Գյումրու քաղաքապետարանը շնորհավորում է օլիմպիադայում հաղթանակած հայ մարզիկներին
Ջերմորեն շնորհավորում ենք մեր հայրենակիցներին, պանծալի հայորդիներին` փառապանծ հաղթանակների կապակցությամբ:
Ուրախություն և բերկրանք ապրեցինք Լոնդոնում անցկացվող օլիմպիական խաղերում մեր հայրենակիցների հաջողություններով, մասնավորապես գյումրեցիներ Արսեն Ջուլֆալակյանի, Արթուր Ալեքսանյանի և ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանի հաղթանակներով:
Մեր ցնծությունն առավել մեծ է, քանզի արծաթե ու բրոնզե մեդակալիրներ Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը Գյումրու քաղաքապետարանի մարզադպրոցների սաներ են: Յուրաքանչյուր մարզական ստուգատեսից հետո մենք վերլուծում ենք ձեռքբերումներն ու ակնկալիքները:
Հիշողության են գալիս 90-ականների ծանր տարիները, երբ մարզական դարբնոց Գյումրիում գործող մարզադպրոցները ավիրված, անմխիթար վիճակում էին, իսկ մարզիկների նոր սերունդ պատրաստելու մասին մտածելն անգամ հերոսություն էր:
1999 թվականից, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ղեկավարման առաջին իսկ օրերից, շեշտակի փոխվեց վերաբերմունքը մարզական բնագառավառի նկատմամբ:
Քաղաքապետարանի կողմից նախ գնվեցին մարզաբազաներ, ապա հերթականությամբ վերանորոգվեցին տարիներ շարունակ լքված և փաստացի պարապուրդի մեջ հայտնված մարզադպրոցները, այնուհետև սահմանվեցին ամսական պարգևավճարներ Աշխարհի և Եվրոպայի մեդալակիր մարզիկների համար: Դա նպաստեց նրան, որ երիտասարդ մարզիկները և վաստակաշատ մարզիչները չհեռանան մարզական լավագույն ավանդույթներ և աշխարհահռչակ մարզիկներ կռող քաղաքից: Բեկումնային աշխատաքնի շնորհիվ Գյումրու քաղաքապետարանի ենթակայությամբ գործող սպորտդպրոցների թիվը 5-ից հասավ 17-ի:
Սրանք հայրենական սպորտի փրկության և վերածնման առաջին քայլերն էին:
Դեպի մարզական հաղթարշավ տանող հետագա ճանապարհը գյումրեցի մարզիկների այսօրվա ուղին է:
Վերջին 10 տարիներին նրանց շնորհիվ Հայաստանի օրհներգը հնչել է և դեռ հնչելու է տարբեր երկրներում:
Հայաստանի հավաքականների 65%-ը գյումրեցի մարզիկներն են կազմում, որոնք Գյումրու քաղաքապետարանի մարզդպրոցների սաներն են:
Այս մասին, ցավոք, որևէ պետական ատյանում և ոլորտի պատասխանատուների կողմից երբեք չի բարձրաձայնվել, չի կարևորվել փոխելու վերաբերմունքը մարզական Գյումրուն տրամադրվող պետական հատկացումների հարցում, քանզի մեդալներ բերելու և լավագույն մարզիկներ պատրաստելու գործում Գյումրի քաղաքի մարզադպրոցների ցուցանիշները ամենաբարձր են ՀՀ-ում:
Ավելորդ չէ նշել, որ պետական բյուջեից սպորտին տրամադրվող գումարների 90%-ը հատկացվում է Երևանի մարզադպրոցներին: Մինչդեռ վերջիններիս ցույց տված մարզական արդյունքները հեռու են անգամ բավարար լինելուց:
Գյումրու քաղաքային բյուջեից սպորտի ոլորտին նպատակաուղղվող գումարը տարեկան կազմում է մոտ 300 մլն դրամ: Այս անհամամասնությունների մասին վերլուծությունները թողնում ենք առանց մեկնաբանության:
Եվ ուրեմն ճիշտ ժամանակն է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու պատկան մյուս կառույցները առանձնահատուկ մոտեցում ցուցաբերեն և արդարացիորեն վերանայեն Գյումրու մարզադպորցների նկատմամբ իրենց մոտեցումները, այդպիսով ըստ արժանվույն գնահատելով մեր երկրի անունը բարձր պահող քաղաքն ու նրա մարզիկներին:
Վերստին շնորհավորւմ ենք մեր հայրենակիցներին, մեզ բոլորիս ու պատվախնդիր մեր մարզիկներին այս հաղթանակների կապակցությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել