
ԱԳ նախարարը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ
ԱԳՆ-ն հայտնում է, որ մայիսի 13-ին Լյուքսեմբուրգ աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ԵԽ միջև համագործակցության հարցեր, մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքները։ Երկուստեք գոհունակությամբ նշվել է ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ վերջին տարիներին Հայաստանի կողմից արձանագրված կարևոր առաջընթացը, այդ թվում՝ մամուլի ազատության մասով։
Ի թիվս այլ ուղղությունների, անդրադարձ է կատարվել առողջապահության ոլորտում բարեփոխումների ընթացքին, ինչպես նաև տարբեր երկրներում կանանց իրավունքների պաշտպանության հարցերում առկա ցուցանիշներին և այս ուղղությամբ ՀՀ կողմից ցուցաբերված հանձնառությանը։
ԱԳ նախարարը և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձ են կատարել ԵԽ կոնվենցիաներին միանալու ուղղությամբ ՀՀ կողմից տարվող աշխատանքներին, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի կարիքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին։
Արարատ Միրզոյանը և Մայքլ Օ’Ֆլահերթին մտքեր են փոխանակել ներկայիս աշխարհաքաղաքական միտումների, տարածաշրջանային զարգացումների պայմաններում բազմակողմ հարթակների, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների արդյունավետ իրացման հնարավորությունների շուրջ։
Մեկնաբանել