HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համակենտրոնացման ճամբարների քանոնահարը. Արա Սևանյան (Արշավիր Ֆերջուլյան) մաս 3

Սկիզբը

Ամերիկան

Շքեղ Նյու Յորքն իր նեոնային լույսերով եվրոպական ավերված, ծխացող, դժոխային քաղաքներից հետո անպատմելի տպավորություն էր թողնում: Ինչպես կարող է Երկիր մոլորակի վրա այսպիսի մեծ հակադրություն լինել: Բայց Նյու Յորքը չէր ամերիկյան իր նոր հասցեն: Եվ Ջորջ Մարտիկյանը շուտով նրան դիմավորեց Սան Ֆրանցիսկոյում և իր «Օմար Խայամ» ռեստորանում բարի գալուստի մեծ ընդունելություն կազմակերպեց:

«Հայաստանում ես վճարվում էի իմ աշխատանքի համար: Գերմանիայում՝ ևս: Ostministerium-ը ինձ ամսական 600 մարկ էր վճարում համերգների համար... ԱՄՆ-ում ես ստիպված եմ աման լվանալ ընտանիքս պահելու համար և ոչ ոք չի վճարում իմ երաժշտության համար»: Ոչ միայն աման լվանալ, այլև նպարավաճառի մոտ աշխատել, առաքիչ դառնալ... Ընտանիքը կարիքի մեջ չէր կարող թողնել: Մանավանդ արդեն երկրորդ երեխան ուներ՝ Անահիտ-Դիանան: Կյանքն ավելի բարդացավ, երբ Սան Ֆրանցիսկոյի օդը բժիշկները վնասակար համարեցին կնոջ՝ Նինայի համար, և Արան ստիպված էր ընտանիքը Լոս Անջելես տեղափոխել և սկսել նորից: Անցնել չարչարանքների և մարտահրավերների նոր քավարանով: Բայց ամենից մեծ մարտահրավերը կնոջ երկտողն էր: Նրանք՝ պատերազմի և համակենտրոնացման ճամբարների դառնությունները ճաշակած ամուսինները, բաժանվեցին: Ամերիկյան այս խաղաղությունը, որտեղ չկար ռումբերի տարափ, չկային ավերակներ, այսուայն կողմ թափված դիակներ, որտեղ միակ «պատերազմը» ապրուսի հարցն էր, կտրեց պրկված նյարդը: Ալիշանը արդեն 12 տարեկան էր, երբ մայրը իրեն թողեց հոր մոտ և դստեր հետ գնաց մոր տուն: Այդուհանդերձ երեխաները շատ էին կապված երկուսի հետ էլ: Ալիշան-Ալեքսը շատ լավ գիտնական դարձավ մոլեկուլային դեղագիտության ասպարեզում: Դիանան՝ երգչուհի և կենդանիների պաշտպան: Երբ ամուսնացավ, տեղափոխվեց Կոլորադո Սփրինգս և մորն էլ տարավ հետը: Ապահարզանի օրերին Արա Սևանյանը գրեց իր «Սան Ֆրանցիսկո»-ն:

Ալիշան Սևանյան՝ որդին ինտերնետ.png (322 KB)

Ալիշան Սևանյան

Աշխարհի ամենից համեղ այն պատառի վերհուշը

Այդ վերհուշը Արա Սևանյանին հետ տարավ Գերմանիա. դա համակենտրոնացման ճամբարի վերակացուի բուտերբրոտի անմահական մնացորդն էր՝ գետնին նետված: Հետո՝ պատերազմի ավարտին, Շտուտգարդի հրեական ստորգետնյա շուկան էր, որի մշտական հաճախորդն էր դարձել: Այստեղ վաճառվում էր ամեն բան, փոխանակվում էր ուտելիքը ածուխի, կամ կարագը՝ թարմ մրգերի հետ: Չէր մոռացել իր երազանքի մասին՝ մեծ բոքոնի մեջ մի լավ կարագ քսել, գուցե բեկոն դնել, վրան՝ պանիր և անուշ անել ...

Լոս Անջելեսի տարբեր հասցեներում Արա Սևանյանը սկսեց բուրգեր վաճառել: Առաջին անգամ Մատուշինսկի անունով մի ռուս ընկեր վստահեց իր բուրգերի կետը՝ Ազուսայի կողմերում: Հետո մեկ այլ կետ՝ Վինսնթ և Բրբենք պողոտաների անկյունում: Իսկ որոշ ժամանակ անց Սևանյանը Սան Ֆերնանդոյի Վան-Նայս և Օքսնրդ անկյունում բացեց իր սեփական կետը։ Հացի մեջ արագ-արագ դարսում էր ինչ-որ պետք էր, «օծում» զանազան թացաններով, հմտորեն փաթաթում պերգամենտի մեջ և հրամցնում հաճախորդներին: Տարածքը ամսական 60 դոլարով վարձակալել էր մի հրեայից՝ էլմեր Հումաս անունով: Արան զարմացած հիշում էր մի պատմություն՝ կապված այս մարդու հետ: Երբ հիվանդանոց ընկավ վիրահատության, ստիպված մի ամբողջ ամսով բուրգերի կետը փակեց: Ապաքինվելուց հետո, երբ Էլմարին փորձեց հանձնել նախորդ ամսվա վարձակալության գումարը․ «Դու շահույթ չես ունեցել, ես չեմ կարող քեզնից գումար վերցնել»,- լսեց վարձատուի առարկությունը: Գուցե իրենից էր, որ միշտ հանդիպում էր ազնիվ և հոգատար մարդկանց: Սեփական բիզնես ունենալն ազատություն տվեց Արային: Նա շարունակեց երաժշտությամբ զբաղվել։ Թեպետ իր ամերիկյան բրդուճները լավ էին վաճառում, բայց կուզենար իր երաժշտությունը վաճառել: Շուտով մի փոքրիկ խորամանկության դիմեց: Սրճարանում միացնում էր քանոնի իր կատարումների ձայնագրությունները: Մարդիկ հետաքրքրվում էին այդ անսովոր երաժշտությամբ և ձեռք բերում ժապավենները: Բայց կարոտել էր լուրջ բեմերին:

Եվ մի օր 1972-ին...

Արամ Խաչատրյանը հայտնվեց սրճարանի դռների մեջ: Ամերիկյան հյուրախաղերի շրջանն էր: Արեց ամեն բան, որ Սևանյանը քանոնի կատարումով մասնակցի Բոստոնի Ջորդան համերգասրահում կազմակերպվող իր համերգին, իսկ հետո էլ հայտնեց իր բարձր կարծիքը Սևանյանի մասին: Հասկանալի է, թե երաժշտական աշխարհում ինչ էր նշանակում Խաչատրյանի գովեստը: Նույն այդ ժամանակ, երբ մեծ կոմպոզիտորն ամերիկյան շրջագայության էր, Հայ սիմֆոնիկ երաժշտության ընկերության հիմնադիրը՝ դիրիժոր Վարուժան Գոճյանը, աշխատում էր Լոս Անջելեսի Դորթի Չենդլր սրահում և նշանակվել էր հռչակավոր Զուբին Մեթայի օգնական: Նվագախումբը կատարեց Խաչատրյանի կոնցերտներից մեկը, ինչպես նաև նվագացանկում ավելացրեց Սևանյանի Սիմֆոնիկ էսքիզները և, «մի բան էլ իմ դասընկեր Էդուարդ Միրզոյանից»,- հիշում է Արան: Արամ Խաչատրյանը իր հռչակով բարձրացնում էր հայրենակիցներին, ճանապարհ հարթում օվկիանոսից այն կողմ, ինչպես արել էր Ստալինի օրոք Մոսկվայում:

Ձախից՝ Ա. Սևանյան, կինը՝ Նինան, Ա. Խաչատրյան, 1972թ. Լոս Անջելես.jpg (1.06 MB)

Ձախից՝ Ա. Սևանյան, կինը՝ Նինան, Ա. Խաչատրյան, 1972թ. Լոս Անջելես

Էսթերը

Ընկերները Արա Սևանյանին փոխանցեցին Էսթեր Ստամբուլյանի հեռախոսահամարը և համոզեցին անպայման զանգահարել նրան և ժամադրություն խնդրել: Հոգու խորքում հույս փայփայելով, որ իրար կհավանեն և մի բան կստացվի: Էսթերը համաձայնեց հանդիպել Արային, մանավանդ երբ իմացավ, թե ով է փոխանցել իր թիվը: Առաջին ժամադրությանը Արան մի քիչ «վտանգավոր» բան արեց. հարցրեց՝ արդյոք Էսթերը չի նեղվի, եթե ժամադրության գա իր որդու՝ Ալիշանի հետ: Նրան մենակ չի կարող թողնել տանը: Անակնկալի եկած կինն, այնուամենայնիվ,  համաձայնեց: Բարեբախտաբար, միմյանց վրա շատ լավ տպավորություն թողեցին: Էսթերը բավական բարեկեցիկ կին էր, աշխատում էր Bank of America-ի խոշոր բիզնեսի վարկավորման վարչությունում և, բնականաբար, հարուստ հաճախորդներ ուներ: Այնպես որ, ուր գնում էին, լիներ ռեստորան կամ մեկ այլ վայր, բոլորը հատուկ վերաբերմունքի էին արժանացնում նրանց: Շուտով ամուսնացան: Էսթերը իր կապերը բանեցրեց Արայի համերգային գործունեությանը մեծ թափ հաղորդելու և ճանաչելիությունը բարձրացնելու համար: Դարձավ ամուսնու թիկունքը: Բախտավոր աստղի տակ ծնված Արա Սևանյանը, թեև կյանքի ընթացքին բազում վտանգավոր պատմությունների միջով անցավ, բայց միշտ հաղթահարեց դրանք և անվնաս մնաց, ինչ-որ առումով էլ՝ շահած: Բայց նրանց համատեղ կյանքը տևեց միայն 20 տարի: Ծանր հիվանդությունը ընդհատեց Էսթերի կյանքը՝ Արային մենակ թողնելով իր երաժշտության և քանոնի հետ:

Աշխարհը լեցուն է բացառիկ մեղեդիներով...

Իր երազանքը՝ քանոնն «ամուսնացնել» երաժշտական այլ գործիքների հետ, կատարվեց: Նրա քանոնը հնչեց ջութակի, ֆլեյտայի, կլարնետի հետ: Լորիս Ճգնավորյանը մի օր նրան ասաց՝ «Ինչո՞ւ չես գրում քանոնի և նվագախմբի համար»: Եվ շուտով Սևանյանի քանոնը հնչեց նաև սիմֆոնիկ նվագախմբի բազմաձայնության մեջ: Ամերիկա գալուց ի վեր՝ 150-ից ավել ստեղծագործություն, քանոնի «գահակալություն» սիմֆոնիկ և կամերային բեմերում: Վարուժան Գոճյանը, Վախթանգ Ժորդանիան ամենահայտնի սրահներում հնչեցնում էին Արա Սևանյանի գործերը: Ամերիկան սկսում էր ճանաչել և գնահատել նրան: «Աշխարհը լեցուն է բացառիկ մեղեդիներով, որոնք երբեք չեն հնչում բեմերից»: Արան շատ էր գնահատում Անդրե Սեգովիային, որը դասական երաժշտությունը բեմ բարձրացրեց իր կիթառով: Քանոնը ավելի զարմանահրաշ գործիք էր Սեգովիայի երաժշտական մարտահրավերը ընդունելու համար: «Ես դեռ չգիտեի, որ Հայաստանի երաժշտությունը արևմուտք բերելը իմ կյանքի գործն էր լինելու»:

Ձեր որդին ողջ է...

Հավերժություն թվացող 5 տարի Արա Սևանյանը լուր չուներ Երևանում գտնվող իր ընտանիքից: Ողջ են, մեռած են, կամ բռնադատվա՞ծ հոր պես: Ընտանիքն էլ վստահ էր, որ իրենց Արշավիրն այլևս չկար: Ամերիկայում հայտնվելու առաջին իսկ պահից մեկ հրատապ գործ ուներ՝ տեղեկություն ստանալ և փոխանցել: Երևանի Չելյուսկինցիների փողոցի իրենց տան հասցեով նամակ ուղարկելը վտանգավոր էր: Գտավ մի ծանոթ մարդ, որ պատրաստվում էր այցելել Երևան: Սա թակեց Ֆերջուլյանների տան դուռը՝ «Ձեր որդուց տեղեկություն եմ բերել»: Երկար սպասեց, մինչև կբացեն: Անծանոթ մարդը նախ կասկածելի թվաց, բայց, այդուհանդերձ, դուռը բացեցին: Ինչևէ՝ հայրը, որ արդեն աքսորից վերադարձել էր, և ընտանիքի մյուս անդամները ապշահար էին: Լսելով որդու ճակատագրի վայրիվերումների, նրան օգնած մարդկանց մասին, հայրը հասկացավ, որ Պոլսից մի օր իրենց տանը հայտնված և փոքրիկ Ֆերջուլյանին կախարդած ՔԱՆՈՆ-ը, թերևս արժանի է մեծ երախտագիտության: Հայրը գործիքն ուղարկեց որդուն: Արան Լոս Անջելեսի իր տանը միավորեց պատանեկության և համակենտրոնացման ճամբարների իր երկու ուղեկիցներին:

Սպասելով մահվան...

Արա Սևանյանը աշխարհի 2 հասցեներում ի պահ տվեց իր անհավանական կյանքի մանրամասներն ու ստեղծագործությունները. նոտաները՝ Սուրբ Ղազար կղզում, իսկ մնացածը՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի պահոցում: Հուսալով գուցե, որ թոռների ու ծոռների՝ Դավիթի, Էնդրյուի, Դենիի, Էլիզաբեթի, Փէյջի և դեռ ծնվելիք Ֆերջուլյան-Սևանյանների հիշողության մեջ չի խամրի իր աներևակայելի շրջադարձերով լեցուն կյանքի պատմությունը:

«Միշտ երախտապարտ եղիր այն ամենի համար, ինչ ունես»: Սա իր մոր պատգամն էր, որ լսել էր անվերջ փոքր հասակից: Եվ գուցե հենց այս բանաձևն էր, որ փրկեց ցեղասպանությունից մինչև գերմանական համակենտրոնացման ճամբարներ և Ամերիկա ձգված իր 96 տարիների կյանքը: Դա էր, որ դեպի իրեն բերեց ազնիվ և գնահատող մարդկանց՝ Արամ Խաչատրյանին, Մարիուպոլից անծանոթ հայ աղջկան, ՍՍ-ի ուսադիրներով Թորոսյանին և Ֆրենթզելին, նույնիսկ hauptsturmführer Շուլցին, որն անձամբ Արային ուղեկցեց կայարան և նստեցրեց Վարշավա մեկնող գնացքը՝ քեռի Արամին այցելելու համար, հենց քեռի Արամին, Կոմսին՝ Վահան Փափազյանին, Լիի Չեմբեռլենին, Նինային՝ առաջին կնոջը, Էսթերին՝ 2-րդ կնոջը, Ջորջ Մարտիկյանին, ամերիկյան բանակում ծառայող այն հայ կնոջը, ծերուկ էլմեր Հումասին՝ սրճարանի իր վարձատուին, Լորիս Ճգնավորյանին...

Սա էր 2011թ. հունվարի 4-ին Կալիֆոռնիայի Միշն Հիլզ 15105 հասցեում գտնվող Արարատ տանը մահացած բացառիկ քանոնահար և կոմպոզիտոր Արա Սևանյանի, երբևէ Արտաշես Ֆերջուլյանի, կյանքի պատմությունը:

Լուսանկարում՝ ձախից՝ Ա. Խաչատրյան, Քերոբ Առաքելյան, Արա Սևանյան, 1972 ԱՄՆ:
Լուսանկարը տրամադրել է Ա. Խաչատրյանի տուն-թանգարանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter