HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շենգավիթի մարզադպրոցի աշխատակիցներն ընդդեմ տնօրենի

Երևանի «Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն, մարմնամարզիկ, Գինեսի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը հայտնվել է դատական վեճերի կենտրոնում։ 2019 թվականի փետրվարին Դ. Ֆահրադյանը նշանակվել է «Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի» տնօրեն, որից հետո սկսել է ազատել աշխատակիցներին։

Դավիթ Ֆահրադյանը Հայաստանի ազգային ցատկացանցի ֆեդերացիայի նախագահն է և աշխարհի հնգակի ռեկորդակիր։ Վերջին ռեկորդը սահմանել է 2016-ին` մարմնամարզական պտտաձողի վրա կատարելով 92 անընդմեջ պտույտ՝ ձեռքերի հակառակ բռնվածքով:

Մարզադպրոցի գլխավոր հաշվապահ եւ տնօրենի ֆինանսական գծով տեղակալ Արմիկ Մարգարյանի ասելով, 2024թ. օգոստոսին, օրենքով նախատեսված ֆիզարձակուրդից վերադառնալուց հետո, նոր դեկավարը ցանկություն չի ունեցել իր հետ աշխատելու և առանց որևէ օրինական պահանջի, դիտավորյալ ամիսուկես արհեստական պարապուրդի մեջ է պահել՝ աշխատավայրում թույլ չտալով կատարել իր աշխատանքային պարտականությունները։

«Գնալ-գալով ժամանակ եմ սպանել։ Մեկ օրվա բացակայությունս էլ հիմք համարվեց ինձ աշխատանքից ազատելու համար»,- պատմեց Արմիկ Մարգարյանը։ Վերջինս հավաստիացրեց, որ որևէ տարաձայնություն չի ունեցել նոր տնօրենի հետ, որովհետև իրեն նույնիսկ աշխատելու հնարավորություն չի տրվել։ Ավելին, իր պաշտոնում արդեն մեկ այլ՝ կես դրույքով աշխատող հաշվապահ է եղել։

Արմիկ Մարգարյանը պատմեց, որ այս ամենի մասին տեղյակ է պահել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին, կրթության բաժնի պետին, Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության բաժնի պետին: Վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ՝ Արսեն Մակվեցյանի կողմից տրվել են նույնաբովանդակ պատասխաններ այն մասին, որ ՀՈԱԿ-ում կիրականացվեն ուսումնասիրություններ:

Արմիկ Մարգարյանը որոշել է դատական կարգով վերականգնվել աշխատանքում և հայց է ներկայացրել ընդդեմ տնօրենի։ Նա պահանջում է անվավեր ճանաչել աշխատանքային պայմանագիրը լուծելու տնօրենի հրամանը, նախկին աշխատանքում վերականգնել իրեն և միջին աշխատավարձի չափով գումար բռնագանձել հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար։

Արմիկ Մարգարյանի գործով դատական նիստերն ավարտվել են։ 2025 թվականի փետրվարի 22-ին դատարանը վճռել է Արմիկ Մարգարյանի հայցը մերժել՝ հիմք ընդունելով այն փաստը, որ նա չի պահպանել աշխատանքային կարգապահությունը։

Ա. Մարգարյանի դեպքը միակը չէ, մարզադպրոցի այլ աշխատակիցներ ևս դատական գործընթացներ են նախաձեռնել Ֆահրադյանի դեմ։

Թենիսի մարզիչ Լուսինե Թորոսյանը դատարան է դիմել իրեն անհարկի նկատողություն տալու համար։ Երևանի քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ազատ Դունամալյանի, այս գործը վարույթ է ընդունել և որոշել է մարզադպրոցից պահանջել մեկշաբաթյա ժամկետում դատարանին ներկայացնել վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները, վիճարկվող նկատողության համար հիմք վկայակոչված ներքին և անհատական իրավական ակտերը, Լուսինե Թորոսյանի գործունեությունը կարգավորող պայմանագրերը։ Լուսինե Թորոսյանի գործն ընթացքի մեջ է։ Վերջինս չցանկացավ մանրամասներ պատմել իր և Դավիթ Ֆահրադյանի «առճակատումից», քանի որ գործը դատարանում է և վերջնական ակտ դեռևս չկա։

Տնօրենի դեմ աշխատանքից ապօրինի ազատելու փաստով 2021թ․ հունիսին դատական հայց է ներկայացրել նաև վոլեյբոլի մարզիչ Սմբատ Գևորգյանը։ Սակայն տնօրենը դատական գործի վարույթը կարճելու միջնորդություն է ներկայացրել՝ նշելով, որ 2021թ. սեպտեմբերին կայացրած մեկ այլ հրամանով արդեն իսկ անվավեր է ճանաչվել այս վեճի առարկա հրամանը, և Սմբատ Գևորգյանն արդեն իսկ վերականգնվել է իր աշխատանքում։ Առաջին աշխատանքային օր է սահմանվել 2021թ․ հոկտեմբերի 1-ը։ Ավելին, նույն հրամանով սահմանվել է, որ աշխատողին վճարվելու է պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար նախատեսված գումարը` 2021թ․ մայիսի 21-ից մինչև նույն թվականի սեպտեմբերի 30-ը։

Սմբատ Գևորգյանը մեզ ասաց, որ թեեւ իրեն վերականգնել էին, բայց իր իսկ նախընտրությամբ տեղափոխվել է այլ դպրոց՝ չցանկանալով աշխատել գործող ղեկավարի հետ։

Մեկնաբանություններ ստանալու նպատակով կապ հաստատեցինք նաև տնօրեն Դավիթ Ֆահրադյանի հետ։ Նա հեռախոսազանգով չցանկացավ մեկնաբանություն տալ, այլ հրավիրեց Արմիկ Մարգարյանի գործով դատական նիստին, որտեղ, իր խոսքով, ամեն ինչ պարզ կդառնա։

Արմիկ Մարգարյանի գործով փետրվարի 12-ի դատական նիստին Դավիթ Ֆահրադյանն ու ներկայացուցիչը ևս ներկա էին։ Սակայն նիստի ավարտին մեր հարցերին Դ․ Ֆահրադյանը կրկին հրաժարվեց պատասխանել կամ որևէ մեկնաբանություն տալ։ Նրա փաստաբան Վահե Դալալոյանը նշեց, որ սովորական աշխատանքային հարաբերություններ են, բոլոր կազմակերպություններում էլ նմանատիպ խնդիրներ լինում են, զարմանալի և արտասովոր ոչինչ չկա։

Դ. Ֆահրադյանի նշանակումից ի վեր աշխատանքից այլ աշխատակիցներ ևս ազատվել են, սակայն նրանք չեն ցանկացել դատական կարգով բողոքարկել տնօրենի հրամանները։ Օրինակ՝ ուսումնական և տնտեսական գծով 2 փոխտնօրեններ, մարզիչներ, բանվորներ, մաքրուհիներ։

Երևանի քաղաքապետարանի ենթակայության այս կառույցի տնօրենի` նշանակումից հետո տեղի ունեցող ազատումների մասին պարզաբանումներ ստանալու նպատակով քաղաքապետարան հարցում ուղարկեցինք` խնդրելով պատասխանել նաև այն հարցին, թե նրա նշանակումից հետո քանի աշխատակից է ազատվել աշխատանքից:

Մեր հարցմանը մասնակի պատասխանել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը` նշելով, որ «Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի աշխատակիցներն աշխատանքից ազատվել են օրենքով սահմանված կարգով` համապատասխան հիմքերով: «Միաժամանակ տեղեկացնում եմ, որ դատական կարգով քննվող գործերը հնարավոր է մեկնաբանել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռից հետո»,-նշել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը:

Սյունե Կիրակոսյան

ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter