HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազը դատարան է հանձնել Միքայել Մինասյանի հետ հանցակցությամբ փողերի լվացում կատարելու մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական վարույթը 

Դատախազը 2025 թվականի մայիսի 5-ին դատարան է հանձնել Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ հանցակցությամբ փողերի լվացում կատարած Ա.Մ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ հաստատված քրեական վարույթը: Այս մասին հաղորդում են Դատախազությունից։

«Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ա.Մ.-ն, Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի և Լ.Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ, կատարել է փողերի լվացում՝ ձեռք է բերել և օգտագործել, փաստացի տիրապետել և տնօրինել է հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերի գույք՝ թաքցնելով և խեղաթյուրելով այդ գույքի հանցավոր ծագումը, պատկանելությունը, իրական բնույթը և ծագման աղբյուրը: 

Մասնավորապես՝ Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանը և նրա հանցակիցները փաստացի ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվող կազմակերպությունների միջոցով 2010-2017 թվականներին քողարկված եղանակով շրջանառել են իրենց ֆինանսական միջոցները, դրանք փոխանցել են Միքայել Մինասյանի անձնական հաշվին, ինչպես նաև արտերկրում գրանցված՝ իրենց պատկանող կազմակերպության և այլ հանցակցի անվամբ Շվեյցարիայի Համադաշնության մասնավոր բանկերից մեկում բացված հաշիվներին: 

Հանցավոր ճանապարհով ձեռք բերված 24 միլիոն 798 հազար եվրոն Մ.Մ.-ն և նրա հանցակիցներն օրինականացրել են արտերկրում գրանցված կազմակերպության, նաև այլ անձանց, այդ թվում՝ Լ.Ա.-ի անվամբ հաշվառված տարբեր կազմակերպությունների միջոցով բաժնեմասեր, բաժնետոմսեր, անշարժ գույք ձեռք բերելու եղանակով: 

Նկարագրված եղանակով ձեռք են բերվել «Շանթ» ՍՊ ընկերության 48 տոկոս բաժնեմասերը: 

Մասնավորապես՝ Լ.Ա.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել «Շանթ» ՍՊ ընկերության հիմնադրի և բաժնետիրոջ հետ՝ արտերկրում գրանցված կազմակերպության միջոցով 5 միլիոն ԱՄՆ դոլարով ձեռք բերել «Շանթ» ՍՊ ընկերության 48 տոկոս բաժնեմասերը: Այդ նպատակով փաստացի Միքայել Մինասյանին և մյուս հանցակիցներին պատկանող կազմակերպությունների միջև 2011 թվականի դեկտեմբերի 19-ին ձևականորեն կնքվել է վարկային պայմանագիր, համաձայն որի՝ կազմակերպություններից մեկը պարտավորվել է 5 միլիոն 10 հազար ԱՄՆ դոլար պարտք տրամադրել մյուս կազմակերպությանը: Պայմանագիրը կնքելուց երկու օր անց՝ 2011 թվականի դեկտեմբերի 21-ին, նշված կազմակերպություններից մեկի հաշվեհամարից 5 միլիոն 10 հազար ԱՄՆ դոլար է փոխանցվել մյուս կազմակերպության՝ արտերկրում սպասարկվող հաշվեհամարին, իսկ մեկ օր անց՝ 2011 թվականի դեկտեմբերի 22-ին, այդ հաշվեհամարից 5 միլիոն ԱՄՆ դոլար է փոխանցվել Հայաստանի Հանրապետությունում սպասարկվող՝ «Շանթ» ՍՊ ընկերության հիմնադրի և բաժնետիրոջ հաշվեհամարին՝ «Շանթ» ՍՊ ընկերության 48 տոկոս բաժնեմասերի ձեռք բերման դիմաց:

Արդյունքում՝ 2011 թվականի դեկտեմբերի 27-ին «Շանթ» ՍՊ ընկերության հիմնադրի ու բաժնետիրոջ և արտերկրում գրանցված կազմակերպության միջև կնքվել է «Շանթ» ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալի բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր, որով նշված կազմակերպությունն իբրև 97 միլիոն 594 հազար դրամով ձեռք է բերել «Շանթ» ՍՊ ընկերության 48 տոկոս բաժնեմասերը:

Որոշ ժամանակ անց Լ.Ա.-ն և Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ն, նախնական համաձայնության գալով Միքայել Մինասյանի դասընկեր և մտերիմ Ա.Մ.-ի հետ, ձեռնամուխ են եղել արդեն իսկ հանցավոր ճանապարհով ձեռք բերված՝ «Շանթ» ՍՊ ընկերության 48 տոկոս բաժնեմասերի ձեռքբերման իրական բնույթը, ծագումնաբանությունը, պատկանելությունը և տնօրինման եղանակը թաքցնելուն, քողարկելուն ուղղված գործողությունների կատարմանը: Արդյունքում՝ Ա.Մ.-ն, ձեռքբերման պահին տեղեկացված լինելով «Շանթ» ՍՊ ընկերության 48 տոկոս բաժնեմասերի հանցավոր ծագում ունենալու մասին, ինչպես նաև նպատակ ունենալով օժանդակել Լ.Ա.-ին և Միքայել Մինասյանին, որպեսզի վերջիններս խուսափեն իրենց կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, 2015 թվականի հոկտեմբերի 9-ին նույն կազմակերպության հետ բաժնեմասերի առուվաճառքի ձևական գործարքի կնքման միջոցով օրինական տեսք տալով իրենց գործողություններին, իբրև 97 միլիոն 594 հազար դրամով ձեռք է բերել «Շանթ» ՍՊ ընկերության 48 տոկոս բաժնեմասերը:

Դատախազը 2025 թվականի ապրիլի 30-ին Ա.Մ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) և 2025 թվականի մայիսի 5-ին քրեական վարույթը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter