
Ձախողված դասընթաց և եռակողմ ֆինանսական վեճ Արաքսի համայնքապետարանում
Արդեն մի քանի ամիս է, ինչ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու անդամ Արմինե Պողոսյանի և համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի հարաբերությունները լարված են։ Պատճառը համայնքի երիտասարդների համար կազմակերպված դասընթացն է եղել, որը այդպես էլ ավարտին չի հասել, պայմանագրի ժամկետը լրացել է, իսկ գումարը համայնքի բյուջե այդպես էլ չի վերադարձվել։
Արմինե Պողոսյանն ավագանու անդամ է՝ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքից», Կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության հանձնաժողովի նախագահը։ Արմինեն պատմում է, որ ինքը պարբերաբար մատնանշում է համայնքի խնդիրները, ներկայացնում բացթողումները ու չէր էլ պատկերացնում, որ նախաձեռնությունը, որով ուզում էր աջակցել համայնքին, նման մեծ պատմության կվերածվեր։
«Ավագանու նիստերի ժամանակ ես միշտ հարց էի բարձրացնում, որ համայնքի երիտասարդության համար որևէ կրթական, ժամանցային ծրագիր չի արվում, ու դրա համար պետք է ռեսուրսներ հատկացվեն։ Համայնքապետը չմերժեց, ասաց՝ դու ծրագիրը գտիր, ներկայացրու, մենք կֆինանսավորենք։ Այդպես էլ արեցի, դիմեցի Գոհար Մկոյանին՝ «Սոցիալական ձեռներեցների դպրոցի» տնօրենին, որպեսզի մեզ համար ծրագիր պատրաստի, ինքս էլ ժամանակին այդ դպրոցի շրջանավարտն եմ եղել ու հույս ունեի, որ միասին հաջող դասընթաց կկազմակերպենք»,- պատմում է Արմինեն։
Քննարկումների ժամանակ պայմանավորվել են, որ համայնքից կընտրվի 30 մասնակից, որոնցից 25-ի համար կվճարի համայնքապետարանը, իսկ մնացած հինգի մասնակցությունը «Սոցիալական ձեռներեցների դպրոցն» առաջարկել է հոգալ իր միջոցներից։ Յուրաքանչյուր մասնակցի համար սահմանվել էր 120 հազար դրամ վճար, ընդհանուր՝ 3 մլն 600 հզր դրամ, որը պետք է երկու փոխանցմամբ վճարվեր։
«Ծրագիրը ներկայացրինք համայնքի ղեկավարին, հավանություն տվեց ու արդեն պատրաստ էինք սկսելու։ Դիմորդների հետ հանդիպումներ կազմակերպեցինք, ընտրեցինք մասնակիցներին, որ պիտի 2024թ․-ի ապրիլից սկսեինք։ Դասընթացի ղեկավարը՝ Գոհար Մկոյանը, առաջարկեց, որ առցանց դասերն անցկացվեն երկուշաբթի և չորեքշաբթի օրերին, քանի որ մյուս օրերն արդեն ընտրված էին Լոռու մարզի խմբի համար։ Բոլորս համաձայնության եկանք ու պատրաստ էինք սկսելու»,- ասում է Արմինե Պողոսյանը։
Նախատեսված գումարը համայնքապետարանը որպես դրամաշնորհ հատկացրել է Արմինե Պողոսյանի «Լույսի կանչ» ՀԿ-ին, որն էլ իր հերթին պայմանագիր է կնքել «Սոցիալական ձեռներեցների դպրոց» ՍՊԸ-ի հետ։ Համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանին հարցրինք, թե ինչու ուղիղ պայմագիրը չի կնքել դպրոցի հետ, նա պատասխանեց, որ որևէ սխալ այստեղ չկա․ ինքը գումարը հատկացրել է ավագանու անդամի ՀԿ-ին, որպեսզի դպրոցի հետ համատեղ ծրագիր իրականացնի։
«Պայմանագրով նախատեսված էր, որ սկզբում պիտի 1,5 մլն դրամ կանխավճար փոխանցեինք դպրոցին, իսկ մնացած 2,1 մլն դրամը մեկ ամիս անց։ Էնպես ստացվեց, որ հաշվապահությունում սխալմունք տեղի ունեցավ, ինձ փոխանցեցին 1 մլն դրամը՝ պայմանով, որ 500 հզր դրամը հաջորդ փոխանցման հետ միասին կվճարեն, սրա մասին տեղեկացրի Գոհար Մկոյանին, ասացի, որ նման բան է եղել, ու հաջորդ վճարման հետ դա անպայման կփոխանցենք»,- պատմում է Արմինեն։
Ապրիլի մեկից սկսվեց դասընթացը, համայնքում պաշտոնական բացում տեղի ունեցավ, որին անդրադարձավ նաև Հանրային հեռուստաընկերությունը։ Ըստ պայմանավորվածության՝ շաբաթական երկու անգամ դասընթացը տեղի էր ունենում առցանց, մեկ անգամ՝ համայնքում։ Սակայն մի հանգամանք կար, որը թեև պայմանագրով ամրագրված չէր, բայց հակասում էր կողմերի բանավոր պայմանավորվածությանը։
«Դասընթացի սկզբից ի վեր ես միշտ մասնակցում էի դասերին, որպեսզի հետևեմ արդյունավետությանը, մասնակիցների ակտիվությանը։ Առաջին օնլայն հանդիպումներին տեսանք, որ, բացի մեր մասնակիցներից, կան նաև մոտ 40 այլ մարդիկ՝ հիմնականում Լոռու խմբից։ Մի քանի դաս սպասելուց հետո խոսեցի Գոհար Մկոյանի հետ, ասացի, որ մենք այդպես չենք պայմանավորվել, և դասընթացը պետք է միայն Արաքս համայնքի երիտասարդների համար լինի, այդ ժամանակ Գոհարն ինձ ասաց, որ չխառնվեմ կրթական մասին,- պատմում է Արմինեն,- բայց ինչպես չխառնվեի, եթե տեսնում էի, որ ընդհանուրի մեջ մեր համայնքի մասնակիցները կորչում են։ Մենք ակնկալում էինք, որ մեր երիտասարդները իրենց գաղափարները կներկայացնեին, քննարկում կլիներ, բայց երբ դասընթացին վաթսուն մարդ է միանում, դա ինչ-որ անդեմ բան է դառնում, մասնակիցները հարցեր չեն տալիս, մինչդեռ ամենակարևոր մասը հենց քննարկումներն են, որ մարդիկ իրենց պրոցեսի մեջ զգան, իսկ նման թվաքանակի դեպքում դա ժամանակային առումով անհնարին կլիներ, և ի վերջո դա մեր պայմանավորվածությունից դուրս էր, իսկ դասընթացի ղեկավարը հրաժարվում էր խմբերն առանձնացնել»։
Որոշ ժամանակ սպասելուց հետո, երբ տեսնում է, որ որևէ բան չի փոխվում, Արմինեն մոտենում է համայնքի ղեկավարին ու պատմում, որ նման ձևով է ընթանում դասընթացը, ու մի բան պետք է անել։
«Ծրագրի պատասխանատուն ես էի, ես էի գտել այդ մարդկանց, ջանք էի թափել, որ համայնքի համար մի լավ բան անեինք ու տեսնում էի, որ էսպես տապալվում է։ Ես կարող էի աչք փակել դրա վրա ու վերջում էլ ասել, որ արել ենք, բայց ինչու մեր համայնքի միջոցները անարդյունք վատնեինք, եթե այդ գումարով շատ ուրիշ բաներ կարող էինք անել, և ի վերջո մեր նպատակը արդյունավետ դասընթաց կազմակերպելն էր ու համայնքի երիտասարդներին աշխուժացնելը»,-ասում է ավագանու անդամը։
Դրանից մի քանի օր հետո համայնքի ղեկավարը հրավիրում է Գոհար Մկոյանին, որպեսզի պարզի հանգամանքները, Արմինեն ասում է, որ համայնքի ղեկավարի այն հարցին, թե արդյոք այլ մարզից խումբ է միացել իրենց, Գոհարը ուղիղ չի պատասխանել, ասել է, որ մի քանիսը, միայն լսել են, դրանից հետո երաշխավորել է, որ եթե մասնակիցները շուտ լքեն դասընթացը ինքը պարտրաստակամ է գումարը վերադարձնել։ Իսկ մասնակիցները շարունակում էին լքել դասընթացը, քանի որ իրենց հետաքրքիր չէր լինում, անհատական մոտեցում չկար։
Հանդիպումից հետո որոշվում է դասընթացը առժամանակ դադարեցնել, մինչև որ որոշում կկայացվի, դրանից հետո ևս մեկ-երկու դասընթաց է տեղի ունենում, կողմերի միջև վեճը շարունակվում է ու «Սոցիալական և ավանդական ձեռներեցության» դասընթացը ընդհատվում է՝ թողնելով եռակողմ ֆինանսական պարտավորություններ և գրեթե մեկ տարի տևող լարվածություն ու վեճ․ համայնքապետարանը «Լույսի կանչ» ՀԿ-ից պահանջում է վերադարձնել ընդհանուր փոխանցած 2,6 մլն դրամը, ՀԿ-ն «Սոցիալական ձեռներեցների դպրոց» ՍՊԸ-ից պահանջում է վճարած մեկ միլիոն դրամը, իսկ դպրոցը ՀԿ-ից պահանջում է դասընթացի մնացած ողջ գումարը՝ 2,6 մլն դրամը։
Մենք փորձեցինք կապվել «Սոցիալական ձեռներեցների դպրոց» ՍՊԸ-ի տնօրեն Գոհար Մկոյանի հետ, վերջինս առաջարկեց կապվել իր փաստաբանի հետ։ Պայմանագրի ավարտից հետո՝ նախորդ տարվա դեկտեմբերին, Գոհար Մկոյանը, չկարողանալով ստանալ գումարը, դիմել է փաստաբանին՝ իրավական աջակցություն ստանալու։
Փաստաբան Լևոն Բաղդասարյանը գումարի վերադարձի մասով Արմինե Պողոսյանին նախապահանջ է ներկայացրել, քանի որ դպրոցի տնօրենը առայժմ չի ցանկացել դիմել դատարան՝ հուսալով, որ հարցը հաշտությամբ կլուծվի, մինչդեռ եռակողմ այս պատմության մեջ որևէ մեկը հակված չէ զիջելու։ Փաստաբանն ասում է, որ եթե որևէ բան պայմանագրով ամրագրված չէ, հետևաբար որևէ իրավական հենք չկա։
Փաստաբանը չի սխալվում․ պայմանագրում որևէ կետ չկա այն մասին, որ դասընթացը միայն Արաքս համայնքի համար է, պայմանավորվածությունը բանավոր է եղել։ Արմինե Պողոսյանն ընդունում է, որ դա իր սխալն է եղել․ «պայմանագրում սահմանված էր մեկ մասնակցի համար 120 հազար դրամ, հետևաբար տրամաբանական էր, որ եթե ընդհանուր արժեքը 3,6 մլն դրամ է, ապա մասնակիցները թիվը 30 է։ Ես էի մեղավոր, որ կարծեցի, թե ինչը, որ բանավոր պայմանավորվել էինք, կկատարի, ինչ մտածեի, որ հնարավոր է նման կերպ վարվի»։
«Եթե պայմանագրով նման պահանջ չի եղել, որ միայն այդ մասնակիցները պիտի լինեին, ապա դա բացառապես իմ վստահորդի իրավունքն է, թե քանի մարդ կմասնակցի այդ դասընթացին։ Իրավական մշակույթը բոլորս պիտի կարողանանք կրել, բա էլ ինչի՞ համար է պայմանագիրը, որպեսզի կողմերը կարողանան իրենց պահանջները ներկայացնել, եթե նման բան է քննարկվել ի սկզբանե, ապա ինչու պայմանագրում չի արտացոլվել, հետևաբար ես ներքին համոզմունք ունեմ, որ նման քննարկում չի եղել։ Եվ վերջապես ինչպե՞ս կարող ես ապացուցել, որ որակը ընկել է՝ պայմանավորված այլ մարդկանց ներգրավմամբ։ Ցանկացած բան, որ պայմանագրից դուրս է, առոչինչ է։ Դրան հակառակ պայմանագրում նշված է եղել, որ պետք է 1,5 մլն կանխավճար փոխանցվեր իմ վստահորդին, բայց միայն մեկ միլիոն է փոխանցվել»,- ասում է Գոհար Մկոյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
Հիմա Արմինե Պողոսյանը, հայտնվելով երկու քարի արանքում, որոշել է դատական հայց ներկայացնել, քանի որ և՛ համայնքապետարանը, և՛ «Սոցիալական ձեռներեցների դպրոցը» նրանից գումար են պահանջում, իսկ ինքը չի պատրաստվում վճարել մի բանի համար, որը պատշաճ տեղի չի ունեցել և արդյունք չի ապահովել։
«Հենց այնպես ես մեր համայնքի գումարը չեմ մսխելու, դիմելու եմ դատարան և ներկայացնելու բոլոր այն անհերքելի թերացումները, որ դասընթացի կազմակերպիչը թույլ է տվել։ Ես մի քանի անգամ ֆինանսական հաշվետվություններ եմ ուզել, ինձ չեն փոխանցել, իսկ վերջում ընդունման-հանձնման ակտ են ուղարկել, որտեղ բազմաթիվ կեղծիքներ կան»,- եզրափակեց ավագանու անդամը։
Համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանն էլ չցանկացավ դեպքի մանրամասները ներկայացնել, փոխարենն ասաց, որ ինքը անպայման համայնքի նախօրոք վճարած 2,6 մլն դրամը վերադարձնելու է բյուջե։
Գլխավոր լուսանկարը՝ Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժից
Մեկնաբանել