասարդ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել