HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ելի՛ր դուրս ստուերէն, ելի՛ր վեր յուսալքումէն, ելի՛ր… Շահան Շահնուր (մաս 2)

 սկիզբը

Յարալէզները կը լզէին եւ Գեղեցիկը պիտի արթննար, բայց ան այլեւս պիտի չելլէ ոտքի ...

Տարագրվելով՝ Շահնուրին թվաց, թե Պոլսում է թողնում նաև 1915 թվականը: Փարիզ հասավ, ազատ ապրելու, շնչելու և ստեղծագործելու, բայց շատ շուտով զգաց, որ իր հետ Ֆրանսիա է բերել այն, ինչն իրեն մարդկայնորեն խանգարում և տանջում էր թուրքական հպատակության մեջ՝ չարաբաստիկ 15 թիվը և հայի ծռված ճակատագիրը: Դա ողբերգություն էր: Ապրելու համար, Փարիզի մեծ պողոտաներում, նա սկսեց լուսանկարչություն անել: Իր սարքի ոսպնյակի ետևում   ամեն բան շրջված էր երևում, բայց  աշխարհն իրականու՛մ էր այդպիսին՝ գլխիվայր եղած: Նա սովորեց retouch-ի գործը` լուսանկարները գեղեցկացնելու համար: Վստահաբար շատ կուզենար  հայության կյանքում՝ թե՛ անցյալի, թե՛ ներկայի մեջ, հիմնովին շտկումներ անել: Կուզեր փոխել շատ բան: Եվ մանավանդ՝ անցյալից բարձր կանգնել, ինչպես ասում էր իր հանճարեղ  «Նահանջը առանց  երգի» վեպի Պետրոս անունով տարագիր հայը. «…. անցյալէս բարձր» լինել: Այս փափագը անձնապես Շահնուրի փափագն էր: Եվ անցյալից բարձր լինելու համար էր, որ 1923-ին հասավ Փարիզ` դառնալու մեկը գաղթական հայերից: Բայց և բացառիկ դեմքը հայ գրականության համար:  

 Փարիզը

Առաջին հայերից մեկը, ում  նա հանդիպեց օտարության մեջ և մտերմացավ գրավաճառ Կյումուշյանն էր: Կաղանդին Շահնուրը նրանից նվեր ստացավ Գյոթեի ու Շիլլերի հատորները: Դա շատ հաճելի նվեր էր: Այս գրքերի հիշատակումը մեկ անգամ ևս կհայտնվի Շահնուրի պատմության մեջ: Եվ այսպես՝ նա արվեստների քաղաքում է՝ նոր ուղղությունների և «իզմերի» ծնունդի ականատեսը և կրկին կյանքի երկու բևեռային ընկալումների խաչմերուկում: Նա հայտնվեց արվեստի ֆրանսական գերիրապաշտության մեջ, բայց չտրվեց դրան: Շահնուրը չէր ընդունում անգիտակցական կամ ենթագիտակցական մղումներով ստեղծված արվեստը: Նա վստահ էր, որ գրականությունը գիտակցության հսկողության տակ պետք է լինի: Շահնուրի մեծագույն առավելությունն այն էր, որ նա համարձակորեն մտավ համաշխարհային արվեստի հորձանուտի մեջ, բացվեց նոր, ժամանակակից եվրոպական որակների,  ճաշակի և մտքի առջև և իր պրիսմակով  անցկացրեց այդ ամենը: Քննադատաբար մոտեցավ շատ բաների, բայց և ընդունեց շատ բան: Ճանաչեց  նորը և չվախեցավ կորցնել իր հայկականությունը: Սովորեց նաև Փարիզի համալսարանի գրական բաժնում: Դա մի կարևոր դպրոց էր: Փարիզը նրան օգնեց  ընկնել ժամանակի կշռույթի մեջ: Իսկ ինչ էր պահանջում այդ կշռույթը Փարիզի հայ տղաքից, որ  ապրեցին մինչև-ը և հետո-ն՝ հիշել-մոռանալ, հիշել-անցնել առաջ, գուցե  ձևավորել նո՞րը՝ տարանջատվել հնից: Ի՞նչը ջատագովել: Հակազդե՞լ ինքնության կորստյան վտանգին: Եվ ամենից մեծ հարցը՝ ինչպես հաղթահարել անասելի Կարոտը: Ինչ էլ որոշեին, նրանք էին լինելու  մի նոր հասկացության հիմնադիրները, որ կոչվելու էր Սփյուռք: «Մենք գաղթական ենք, գաղթական չըլլալով հանդերձ: Մենք Սփիւուռք ենք: Գաղթականը կը գաղթէ, Սփիւռքը՝ ոչ: Հոս է մեր ազգային վէրքը, որ կը կոտտայ»:

«Հարդ գող» գրական խմբակը, բայց առավելապես «Մենք»-ի շարժումը հենց ուզում էր տալ այս հարցերի պատասխանը: Փառահեղ երիտասարդների մի խումբ՝ Վազգեն Շուշանյան, Նիկողոս Սարաֆյան, Որբունի, Նշան Պեշիկթաշլյան, Ռաֆայել Զարդարյան, Հարություն Ֆրենկյան, Բյուզանդ Թոփալյան, Շահան Շահնուր, Շավարշ Նարդունի և ուրիշներ կոչված էին ձևավորելու գրական Սփյուռքը՝ կարգին չիմանալով թե դա ինչ է, բայց բնազդորեն, թե ջահելական հախուռնությամբ, փորձելով ընդդիմանալ «Դուք»-ին՝ նրանց, որոնք արդեն ասպարեզում էին մինչև 15-ը: 

Ձեղնահարկում ծնվածը

«Այս տղան պիտի ըլլայ մէկը»,- անայլայլ վստահությամբ ասել էր Վահան Թեքեյանը դեռ Պերպերյան վարժարանի  սան Շահան Քերեսթեճյանի համար, երբ վերջինս ավարտական հանդեսին կարդաց իր «Լացի գիշերը» արձակ գործը: Գալիս էր ժամանակը կյանքի կոչելու մեծ ուսուցչի  մարգարեությունը: Շահանը  բնակվում էր Լյուքսենբուրգյան  այգու հարևանությամբ: 1927-ի Նոյեմբերից 1929-ի Հունվարը,  Մոմպառնասի Պրեա փողոցի «Ամերիքեան հօթել» կոչվող   թիվ 15 շենքի ձեղնահարկում, 26 ամյա Շահնուրը գրեց հանճարեղ «Նահանջը առանց երգի» վեպը: Միանգամայն նոր խոսք, նոր շունչ, բացարձակ անկեղծություն և իրատեսություն: Եվ ոչ մի կաթիլ սուտ հայրենասիրություն և գրական կեղծ «պարկեշտություն»: Բաց, ազնիվ, ճշմարիտ, իմաստուն և զգացական մի գործ: Շատ բարդ իրավիճակում հայտնված հերոսներ, հայկական հոգեկերտվածքի և ֆրանսական իրականության, անցյալի և ներկայի բախում, բայց և  կանխատեսելի  բախում ապագայի հետ՝ ազգային դիմազերծման  վախ: 1933-ին Շահանը գրեց Սիմոն Վրացյանին՝ «...Կը խորհիմ որ «Նահանջը» կ’երթայ կը կապուի իր խորքով հետեւեալ երրորդութեանը-Tourgeneff-'' Pères et enfants'', Thomas Hardy –''Jude l’obscur'', Flaubert-''L’Education Sentimentale''(Տուրգենև՝ «Հայրեր և որդիներ», Թոմաս Հարդի՝ «Աննկատելի Ջուդը», Ֆլոբեր՝ «Զգացմունքների դաստիարակություն»):

 1929թ. Հոկտեմբերին Պոլսի Սկյուտարի իրենց տան հասցեից Շահնուրը նամակ ստացավ: Գրում էր քույրը: Հերմինեն նկարագրում էր, թե ինչպես Սեպտեմբեր 24-ին, նրանք ընտանիքով նստած էին ճաշի, երբ փոստատարը փարիզյան հասցեով մի ծրար բերեց:

«Ալ ո՞վ ճաշի սեղանին կը մոտենար, որ, Շահս, պատառ մը բան չէինք կրնար ուտել այլեւս: Քու ձեռքով կապած բարակ չուանը հիմա ես կը բանայի: Տեսայ թէ գիրք մըն էր մէջինը որ կարծես  դէմքիս կը խնդար, խօսիլ կ’ուզէր հետերնիս: Կարդացինք կափարիչին վրայ Շահան Շահնուր ստորագրութիւնը: Ալ սկսայ թերթել շուտով-շուտով, դարձունել ուրախութեամբ և յուզումէս չկարենալ համբերել: ...Կ’ուզեի շուտ մը լափել զայն: Թէեւ տեքոլթէ գրուած էր,- բայց միեւնոյն ատեն շատ բարձր գրիչ մըն էիր շարժած»:  «Տեքոլթէ» ասելով՝ Հերմինեն նկատի ուներ բաց  տեսարանները:

Ցնցում «Նահանջ»ից

«Շահան «Նահանջ»ին մէջ մարգարէ մըն է»,- գրեց  գրող, հրապարակագիր, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ղեկավարներից Գևորգ Աճեմյանը: «Իր լոյս տեսած օրերուն ես չվարանեցայ այդ գրքին մէջ տեսնելու իր սերունդին անդրանիկ կատարեալ վէպը...»,- խոստովանեց Հակոբ Օշականը: «Նեխած ճահճի ծաղիկ», «աղբանոցային գրականություն... »՝ արձագանքեցին սովետական Հայաստանի կուսակցական գրողները: Սփյուռքի գրականագետներից  ոմանք նույնպես վերապահում ունեին Շահնուրի գրականության նկատմամբ: Նրան քննադատում էին  երկու, այսպես ասած, մեղանչումների. մեկ՝ գրականության մեջ էրոտիզմ բերելու, երկրորդ՝ ազգային արժեքների նկատմամբ ունեցած իբր անպարկեշտ  և  անարդար վերաբերմունքի համար: Բայց Շահնուրը ընդամենը ասում էր ճշմարտությունը: 

«Դիւուրին գործ է ամէն տեղ վարդաջուր թափել եւ ամէնուն առջեւ խունկ ծխել, բայց թող ներուի ըսել թէ ատոր մեջ չէ որ կը տեսնէնք ազգային ոգոյն ամէնէն պայծառ բոցը»,-ի պաշտպանություն, գրեց Շահնուրի լավագույն ընկեր, գրող Գեղամ Ֆեներճյանը: 

Նրան քարկոծեցին «Նահանջ»-ից» սկսած մինչև նրա հոյակապ պատմվածքներն ու հոդվածները՝ «Ավագ ուրբաթից» մինչև «Ազատն Կոմիտաս» և «Պույնուզլըները» ...  այսպիսի տողերի համար՝ «...Մեղայ հայուն վատութեանը համար, մեղայ հայուն փերեզակութեանը համար, մեղայ հայուն անբուժելի կարճատեսութեանը համար: Բայց մանաւանդ, ո՜վ Տէր, մեղա՜յ, բիւր անգամ մեղայ մեր պառաւութեանը համար: Մեր արիւնը հին է, ծեր է եւ պառաւած: Աւիշ, աւիշ պէտք էր մեզի, մեզի պէտք էր վառօդ երակներու մէջ, որպէսզի մեր դռնապանները մեզմէ վախնային: Մենք երբեւիցէ մէկը  չխածինք, մէկը չզգետնեցինք, մենք օր մը օրանց մէկուն  չյաղթեցինք որպէսզի մեզ յարգէին ծածկուած սարսափով»: Կամ ՝ «Հայը ունի լաւ նկարիչներ,  բայց ոչ նկարչութիւն, Հայը ունի լաւ դերասաններ, բայց ոչ թատերգութիւն, յոգնիլ չգիտցող  ճամփորդներ, բնաւ նաւապետ…»: Ճի՞շտ է, կամ՝ ոչ, Շահնուրը:   

«Կը խորհիմ, որ մեր աշխարհը բան մը պիտի չկորսնցնէ, եթէ  իր երեսէն հայը անհետանայ վերջնական չքացումով: Բայց ան բան մը պիտի շահի անկասկած, եթէ հայը արդիւնաւորէ, անգամ մը  եւս, իր հանճարին թաքուն ուժերը: Ի՞նչ ենք ի վերջոյ  այսօր, մեր գաղթականութեան  սա հազար ինը հարիւր երեսունեւհինգ թուականին, եթէ  ոչ թշուառ եւ խոցոտ թափառականութիւն մը, նշաւակ՝ քաղաքական կարեկցութեան, եթէ ոչ արհամարհանքի: Ի՞նչ ենք այսօր, եթէ ոչ եղերականօրէն սնանկ այլ հաւակնոտ այլանդակութիւն մը, որ քարշ կու տայ  իր քէներն ու անբուժելի վէրքերը…: Եւ եթէ պատահի որ հայ ժողովրդի ընդերքէն փայլատակէ  ինչ-որ ստեղծագործ ուժ մը, կասկած չկայ, որ նոր գեղեցկութիւն մը աւելցած պիտի ըլլայ աշխարհի գեղեցկութիւններուն վրայ: Եւ այդ գեղեցկութիւնը չի կրնար չյայտնուիլ: Այն պարզ իրողութիւնը, թէ հայը կրցեր է դիմադրել դարերու խորտակիչ  ճնշումին, ինքնին արդէն  յաղթանակ մըն է: Նոր յաղթանակը պիտի գայ այսօր եւս, քանի որ անցեալի մէջ ան մեզ շնորհուած է բազմիցս, եւ մենք այսօր  կրնանք թուել անոնցմէ չորսը-Սուրբ Մեսրոպ, Կոմիտաս, Կաթողիկէ և Անդրանիկ»:  

Շահնուրը  ճի՞շտ է, կամ ՝ ոչ ասելով, թե անհատ-ընտանիք-ազգ-մարդկություն շղթայի մեջ  «Հայը անշարժացած է երկրորդ հանգրուանին վրայ ու չէ հասած ազգութեան աստիճանին: Այսօր կան տարանջատ ընտանիքներ, բայց չկայ ազգն հայոց: Հայ պետականութեան կործանումը նման է ջերմաչափի ջախջախումին, որով նաև սնդիկի կոտորակումին: Հայ ընտանիքը սնդիկի այն ամրակուռ մետաղյայ գնդիկն է, որ կցրվուի խոլաբար: Ինքն իր վրայ գոց՝ ան կը մնայ այլամերժ եւ բացառիկ ուժով կը դիմադրէ թուրքին, որ կը կոչէ «այլազգի»: Ընտանիքի գաղափարին միսթիքը չի կրնար սակայն փոխարինել ազգային զգացումին միսթիքին: …Այսօր, մեր գաղթականութեան ներկայ վիճակին մէջ, Կոմիտասն է միայն, որ ընտանեկան հանգրուանէն բարձրացած է ազգայինին: Հոդ է իր մեծութիւնը: Կը բաւէ ըսել-«Սիրտս նման է էն փլած տներ» որպէսզի հայը հասկնայ  ուրիշ հայ մը»:

Նստած ձախից ՝ Թեոդիկ, Շավարշ Միսաքեան, կանգնած ձախից՝ Շ.Նարդունի, Շ.Շահնուր, Ն.Պեշիկթաշլեան, Մ.Քեպապճեան

Իսկ հայ գրականությա՞ն մասին ՝ «Հոն զգացականը կայ  լիովին, երազայինը գոյութիւն ունի միշտ, բայց զանոնք արժեցնող մի՛տքն է, որ կը տկարանայ  յաճախ»: Դժվար է փոխել հրաշքի սպասումի խեղճ, տկար, ոչինչ անելով՝ արդյունք ստանալու մեր ծույլ երազանքը՝  «... կարենալ կոճակի մը վրայ կոխել եւ մէկ անգամէն կործանել Թուրքիան: Յետոյ կոխել ուրիշ կոճակի մը վրայ եւ կառուցանել հրաշալի Հայաստան»:

«Պույնուզլըները»

 Իսկ Շահնուրի «Պույնուզլըները» ուղղակի դարձավ գրողին ջախջախելու  մեծ առիթ: Շահանը մեղադրվեց այլասեռությունը գրականություն բերելու համար: «Մենքը» վերջնականապես պառակտվեց: Գրական շրջանակներին դուր չեկավ, թե ինչպես են, Շահնուրի գրչի տակ, ցեղասպանություն տեսած լեգիոներական հայ երիտասարդները, վրեժ  լուծում թուրքից. Հանդիպում են թուրք քույր և եղբոր: Ստիպում է եղբորը բռնաբարել սեփական քրոջը: «...եթէ զաւակ մը ծնի, գիտե՞ս անունը  ինչ պէտք է դնես: Վրէ՜ժ, Վրէ՜ժ պէտք է դնես»: Քննադատողները բողոքեցին վրեժի այդ ձևի դեմ է: Բայց, կարծեմ թե,  Շահնուրը այս գործը գրել էր ուրիշ մի կարևոր բան արձանագրելու համար. թուրք եղբորը դուր է գալիս այն, ինչ իրեն ստիպել էին անել հայերը: Եվ, այդ օրվանից սկսած, նա անընդհատ հետապնդում և բռնաբարում էր քրոջը: Անփոփոխ  թրքական էություն: 1933-ից՝ փառահեղ «Յարալեզներու դավաճանութիւնը»-ից հետո , Շահնուրը դադարեց հայերեն գրել: 

Արմեն Լյուբենը

Ֆրանսերենը դարձավ ստեղծագործելու լեզուն: Գրեց  բանաստեղծություններ: Նկարչուհի  Մադլեն Տյունես Ֆոլենը, շատ բարձր գնահատեց Շահնուրի՝  Արմեն Լյուբեն ստորագրությամբ ֆրանսերեն ստեղծագործությունները և ուղղակի «նետեց» նրան բուն ֆրանսական գրական շրջանակից ներս: Արմեն Լյուբեն հայտնվեց ժամանակակից ֆրանսական պոետների կողքին: Նրան սպասում էին այդ երկրի գրական պատկառելի մրցանակները: Մադլենը կարծես երկնքից ընկած մանանա էր գաղթական հայի համար: Հռչակավոր նկարիչ Մորիս Դենիի դուստրը և փաստաբան ու բանաստեղծ Ժան Ֆոլենի կինը անծանոթ Փարիզում, միայնակ և կենցաղային առումով չհամակերպված գրողի համար,  դարձավ քույր, ընկեր, թիկունք և հույս: 1941-ի Կաղանդին Մադլենը Շահնուրին նվիրեց Շիլլերի և Գյոթեի հատորները: Այն նույն գրքերը, որ մոտ 20 տարի առաջ ստացել էր  գրավաճառ Կյումուշյանից: Գրեթե քառասնամյա կյանքի ընթացքում միայն երկու անգամ նվեր ստանալ, այն էլ «զարմանալիօրէն  միեւնոյն գրքերը»: Շահնուրը հարմարավետորեն տեղավորվում էր  ֆրանսական գրական կյանքում, բայց կյանքը շարունակում էր մեծ անհաջողություններ մատուցել նրան:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter