
ԲԴԽ-ն Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է տվել և կասեցրել լիազորությունները
Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) այսօր համաձայնություն տվեց, որպեսզի Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի։ ԲԴԽ-ն որոշել է նաև կասեցնել դատավորի լիազորությունները՝ մինչև քրեական վարույթի ավարտը։
Նշենք, որ դատավորն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ առանց ԲԴԽ-ի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո:
Դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը և տվյալ գործով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը: Իսկ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:
Մինչդեռ, «Հետքը» գրել էր, որ 2025թ. ապրիլի 29-ին, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ընթանում էր 44-օրյա պատերազմի վերաբերյալ գործերից մեկը, որը նախագահում էր դատավոր Արտուշ Գաբրիելյանը։
Գործով հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը խնդրել է նիստն ընդմիջել 10 րոպեով, քանի որ շատ կարևոր զանգ է ստացել։ Ընդմիջման ժամանակ աղմուկ և իրարանցում է սկսվել դատարանի միջանցքում։ Մի քանի րոպե անց նիստերի քարտուղարը հայտարարել է, որ նիստն անորոշ ժամանակով հետաձգվում է։
Նիստին ներկա զոհվածների ծնողները, որոնք գործով տուժողներ են, ասել են, որ տեսել են՝ ինչպես են դատավոր Արտուշ Գաբրիելյանին տանում։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեից երեկ՝ 2025թ. ապրրիլի 29-ին, հայտնել էին, որ կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025թ. ապրիլի 29–ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ա. Գաբրիելյանն իբր կաշառք է վերցրել, որպեսզի իր վարույթում գտնվող գործերից մեկի քննությունն այնքան ձգձգի, մինչև անցնեն վաղեմության ժամկետները, և անձն ազատվի քրեական պատասխանատվությունից։
Ենթադրյալ կաշառքի գործով անցնում են նաև դատավորի հետ փոխկապակցված այլ անձիք։
Մեկնաբանել