HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Բաքվի դատարանում հրապարակվել է Ռուբեն Վարդանյանին առաջադրված մեղադրանքների մի մասը

Փետրվարի 13-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործի քննությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։ 

Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը գրում է, որ դատական ​​նիստին մասնակցել են տուժողները, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, պետական ​​մեղադրանքը պաշտպանող դատախազները, ինչպես նաև Նախարարների կաբինետի ղեկավար Ռուֆաթ Մամեդովը՝ ադրբեջանական պետության անունից։

Նիստի սկզբում Ռուբեն Վարդանյանը և նրա փաստաբան Ավրահամ Բերմանը դատարանին խնդրել են պայմաններ ստեղծել գաղտնի հանդիպման համար։ Դատարանը բավարարել է միջնորդությունը և հայտարարել նիստի ընդմիջում։ Ընդմիջումից հետո Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պետության կողմից ​​նշանակած իր պաշտպան Ազեր Մագերամովի ծառայություններից և ասել, որ իր իրավունքների պաշտպանությունը շարունակվելու է պայմանագրային փաստաբան Ավրաամ Բերմանի հետ։ Մեղադրող կողմն ու տուժողի ներկայացուցիչը չեն առարկել միջնորդության դեմ։ Դատարանը բավարարել է միջնորդությունը։ Այնուհետև նիստը շարունակվել է, և ընթերցվել է մեղադրական եզրակացությունը։

Գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների գծով օգնական Թուգայ Ռահիմլին, «Ազերթաջ»-ի հաղորդմամբ, հայտարարել է «Հայաստանի կողմից ադրբեջանական բանակի պաշտպանական զինանոցին և Ադրբեջանի էկոլոգիային և բնությանը հասցված վնասի մասին»։

Նշվել է, որ «1980-ականների վերջից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 20-ը ծառերի, թփերի և այլ կանաչ տարածքների ոչնչացման, ջրային աղբյուրների, ջրավազանների և ջրամբարների աղտոտման, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողերի ոչնչացման հետևանքով Ադրբեջանին հասցվել է ավելի քան 13,4 միլիարդ մանաթի նյութական վնաս, իսկ ադրբեջանական բանակի պաշտպանական զինանոցին դիտավորյալ հասցվել է ավելի քան 908 մլն մանաթի չափով վնաս»։

Գլխավոր դատախազության պաշտպանության վարչության պետ Նասիր Բայրամովն էլ հրապարակել է Ռուբեն Վարդանյանին առաջադրված մեղադրանքները։

Ըստ մեղադրական եզրակացության՝ «Ռուբեն Վարդանյանը 2022 թվականի սեպտեմբերին ապօրինի հատել է Ադրբեջանի պետական ​​սահմանը և բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում՝ ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման տարածքում»։

Վարդանյանը մեղադրվում է նաև նրա համար, որ «հավաքել է իրեն և օտարերկրյա քաղաքացիներին պատկանող միջոցները՝ աջակցելով Ադրբեջանի օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումներին և խմբավորումներին»։

Նշվում է, որ Ռուբեն Վարդանյանն «ամսական աշխատավարձ է վճարել տեղական ինքնապաշտպանության ստորաբաժանումների, ինչպես նաև այլ զինված կազմավորումների և խմբերի, որոնք հիմնականում բաղկացած են պրոֆեսիոնալ զինվորներից, ինչը նախատեսված չէ ադրբեջանական օրենսդրությամբ»։ 

Ըստ մեղադրանքի՝ «նա նաև դավադրության մեջ է մտել VоMa ահաբեկչական կազմակերպության հիմնադիր Վլադիմիր (Վովա) Լևանովիչ Վարտանովի հետ և ֆինանսական միջոցներ տրամադրել՝ հրահանգիչների վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու համար՝ նպատակ ունենալով ահաբեկչական գործողություններ իրականացնել Ադրբեջանի քաղաքացիների դեմ»։

Ադրբեջանը Վարդանյանին մեղադրում է նաև նրանում, որ զենիթային հրթիռներ և այլ համակարգեր ստեղծելու նպատակով նա համաձայնել է բանակցություններ վարել Ռուսաստանի Դաշնության տարածքում գործող AKVA ընկերության պատասխանատու անձանց հետ: Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը գրում է նաև, որ Ռուբեն Վարդանյանը «բանակցություններ է վարել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) գնման համար»։

Ըստ մեղադրանքի՝ Ռուբեն Վարդանյանը «նախաձեռնել է «Նեմեսիս-2» ահաբեկչական գործողությունը՝ նպատակ ունենալով ահաբեկչություն իրականացնել օտար երկրներում Ադրբեջանի դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչների, իրենց ծառայողական պարտականությունները կատարող քաղաքացիների նկատմամբ»։

Հաշվի առնելով մեղադրական եզրակացության մեծ ծավալը՝ նշվել է, որ դրա հրապարակումը կշարունակվի հաջորդ դատավարությանը։ Հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է փետրվարի 17-ին։

Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանի գործն անջատվել է Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմա-քաղաքական մյուս ղեկավարների գործից և քննվում է առանձին վարույթով։ Նրան առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է մինչև ցմահ ազատազրկում: Ռուբեն Վարդանյանը իր գործով առաջին նիստից առաջ՝ հունվարի 16-ին, ընտանիքի հետ հեռախոսազանգի միջոցով ուղերձ էր փոխանցել, որում նշել էր, որ մինչև հիմա իրեն հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը։ Ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ինքը չի տիրապետում, և դրա համար հատկացվել է բավականին կարճ ժամանակահատված։ 

Նա նաև նշել էր, որ ճնշում է գործադրվել իր, իր փաստաբանի և թարգմանչի վրա, որպեսզի ստիպեն ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ: Վարդանյանը պահանջում է բաց, հրապարակային դատաքննություն։

Ռուբեն Վարդանյանին առաջադրված մեղադրանքների թվում են Ադրբեջանի Քրեական օրենսգրքով նախատեսված հետևյալ հոդվածները՝ 100 (ագրեսիվ պատերազմ ծրագրել և վարել), 107 (բնակչության արտաքսում կամ բռնի տեղահանում), 109 (հալածանք), 112 (ազատազրկում միջազգային իրավունքի խախտումով), 113 (խոշտանգումներ), 114 (վարձկանություն), 115 (պատերազմի օրենքների կամ սովորույթների խախտում), 116 (միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված հակամարտությունների ժամանակ), 214 (ահաբեկչություն), 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 218 ( հանցավոր համայնքի (կազմակերպության) ստեղծում), 228 (ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, տեղափոխելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 270-1 (ավիացիոն անվտանգությանը սպառնացող վտանգներ), 278 (Իշխանության բռնությամբ զավթում կամ իշխանության բռնի պահպանում, պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխություն), 279 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում), 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական ​​սահմանի ապօրինի հատում) և Քրեական օրենսգրքի այլ հոդվածներ։

Գլխավոր լուսանկարը՝ Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter