HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ըստ գլխավոր դատախազի՝ ԱՄՆ-ն պատրաստ է ՀՀ-ին փոխանցել Խաչատրյանների ամերիկյան առանձատան վաճառքից գոյացած գումարի առյուծի բաժինը

Հայկական կողմն ակնկալում է ստանալ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատան վաճառքից գոյացած միջոցների մեծ մասը: Այս մասին երեկ Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: 

Հիշեցնենք, որ Խաչատրյանների առանձնատունն օտարվել է այս տարվա հունվարի 7-ին 36 մլն դոլարով: Մինչ այդ՝ 2024 թ. հուլիսին, ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ հունիսին Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանները ԱՄՆ շրջանային դատարան են ներկայացրել գույքի բռնագրավման վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու խնդրանք, եւ շատ չանցած դատարանի որոշմամբ համաձայնությունը հաստատվել է:

«Դատարանի որոշմամբ հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող, Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը կբռնագրավվի եւ ամենաբարձր շուկայական արժեքով կվաճառվի,- հայտարարել էր ՀՀ գլխավոր դատախազությունը,- առանձնատան իրացման արդյունքում ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը ՀՀ-ին վերադարձնելու հարցի շուրջ Գլխավոր դատախազության եւ ԱՄՆ իրավասու մարմնի միջեւ բանակցություններ են ընթանում»:

Սրան հաջորդել էր ԱՄՆ-ում Խաչատրյան եղբայրների շահերը պաշտպանող Vinson & Elkins ընկերության հայտարարությունը, ըստ որի՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը 2024 թ. հունիսին դադարեցրել է հետաքննությունը Խաչատրյանների նկատմամբ: «Հետաքննության դադարեցման եւ բռնագանձման գործի կասեցման որոշման հենքով Արդարադատության դեպարտամենտը եւ Խաչատրյանները համաձայնություն են ձեռք բերել հանգուցալուծելու նաեւ բռնագանձման մասով չկատարված պարտավորությունների հարցը։ Որոշվել է, որ Հոլմբի Հիլզի անշարժ գույքը կվաճառվի, եւ ստացված հասույթը կբաշխվի կողմերի միջեւ: Ընդ որում՝ Հոլմբի Հիլզի գույքի վաճառքից ստացված մի մասը կտրամադրվի Խաչատրյաններին, իսկ մյուս մասը՝ Խաչատրյանների դիմումով կտրամադրվի Հայաստանի Հանրապետությանը՝ ի շահ հայ ժողովրդի»,- հայտարարել էին Խաչատրյանների փաստաբանները:

Առանձնատան վաճառքից հետո՝ հունվարին, «Հետքը» գլխավոր դատախազ Վարդապետյանին հարցրել էր, թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերել հայկական կողմը ամերիկյան գործընկերների հետ, եւ արդյոք Խաչատրյանները նույնպես բաժին են ստանալու տան վաճառքից: Հետաքրքրվել էինք նաեւ, թե ինչպես է բաժանվելու 36 մլն դոլարը, բացի դրանից՝ արդյոք ՀՀ-ին փոխանցվելիք գումարի մասով Խաչատրյանները եւս դեր են խաղացել, ինչպես պնդել են նրանց փաստաբանները: Սակայն Գլխավոր դատախազությունից որեւէ նորություն չէին հայտնել՝ հավելելով. «Հրապարակման ենթակա նոր տեղեկատվության առկայության դեպքում ՀՀ դատախազությունը հանրային իրազեկման շրջանակում հանդես կգա նոր հրապարակմամբ»: 

Նոր հրապարակում չեղավ, բայց, փաստորեն, նոր տեղեկատվություն կա: 

Ահա, թե ինչ է հայտնել Աննա Վարդապետյանը Հանրային հեռուստաընկերության եթերում. «Առանձնատունն օտարվեց այս տարվա սկզբին, եւ ամերիկյան գործընկերների հետ մենք բավական բարդ եւ պրոֆեսիոնալ ճանապարհ անցանք. մի շարք փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ էին նրանց, որպեսզի անշարժ գույքը հնարավոր լինի արգելադրել ԱՄՆ-ում, ՀՀ դատախազությունը տրամադրեց, եւ այդ փաստաթղթերի հիման վրա գույքն արգելադրվեց, իսկ հետագայում Խաչատրյան ընտանիքը որոշեց ԱՄՆ իրավասու մարմնին հաշտություն առաջարկել, ըստ որի՝ գույքի վաճառքից 85 տոկոսը տալիս են ԱՄՆ կառավարությանը, իսկ 15 տոկոսը մնում է իրենց: Դրանից հետո սկսեցինք խոսել մեր գործընկերների հետ, քանի որ օտարերկրյա տարածքում գտնվող գույքի արժեքի որոշ տոկոս (նման չգրված կանոն կա) մենք պետք է զիջենք տվյալ երկրին: Ամերիկացի գործընկերների հետ այս պահին բանավոր պայմանավորվածություն ունենք, որ, իրենց պնդմամբ, պատկերացնում են, որ գումարի մոտ 80 տոկոսը պետք է փոխանցեն ՀՀ-ին: Մեզնից ակնկալվող բոլոր գործողությունները կատարել ենք, սպասում ենք ամերիկյան կողմի գործողություններին»:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter