
Հայաստանը հայտարարում է Եվրոպական Միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին. Սիսակ Գաբրիելյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը Ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացը մեկնարկել է։
«Հայաստանի Հանրապետությունը՝ արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանի Հանրապետությունը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր հայտարարում է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին։
11.02.2025 ՀՀ Ազգային Ժողովում սկսվեց համապատասպան օրենքի նախագծի ընդունման գործընթացը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Կառավարությունը 2025թ. հունվարի 9-ին դրական դիրքորոշում էր ներկայացրել «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
«Այս օրենքի ընդունումից հետո Եվրամիության հետ պետք է քննարկենք այն ճանապարհային քարտեզը, որն իրենք են պատկերացնում և որը մենք ենք պատկերացնում, և իրար հետ ճանապարհային քարտեզ մշակենք»,- նշել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մեկնաբանել