HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընդդիմադիրները ներկայացրել են պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծ

Ազգային ժողովի մայիսի 6-ի նիստում քննարկվել է ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների հեղինակած «Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվականից։ Առաջարկվում է ժամանակավոր հանձնաժողովի անդամների թիվը սահմանել 5, գործունեության ժամկետը՝ մինչեւ երկու ամիս:

Հիմնական զեկուցող Թագուհի Թովմասյանի խոսքով որոշման նախագիծը ներկայացնելու անհրաժեշտությունն առաջացել է 2025 թվականի մարտի 20-ին ԱԺ միջանցքում ցուցաբերած ԱԺ պատգամավորի վարքը քննելու համար: Ըստ նրա՝ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ ցուցաբերել է ակնհայտ անհարգալից վերաբերմունք: «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններն անհրաժեշտություն են համարել նման դեպքերը բացառելու նպատակով ստեղծել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով՝ քննելու պատգամավորի վարքը եւ տալու եզրակացություն՝ նման վարքի կրկնությունը բացառելու նպատակով:

«Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը վկայակոչել է նաեւ «ԱԺ պատգամավորի գործունեության եւ երաշխիքների մասին» ու «Զանգվածային լրատվության մասին» օրենքների որոշ դրույթներ, որոնք վերաբերել են լրագրողի մասնագիտական գործունեության ապահովմանն ու նրանց իրավունքներին:

«Մենք դեմ ենք ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը, կոչ ենք անում կենտրոնանալ մշտական, օրենսդրորեն ամրագրված եւ ինստիտուցիոնալ հանձնաժողով ձեւավորելու վրա՝ բոլորի մասնակցությամբ եւ վստահությամբ»,- փոխանցելով Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կարծիքը՝ տեղեկացրել է Ալխաս Ղազարյանը: Նշվել է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված է, որ հանձնաժողովի թիվը եւ կազմը ձեավորվում է խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ, որով պայմանավորված էլ հանձնաժողովը գործունակ չի լինի, քանի որ լինելու է մեծամասնության հանձնաժողով:

Իրենց ելույթներում պատգամավորները խոսել են լրագրողների իրավունքների ու պարտականությունների արդյունավետ իրացման, լրագրողների կողմից ատելության խոսքի տարածման անընդունելիության եւ ոլորտում առկա մի շարք այլ խնդիրների մասին:

«Գործընթացը նախաձեռնել ենք Հռիփսիմե Ջեբեջյանի եւ մյուս լրագրողների ստորագրությունների հիման վրա: Սա պատգամավորական գործիք է, եւ այս գործիքը կիրառելու ենք ու հնարավոր բոլոր տարբերակներով փորձելու ենք այնպես անել, որ Ջեբեջյանի պահանջն իրականացվի»,- «Պատիվ ունեմ» խմբակցության տեսակետը ներկայացնելիս փաստել է խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի խոսքով էլ քաղաքական մեծամասնությունը արդարացնում է ընդդիմադիր հատվածին վերաբերող անհանդուրժողականությունը, բռնությունը, ատելությունը, ավելին՝ պատրաստ չէ քննարկելու իրենց իշխանության մաս կազմող անձի հակաօրինական վարքագիծը:

«Էթիկայի հարցը դարձրել եք քաղաքական պայքարի մանրադրամ, իսկ մենք ՀՀ-ում պաշտպանում եւ պաշտպանելու ենք ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, լրագրողներն ունեն եւ ունենալու են իրենց մասնագիտական գործունեությունը ծավալելու առավելագույն ազատություն, եւ դրա վկայությունը ոչ թե ձեր, այլ միջազգային համապատասխան կառույցների տարեկան զեկույցներն են»,- ընդգծել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Խորհրդարանը քվեարկությամբ մերժել է որոշման նախագծի ընդունումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter