HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջարկվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները

Ներկայում լայն տարածում է գտել կաթնային յուղի (ճարպի) փոխարինիչով կաթնամթերքի վաճառքը: Որպեսզի սպառողը կարողանա տեսողականորեն տարբերել, թե կաթնամթերքը պատրաստված է կաթնային յուղի փոխարինիչով, թե առանց փոխարինիչի, անհրաժեշտ է օրենքով սահմանել դրույթ, ըստ որի` կաթնամթերքի վաճառքն առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում կտարանջատվի գունային դարակաշարերով: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը: Նա առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

ԱԺ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զեկուցողը նշել է, որ կաթնային յուղի փոխարինիչով պատրաստված արտադրանքն ավելի էժան է, քան բնական հումքով պատրաստվածը: Հստակ տարանջատման բացակայությունը սպառողին մոլորության մեջ է գցում: Տվյալ դեպքում սպառողն ավելի թանկ վճարելով` գնում է ավելի էժան արտադրանք: Փոխնախարարի խոսքով կարգավորումն էական ֆինանսական բեռ չի լինի տնտեսավարողների վրա, քանի որ ցանցային առեւտրի եւ փոքր օբյեկտներն ունեն բավարար քանակությամբ առանձնացված դարակաշարեր. տվյալ դեպքում պետք է կիրառվի միայն գունային տարանջատման պահանջը:

Տաթեւիկ Սարգսյանը տեղեկացրել է, որ սեփական արտադրանքի առավելությունը ցույց տալու նպատակով արտադրողին առաջարկվում է հնարավորություն տալ կամավոր հիմունքներով կիրառել գունային ինքնակպչուն պիտակներ` արտադրատեսակների տուփերի վրա գունային տարանջատման միջոցով առանձնացնելու առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի եւ կաթնային յուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքը:

Նախագծով նախատեսվում է առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի վայրերում կանոնակարգել նաեւ կենդանական ծագման մթերքի եւ հումքի նույնականացման հետ կապված հարաբերությունները: Սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի եւ հումքի N 5 ձեւի անասնաբուժական վկայականը կամ պիտակն առաջարկվում է փակցնել սպառողներին տեսանելի տեղում, որը հնարավորություն կտա սպառողին նույնականացնել  մթերքի կամ հումքի ծագումը: Սպառողներին տեսանելի տեղում պիտակը չփակցնելու դեպքերում իրավախախտում կատարած անձանց նկատմամբ առաջարկվում է կիրառել վարչական պատասխանատվություն` սահմանելով արարքին համարժեք վարչական տույժեր: Այդ նպատակով առաջարկվում է փոփոխություն կատարել նաեւ Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում:

Օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետն է ներկայացրել հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Ավետիսյանը:

Պատգամավորներն իրենց հարցերում անդրադարձել են, մասնավորապես, դարակաշարերի դասավորվածությանն ու քաղաքացիների իրազեկվածության մակարդակի պակասին, Հայաստան ներմուծվող կաթնային յուղերի` ստանդարտներին համապատասխանելուն վերաբերող խնդիրներին:

Հարցը քննարկվել է Ազգային ժողովի` հունվարի 21-ի նիստում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter