
ԿԳՄՍՆ-ն դատապարտում է Մերձավանի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։ Այս մասին հաղորդում են ԿԳՄՍՆ լրատվականից։
Հիշեցնենք՝ երեկ Մերձավանի միջնակարգ դպրոցում դասադուլ էր։ Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները դժգոհում էին պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանից։ Ըստ դժգոհողների՝ Ռոզա Դավթյանը ուսուցչին ոչ հարիր վարք է դրսևորել։
Դրանից հետո համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ աշակերտները պնդում էին՝ ուսուցչուհին դասի ժամին յասաման է կերել, ասել է՝ «ես գիժ չեմ»։ Ուսուցչուհին էլ տեսանյութում ասում էր, որ իրեն զրպարտում են։
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ՝ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել սահմանված կարգով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին աշխատանքից ազատելու և տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։
«Ավելին՝ նախարարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, այդ թվում՝ օրենսդրական, ուսումնական հաստատություններում ուսուցիչների իրավունքների պաշտպանությունն ապահովելու և կրթական միջավայրում առողջ, հարգալից ու անվտանգ պայմաններ ստեղծելու համար։
Մերձավանի միջնակարգ դպրոցը կգտնվի հատուկ մշտադիտարկման ներքո՝ առկա բոլոր խնդիրներն ուսումնասիրելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար, քանի որ արձանագրված միջադեպը վկայում է դպրոցում արմատացած խորքային և բազմաշերտ խնդիրների մասին»,- նշված է հաղորդագրությունում։
Լուսանկարը՝ դպրոցի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել