
Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է 970 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ու Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցները, «ՕՆԷՔՍ» ընկերության ժամանակավոր պահպանման պահեստի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին:
«Արդյունքում, բացի անձնական օգտագործման իրերից և հագուստից, հայտնաբերվել է ընդհանուր 970 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ առաքանու հասցեատերը այն պետք է ստանա «ՕՆԷՔՍ»-ի առաքանիների ստացման պահոցից:
Այդ պահոցի նկատմամբ սահմանվել է 24-ժամյա հսկողություն: Արդյունքում, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ»-ի մասնաշենքից թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ քաղաքացի Ա.Ա.-ն: Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո տեղափոխվել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, ուր նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վերջինս ձերբակալվել է:
Պարզվել է, որ նշված թմրամիջոցը նախատեսված է եղել իրացնելու տելեգրամյան հարթակում: Ձեռք բերված օպերատիվ տվյալների համաձայն՝ նշված թմրամիջոցները պետք է վերցնեին Վանաձոր-Ստեփանավան թունելի հարակից հատվածից։
Կատարվել է նշված հատվածի դարանակալում, որի ընթացքում պարզվել է թմրամիջոցները ձեռք բերող անձանց ինքնությունը։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը ներգրավվել են նաև Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներ: Նրանց աջակցությամբ թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով Ստեփանավան քաղաքի հասցեներից մեկում ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ երկու քաղաքացի, որտեղ վերջիններս ենթարկվել են ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության: Քաղաքացիները տեղափոխվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն ու նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում` ձերբակալվել:
Ներկայում, Կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել