
«Իմ սաղ օրն անցնում է հիվանդանոցում»,- ասում է 44-օրյա պատերազմում վիրավորված Կամոն
2020 թ․ նոյեմբերի 4-ը Կամո Բաբայանը լավ է հիշում։ Այդ օրը վերջին անգամ էր հարազատ գյուղում՝ Արցախի Քարին Տակում։
Կամոն ձեռքը դնում է ծնոտի տակ ու հեռուն նայում։ Արեւի մի փունջ ընկել է դեմքին, բայց դեմքը մռայլ է։ Պատերազմից 5 տարի անց Մասիս քաղաքի սոցիալական տան բակում հիշում է 44-օրյա պատերազմը, հետո՝ բռնագաղթը, հայրենի գյուղի վերջին օրը։
Մեր այցի օրը նա բժշկի էր գնացել։ Արյան հետազոտություն էին նշանակել:
Չնայած դրսում արեւ էր, Կամոն նկատելի դողում էր։ Այս տարվա փետրվարին ուղեղի կաթված է ստացել:
2020 թ. հոկտեմբերի 30-ին պայթած արկի բեկորներից էր վիրավորվել: Ստեփանակերտի հիվանդանոցում մեկ օր էր մնացել: Ապա տանը մի գիշեր անցկացնելուց հետո բարձրացել էր Քարին Տակ։ Ճանապարհի մի մասն անցել էր ոտքով, մնացածը՝ մեքենայով։
-Վիրավոր վիճակում գնացել եք դիրքե՞ր:
-Հա, գնացել, կռվել եմ։ Բա ի՞նչ անես, որ մարդ չկար,- պատասխանում է Կամոն։
Վիրավորվելու պահին, ասում է, տաք էր, չէր զգացել, բայց վերքը հետո սկսել է անհանգստացնել։ «Մեջքս սկսել էր շատ ցավալ: 2022 թ. հոկտեմբերի 5-ին վիրահատվել եմ Ստեփանակերտի հիվանդանոցում, իմպլանտ են դրել, ասկոլկաներից երկու ծակ կա,- նշում է զրուցակիցս,- որ նայում ես ռենտգենի մեջ, պարզ երեւում է, որ ողնաշարս հավաքած է»:
Կամո Բաբայանը 43 տարեկան է։ Երկու դուստր եւ մեկ որդի ունի։ Սա ասելուց հետո ժպիտով ավելացնում է, որ նաեւ թոռնիկ ունի, որը մեր այցելության ժամանակ դեռ մեկ ամսական չկար։
Մինչեւ 2020 թ. պատերազմն աշխատում էր շինարարության ոլորտում, զոդող էր։ Ասում է ՝ երկհարկանի տուն ուներ Քարին Տակում ու Ստեփանակերտում։ Զրույցից հետո, ձեռնափայտին հենվելով, սենյակ է մտնում, պահարանից հանում լուսանկարներ ու ցույց տալիս:
Լուսանկարները, փաստաթղթերն ու փոքր փատյա խաչն այն իրերն են, որոնք նա կարողացել է վերցնել 2023 թ. բռնագաղթից առաջ: Լուսանկարներից մեկում որդու հետ են՝ Ստեփանակերտի տան պատգշամբում: Պատերազմը, կորստի ցավը, կարծես, անճանաչելի են դարձրել Կամոյին, բայց չարությամբ չեն լցրել ներսը:
«Մենակությունից չեմ բողոքում, սիրով ու ջերմությամբ եմ շրջապատված»,- ասում է նա՝ ավելացնելով, որ զավակները, հարազատները պարբերաբար տեսակցության են գալիս իրեն:
Փետրվարին ստացած ուղեղի կաթվածից տեսողությունը վատթարացել էր, խոսել չէր կարողանում: 12 օր անցկացրել է հիվանդանոցում: Հիմա, ասում է, անհամեմատ լավ է, աչքերը կիսով չափ բացվել են, բայց կաթվածի հետեւանքները դեռ երեւում են: Նյարդաբանի մոտ է գնացել, մի քանի հետազոտություններ է նշանակել:
Մահճակալի կողքին դրված պահարանի վրա՝ փոքր ռադիոընդունիչի մոտ, դրված են Կամոյի դեղերը: Ամենաէժանը 8 հազար դրամ է: Դրանք օգնում է գնել Կամոյի քույրը: Սա հպանցիկ է ասում, ապա ավելացնում, որ առայժմ դրանք չի խմում, քանի որ սպասում է ախտորոշմանը, ինչից հետո դեղերի ցանկը վերանայվելու է:
«Իմ սաղ օրն անցնում է հիվանդանոցում: Ուղեգիրն էստեղից վերցնում եմ, գնում եմ Երեւան հիվանդանոց,- ասում է նա,- գլուխս եմ ուզում նկարել: Գնացել-գրանցվել եմ «Էրեբունիում»: Դրանից հետո սկսելու եմ բուժումներս»: Նրա փոխանցմամբ՝ ՄՌՏ հետազոտությունն անվճար են կատարել «Էրեբունի» ԲԿ-ում, իսկ ԿՏ հետազոտության համար արդեն գրանցվել է:
«Իմ ընդհանուր խնդիրն այն է, որ մի լավ նյարդաբան լինի: Ով մասնակցել է իմ վիրահատությանը՝ Գուլիշանյանը, ասել է, որ եթե սաղ թղթերը պատրաստ լինեն, տանեմ, նայեն: Հիմա մի լավ նյարդաբան է պետք,- նշում է Կամոն, ապա ավելացնում,- մեր նյարդաբանին չի կարելի թերագնատել: 2023 թ. որ էս իմպլանտը շարժվել ա, էլ դեղ չի մնացել, որ չգրի»:
3 տարի առաջ Ստեփանակերտում Կամոյին ողնաշարի իմպլանտացիա էին կատարել: Սակայն հիմա տեղադրված իմպլանտները տեղաշարժվել են: Նա դեռ չգիտի, թե ինչ եղանակով են իմպլանտներն ուղղելու՝ վիրահատություն կանեն, թե ոչ:
Պատերազմում վիրավորվելուց հետո երրորդ խմբի հաշմանդամություն ուներ: Նոր ախտորոշումից հետո կսահմանվի հաշմանդամության նոր խումբը:
Մասիսի սոցիալական տանը, որը վերակառուցվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ ու Ֆրանսիայի կառավարության ֆինանսավորմամբ, մեկ տասնյակից ավելի արցախցի ընտանիքներ են ապրում:
Կամոյի հարազատները հաճախ են այցելում նրան:
-Հիմա ի՞նչի մասին եք երազում,- բակում նստած՝ հարցնում եմ նրան:
-Կարելի է ասել, ոչ մի բանի մասին,- սա ասելուց հետո մի պահ լռում է, ապա հավելում,- մենակ իմ տանը լինեմ իմ երեխեքի ու ծնողների հետ, ուրիշ ոչ մի բան։
ՀԳ. վերնագրում կատարվել է փոփոխություն
Մեկնաբանել