
Իլոն Մասկը 97,4 միլիարդ դոլարով ցանկանում է գնել OpenAI-ը
Իլոն Մասկի ղեկավարած ներդրողների կոնսորցիումը առաջարկել է 97,4 միլիարդ դոլարով ձեռք բերել ChatGPT-ն ստեղծած OpenAI-ի ոչ առևտրային կազմակերպությունը։ SpaceX-ի ղեկավարի փաստաբան Մարկ Տոբերոֆը The Wall Street Journal-ին հայտնել է, որ հայտը փետրվարի 10-ին ներկայացվել է OpenAI-ի տնօրենների խորհրդին: Միլիարդատերը կարծում է, որ ընկերությունը շեղվել է իր առաքելությունից և կենտրոնացած է գումար աշխատելու վրա։
«Ժամանակն է, որ OpenAI-ը վերադառնա բաց կոդով, անվտանգության վրա կենտրոնացած ուժի, ինչպես նախկինում էր»,- ասել է Մասկը՝ Տոբերոֆի տրամադրած հայտարարության համաձայն:
OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը Իլոն Մասկի X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում մերժել է առաջարկը՝ պատասխան առաջարկ ներկայացնելով։
«Ոչ, շնորհակալություն, բայց մենք կգնենք Тwitter-ը 9,74 միլիարդ դոլարով, եթե ցանկանաք»,- գրել է Ալթմանը։
no thank you but we will buy twitter for $9.74 billion if you want
— Sam Altman (@sama) February 10, 2025
Մասկը 2015-ին ստեղծված OpenAI-ի համահիմնադիրերից և առաջին խոշոր ներդրողներից է։ 2018-ին նա հայտարարել էր ընկերությունից հեռանալու մասին՝ ասելով, որ ցանկանում է կենտրոնանալ Tesla-ի արհեստական բանականության նախագծերի վրա։
2024-ին Իլոն Մասկը դատական հայց էր ներկայացրել OpenAI տեխնոլոգիական ընկերության և նրա ղեկավարների դեմ։ Ըստ միլիարդատիրոջ՝ ChatGPT-ն ստեղծողները հրաժարվել են ստարտափի սկզբնական առաքելությունից՝ զարգացնել արհեստական բանականությունը՝ ի շահ մարդկության և ոչ թե շահի:
Գլխավոր նկարում՝ ձախից՝ Սեմ Ալթմանը, աջից՝ Իլոն Մասկը/©Tyler Le/BI
Մեկնաբանել