
Վերսկսվել են անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Մայիսի 7-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ Այս մասին «Հետք»-ին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։
ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։
Մինչ այս պահը որոնողական աշխատանքներին ներգրավված են ավելի քան 170 փրկարարներ՝ այդ թվում ջրասուզակներ ու կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության 150 ծառայողներ, Մարմարիկի բնակիչներ և կամավորներ։
Որոնողական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, ջրափրկարարական նավակներ։
Ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։ Զրույցներ են տարվել ավելի քան 5 տասնյակ անձանց հետ, ստուգվել են շուրջ 2 տասնյակ տրանսպորտային միջոցներ։
Որոնողական աշխատանքները շարունակվում են։
Մեկնաբանել