
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ԱԺ-ին է ներկայացրել Կոմիտեի` 2024 թ․ գործունեության հաղորդումը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն այսօր Ազգային ժողովին է ներկայացրել Կոմիտեի` 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը: Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
«Ըստ Արթուր Նահապետյանի` 2024 թվականին քննված քրեական վարույթների թիվը 2023 թվականի համեմատ աճել է 465-ով կամ 25,5 տոկոսով, իսկ ավարտված վարույթների թիվը՝ 313-ով կամ 58,4 տոկոսով: Ընդհանուր առմամբ՝ 2024 թվականին Կոմիտեում քննվել է 2289 քրեական վարույթ, որոնցից ավարտվել է 849-ը: Ավարտված վարույթներից 167-ը 374 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ 2024 թվականին դատի է տրվել 175 հանրային ծառայող, այդ թվում՝ նախարարությունների, տեսչական մարմինների, Երևանի քաղաքապետարանի, համայնքապետարանների և մարզպետարանների աշխատակիցներ:
Իր եզրափակիչ ելույթում անդրադառնալով պատգամավորների մի շարք հարցադրումներին, այդ թվում՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակահարմարությանը, Արթուր Նահապետյանը նշել է, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեում առկա վիճակագրական տվյալների՝ ձերբակալված անձանցից միայն 34%-ի դեպքում է, որ ամենախիստ խափանման միջոցը՝ կալանքը կիրառելու միջնորդություն է կայացվել դատարան: Ավելին՝ ներկայացված 148 միջնորդություններից բավարարվել է ընդամենը 84-ը, այսինքն՝ շուրջ 56 %-ը, ինչը լավագույն ցուցանիշն է հիմնավորելու, որ համատարած կալանավորման դեպքեր առկա չեն:
Ինչ վերաբերում է պատգամավորների կողմից ենթադրյալ կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ ներկայացված տեղեկություններին, ապա Արթուր Նահապետյանը պատգամավորներին կոչ արեց նման տվյալներ ունենալու դեպքում գրավոր հաղորդում ներկայացնել Հակակոռուպցիոն կոմիտե՝ վստահեցնելով, որ այդ դեպքերից յուրաքանչյուրով կիրականացվի համակողմանի և օբյեկտիվ նախաքննություն. «Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ և ներկաներ, կան գործող պաշտոնատար անձինք և կան պաշտոնից ազատված անձինք, ովքեր օրենքի առաջ հավասար են և կրում են հավասար պատասխանատվություն թե՛ իրենց գործողությունների, և թե՛ անգործության համար:
Հետևաբար՝ եթե ունեք դեպքեր կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ, որոնք կբավարարեն քրեադատավարական օրենսգրքով սահմանված պահանջները, այդ մասին գրավոր հաղորդում ներկայացրեք Կոմիտե»,- նշել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել