
ԱԺ-ում քննարկվել է ԲԴԽ անդամի ընտրության հարցը
Ազգային ժողովը մայիսի 6-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: ԱԺ որոշմամբ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում: Այս մասին հաղորդում է ԱԺ լրատվական ծառայությունը։
Խորհրդարանը քննարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Արմենուհի Հարությունյանին:
Թեկնածուի կենսագրությունը, աշխատանքային ուղին ու մասնագիտական որակները ներկայացրել է պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:
Թեկնածուի կենսագրությունը՝ այստեղ:
Ելույթ ունենալով՝ Արմենուհի Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել իր թեկնածությունն առաջադրելու համար, ապա անդրադարձել դատական համակարգի արդյունավետության բարձրացման եւ զարգացման ուղիներին, դատարանների անկախության հարցին, ոլորտում առկա խնդիրներին, ԲԴԽ անդամի թեկնածուի պաշտոնին հավակնելու իր շարժառիթներին:
«Կյանքիս 25 տարիները նվիրել եմ պետական համակարգում աշխատանքին, որից միայն 22-ն աշխատել եմ հենց արդարադատության ոլորտում, ի պաշտոնե իրականացրել կամ մասնակցել եմ մասնագիտական գործունեությունից բխող մոտ 40 իրավական ակտերի մշակման աշխատանքներին, ըստ որում՝ ե՛ւ քաղաքացիական, ե՛ւ քրեական, ե՛ւ վարչական ոլորտներում: Մեծամասամբ հենց դատավարական փոփոխություններ եմ ներկայացրել նաեւ ձեր դատին»,- մասնավորապես ասել է նա՝ հավելելով, որ երբեւէ իր անունը չի ստվերվել որեւէ կոռուպցիոն բնույթի կամ շահերի բախման հետ կապված գործողությամբ, կասկածով կամ ակնարկով: «ԲԴԽ-ն այն տեղն է, որտեղ պատրաստ եմ ներդնել ջանքեր, ուժեր, գիտելիք, կամք եւ ստանալ նոր որակներ, նոր փորձություններ հաղթահարել, նորովի մոտեցումներ ձեւավորել, դնել նոր նպատակներ եւ հասնել դրանց»,- հավաստիացրել է թեկնածուն:
Արմենուհի Հարությունյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են դատարանների անկախության հարցին, տնային կալանքներին, երկրում տնտեսական գործերով քրեական գործերի մեծ թվին, դատական մարմինների ծանրաբեռնվածությանը, ԲԴԽ-ի անկախությանը, դատական իշխանության ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությանը, ոլորտում կոռուպցիոն դրսեւորումներին եւ ռիսկերին, իրավական եւ բարոյական նորմերի համակցված պաշտպանությանը, արդարադատության մատչելիությանը եւ այլ թեմաների:
Լուսանկարում՝ Արմենուհի Հարությունյանը
Մեկնաբանել