HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայքար արժանապատիվ սգի և հուղարկավորության համար․ Զեկույց

«Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոն»-ը և «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ը համատեղ զեկույց են հրապարակել Լեռնային Ղարաբաղում ժամանակավոր հուղարկավորությունների 46 դեպքերի վերաբերյալ։ 

«2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության սահմանի ամբողջ երկայնքով։ Ռազմական գործողությունների հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, իսկ Արցախի ամբողջ բնակչությունը՝ 120000 հայեր բռնի տեղահանվել են իրենց պատմական հայրենիքից։ Նախքան ռազմական գործողությունները Ադրբեջանը ավելի քան 9 ամիս լիակատար շրջափակման մեջ է պահել Արցախը, այդպիսով սովի և տառապանքների ենթարկելով բնակչությանը։ Արգելափակելով Լաչինի միջանցքը Ադրբեջանը խախտել է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը՝ հաշվի առնելով այն, որ Լաչինի միջանցքն Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է։ Չնայած միջազգային հանրության ճնշումներին և կոչերին, ի դեմս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Արդարադատության միջազգային դատարանի որոշումների, Ադրբեջանը չի բացել միջացքը։ Այն բացվել է միայն սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո՝ բռնի տեղահանում իրականացելու համար։

Մեկ օր տևած ռազմանակ գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների թաղման արարողությունները իրականացվել են ոչ պատշաճ ձևով։ Հանգուցյալների հարազատները ստիպված են եղել իրենց սիրելիների մարմինները հուղարկավորել եղբայրական, զանգվածային գերեզմաններում, նույնիսկ սեփական տների բակերում։ Իսկ ժամանակավոր թաղման վայրերը չեն կարող հանդիսանալ որպես գերեզմաններ։ Հաշվի առնելով հայերի գերազմանները պղծելու Ադրբեջանի վաղեմի պրակտիկան՝ հանգուցյալների աճյունները ոչնչացման վտանգի առաջ են կանգնած։ Նման պղծումը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի, եթե արդեն տեղի չի ունեցել։ Արցախում Ադրբեջանի կողմից պղծված գերեզմանների արբանյակային լուսանկարները կից տեղեկություններով փաստագրվել են Caucasus Heritage Watch-ի (CHW) կողմից։ CHW-ի համապատասխան զեկույցներից տեղեկանում ենք, որ ավիրվել է 5 գերազմանոց, 5-ը՝ վնասվել են, իսկ 4-ը համարվում են վտանգված:

Հաշվի առնելով իրավիճակի հրատապությունը և միջազգային հանրության անհապաղ, վճռական գործողությունների կարևորությունը՝ «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոն»-ը «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ի հետ համատեղ զեկույց է պատրաստել։ Զեկույցի մեջ ամբողջացված է Լեռնային Ղարաբաղում ժամանակավոր հուղարկավորությունների 46 դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն։

Հանգուցյալներից 21-ը սպանվել են մարտական գործողությունների ժամանակ, 2 մարդ սպանվել է անօդաչու թռչող սարքի, հրետանու կամ բեկորային վնասվածքի հետևանքով: Դեպքերից 3-ը եղել են քաղաքացիական անձանց մահվան դեպքեր, այդ թվում՝ 9-ամյա մի տղա, որը զոհվել է Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության վրա օդային հարձակումների հետևանքով։ Զոհվածների ժամանակավոր թաղման արարողությունները կազմակերպել են ընտանիքի անդամները՝ արտակարգ հրատապության պայմաններում։ 46 հանգուցյալները թաղված են Ստեփանակերտի զինվորական պանթեոնում, Ճարտարի, Մարտունու, Ներքին Հոռաթաղի, Խնապատի, Արմենավանի, Վանք գյուղի, Գիշիի, Մուշկապատի, Կոլխոզաշենի և Խնձրիստանի գերեզմանատներում։ Թաղման վայրերի ճնշող մեծամասնության ճշգրիտ կոորդինատները տրամադրել են հանգուցյալների ընտանիքների անդամները։ Այդ տվյալները ստուգվել և գծագրվել են Google map-ի վրա։ Այն ներկայացված է զեկույցում։

Բռնի տեղահանության հանգամանքով պայմանավորված ընտանիքները չեն կարողացել պատշաճ կերպով կազմակերպել կամ մասնակցել իրենց հարազատների թաղման արարողություններին և ծեսերին, որոնք կրոնական տեսանկյունից մեծ կարևորություն ունեն։ Հայկական կրոնական և մշակութային ավանդույթների համաձայն՝ ընտանիքի անդամներն այցելում են իրենց հարազատների գերեզմաններին հուղարկավորությունից հետո 7-րդ և 40-րդ օրերին և տարին մեկ անգամ։ Էթնիկ զտումների և բռնի տեղահանման պատճառով հայերը զրկվել են կրոնական ծեսերը պահելու հնարավորությունից։ Հայերի գերեզմանների պղծումը, որը կարող է լինել ցանկացած պահի, կհանգեցնի նրան, որ ընտանիքները կզրկվեն իրենց հարազատների մահը արժանապատիվ սգալու և կարևոր կրոնական սովորույթները պահպանելու հնարավորությունից։ Հետևաբար պետք է ճնշում գործադրվի Ադրբեջանի վրա, մահացածների դիակները արտաշիրիմելու և վերադարձնելու համար։
Ադրբեջանը 2002թ․ վավերացրել է ՄԻԵԴ-ի կոնվենցիաները և այդպիսով պարտավոր է պահպանել դրա հետ կապված բոլոր դրույթները: Մի շարք որոշումներով ՄԻԵԴ-ն հաստատել է, որ հուղարկավորության ծեսերը մտնում են «անձնական կյանքի» և «ընտանեկան կյանքի» իրավունքի շրջանակի մեջ և ընտանիքներն իրավունք ունեն կատարել իրենց սիրելիների պատշաճ հուղարկավորությունը:

Ադրբեջանը հայերի աճյունները չի վերադարձնում իրենց ընտանիքներին և դրանով միտումնավոր ցավ է պատճառում նրանց՝ չբավարարվելով նախկինում պատճառած տառապանքներից։ Դրսևորելով նմանօրինակ վարք՝ Ադրբեջանը կրկնակի զոհողության է ենթարկում արցախցիներին և զրկում է նրանց արժանապատիվ սգի և հուղարկավորության իրավունքից։

Զեկույցի նպատակն է բարձրացնել միջազգային իրազեկվածությունը, միջազգային հանրությանը տեղեկացնել խնդրի իրական բնույթի ու կարևորության մասին, կոչ անել Ադրբեջանին հարգել Մարդու իրավունքների միջազգային իրավունքը։ Զեկույցով նաև կոչ է արվում արտաշիրիմել և հայրենադարձնել 46 հանգուցյալների աճյունները՝ ապահովելով ՄԻԵԴ-ի 8-րդ և 9-րդ հոդվածներով սահմանված իրավունքները,»-նշված է զեկույցում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter