Չինարիի աշակերտները շնորհակալ են զինվորին՝ երկրի սահմաններն անառիկ պահելու համար
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 7-ին այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի և տեղում ծանոթացել իրականացված շինարարական ու կառուցապատման լայնածավալ աշխատանքներին:
Այցի շրջանակներում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ստուգել պաշտպանական և ինժեներական կառույցների հուսալիությունը: Սեյրան Օհանյանը զրուցել է դիրքապահ զինծառայողների հետ, ծանոթացել նրանց պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին: Զրույցի ընթացքում նախարարն ընդգծել է, որ սահմանային հատվածում կառուցվել են օրինակելի պաշտպանական, ամրաշինական կառույցներ և հենակետեր:
Այնուհետև Սեյրան Օհանյանը եղել է հյուսիսարևելյան սահմանները պաշտպանող զորամասում, այցելել հրաձգարան, որտեղ նույնպես ընթանում են կառուցապատման և շինարարական աշխատանքներ:
Այցի շրջանակներում նախարարը հանդիպումներ է ունեցել նաև սահմանամերձ Չինարի և Արծվաբերդ գյուղերի բնակչության հետ, լսել նրանց հուզող և մտահոգող հարցերը: Հանդիպման ավարտին Չինարի գյուղի դպրոցի աշակերտները նախարարին հանձնել են իրենց գրած շնորհակալագրերն ու բարեմաղթանքները, որոնցում կարևորել են ուժեղ պետության, ուժեղ բանակի և ուժեղ զինվորի դերն ու նշանակությունը և շնորհակալություն հայտնել ազգային բանակի զինվորին՝ երկրի սահմաններն անառիկ պահելու համար: Այս մասին հայտնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել