
«Այս պահի դրությամբ երկրաշարժից տուժածներ չկան». Նարեկ Սարգսյան
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնում է, որ առավոտյան գրանցված ուժեղ երկրաշարժից հետո 12:30-ի դրությամբ արձանագրվել է 45 հետցնցում։ Տուժածներ չկան։
«Հետցնցումային ակտիվությունը որոշ ժամանակ կշարունակվի, որի ընթացքում հնարավոր է տեղի ունենան թույլ և միջին ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություններ, որոնք բնակավայրերում կարող են զգացվել բնակչության կողմից։
Հորդորում ենք խուճապի չմատնվել, պահպանել հանգստություն և հետևել պաշտոնական հաղոդագրություններին։
Ժամը 12։30-ի դրությամբ ՆԳՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն Գյումրի և Արթիկ քաղաքներից ստացվել է 2 ահազանգ։
Գյումրիում, ըստ նախնական տվյալների, փլուզվել է վթարային տան երկշերտ պատի արտաքին շերտը՝ մոտ 2քմ։
Արթիկում, ըստ նախնական տվյալների, շենքերից մեկի 5-րդ հարկից ընկել է 2 քար։ Փրկարարները հեռացրել են թուլացած ևս 2 քար։
Այս պահի դրությամբ տուժածներ չկան, փլուզումների՝ երկրաշարժի հետ կապված լինելու հանգամանքները ճշտվում են»,- գրել է Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ժամը 09:26-ին, ուժեղ երկրաշարժ էր գրանցվել Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Մեկնաբանել