
ՊՎԾ պաշտոնյան արձագանքել է «Հետքի» հրապարակմանը
Պետական վերահսկողական ծառայության աշխատակից Արթուր Բարսեղյանը փաստաբանի միջոցով արձագանքել է ծառայության իրականացրած ստուգումներից մեկի վերաբերյալ «Հետք»-ի հրապարակմանը։ Ա․ Բարսեղյանի պատասխանը ստորև՝
«2024 թվականի դեկտեմբերի 25-ին hetq.am կայքում հրապարակված «ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները» վերնագրով հոդվածում (այսուհետ նաեւ՝ Հոդված), ի թիվս այլնի, նշվել է հետևյալը.
(...)«Արմենիա» ԲԿ-ի բաժնետիրոջ հետ բարեկամական և ազգակցական կապեր ունեցող անձինք ստուգման ժամանակ պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել Առողջապահության նախարարությունում և Պետական վերահսկողական ծառայությունում: ՊՎԾ նախկին աշխատակից Սուսաննա Մուրադյանը «Հետք»-ին պատմել է, թե ինչպես են ԲԿ-ում ուսումնասիրությունների ժամանակ օգտագործվել ընկերական և բարեկամական կապերը, որի հետևանքով փաստաթղթերն ամբողջ ծավալով չեն ուսումնասիրվել: Քրեական վարույթի ժամանակ էլ հաստատվել է թերի ուսումնասիրություն կատարելու փաստը: (...) 2022թ. սեպտեմբերի սկզբին Սուսաննա Մուրադյանը ՊՎԾ-ի իր բաժնի աշխատասենյակում տեսել է ՊԱԳ ղեկավարի տեղակալին, աշխատակից Դավիթ Սարգսյանին: Նրանց հետ ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետը քննարկել է «Արմենիա» ԲԿ-ում իրականացված ստուգման արդյունքները: Սուսաննա Մուրադյանը զարմացել է, թե ինչպես են քննարկումը ծավալում առանց խմբի ՊՎԾ անդամի միջանկյալ արձանագրությունների, որոնք պետք է տեղեկություններ պարունակեին փաստաթղթերի բացակայության, խախտումների ամբողջական տվյալների մասին (ԲԿ-ի աշխատավարձերի, պայմանագրերի, իրազեկման մատյանների (եղել է մի մատյան): Փորձել է իրավիճակը պարզաբանել Սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Արթուր Բարսեղյանի միջոցով, բայց իր մտահոգությունները պատշաճ արձագանքի չեն արժանացել»:
Անդրադառնալով Հոդվածում ներկայացված և վերը հիշատակված փաստերին՝ պնդում ենք, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը. Արթուր Բարսեղյանը չէր կարող որևէ կերպ խոչընդոտել «Արմենիա» ԲԿ-ում կատարված և Հոդվածում հիշատակված ուսումնասիրության անաչառությանն ու օբյեկտիվությանը կամ որևէ այլ ազդեցություն ունենալ ուսումնասիրության ընթացքի և/կամ արդյունքների վրա այն հիմնավորմամբ, որ ուսումնասիրությունը փաստացի ավարտվել է 2022 թվականի հուլիսի 15-ին:
Մինչդեռ Արթուր Բարսեղյանը ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ է նշանակվել ուսումնասիրության ավարտից հետո՝ 2024 թվականի հուլիսի 18-ին: Նման պայմաններում ակնհայտ է, որ Արթուր Բարսեղյանը չէր կարող նախքան ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի պաշտոնում նշանակվելը կազմակերպել, ղեկավարել ուսումնասիրությունը կամ որևէ ազդեցություն ունենալ դրա ընթացքի կամ արդյունքների վրա:
Ինչ վերաբերում է Հոդվածում տեղ գտած այն պնդմանը, իբրև Սուսաննա Մուրադյանը ուսումնասիրության վերաբերյալ իրավիճակը փորձել է պարզաբանել Արթուր Բարսեղյանի միջոցով, բայց իր մտահոգությունները պատշաճ արձագանքի չեն արժանացել, ապա սույնով հայտնում ենք, որ ինչպես ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի պաշտոնում Արթուր Բարսեղյանի պաշտոնավարման ընթացքում, այնպես էլ դրան նախորդած և հաջորդած ժամանակահատվածում Սուսաննա Մուրադյանը երբևէ որևէ մտահոգություն չի հայտնել Արթուր Բարսեղյանին ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր եղանակով, ավելին, ո՛չ սրտի անհետաձգելի վիրահատությունների մասով ծրագրի, ոչ իրազեկման մատյանների մասով խախտումների վերաբերյալ միջանկյալ արձանագրություն կամ որևէ այլ փաստաթուղթ Սուսաննա Մուրադյանի կողմից Արթուր Բարսեղյանին չի ներկայացվել:
Ողջ վերոգրյալից հետևում է, որ Հոդվածում նշված`Արթուր Բարսեղյանի և «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն ՓԲ ընկերության բաժնետիրոջ միջև խնամիական կապը որևէ ազդեցություն չի ունեցել և չէր էլ կարող ունենալ ուսումնասիրության ընթացքի և արդյունքների վրա:
Ասվածը հիմնավորվել է նաև թիվ 62269123 քրեական վարույթի կարճման վերաբերյալ 2024 թվականի մայիսի 3-ի որոշմամբ:
Հոդվածում նաև նշվել է, որ «Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել և կարճվել է մի քրեական վարույթ, որը պետք է բացահայտեր ՊՎԾ աշխատակիցների, այդ թվում՝ ղեկավար կազմի առնչությունը «Արմենիա» ԲԿ-ում իրականացված թերի ստուգմանը, ենթադրյալ հովանավորչությունը և մի շարք պաշտոնատար անձանց փոխկապակցվածությունը: «Հետք»-ը ծանոթացել է քրեական վարույթը կարճելու որոշմանը, որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Քննչական կոմիտեում քննվում է մեկ այլ քրեական վարույթ, որի համար հիմք են հանդիսացել «Արմենիա» ԲԿ-ում ստուգմամբ հայտնաբերված խախտումները»:
Նման ձևակերպման արդյունքում ընթերցողի մոտ թյուր տպավորություն կարող է ստեղծվել առ այն, որ քրեական վարույթով պետք է հիմնավորվեր, սակայն ինչ-ինչ պատճառներով չի հիմնավորվել ՊՎԾ ղեկավար կազմի (այդ թվում՝ Արթուր Բարսեղյանի) առնչությունը «Արմենիա» ԲԿ-ում իրականացված թերի ստուգմանը, սակայն դրա հնարավորությունը չի վերացել, քանի որ հարուցված է մեկ այլ քրեական վարույթ:
Հարկ է նշել, որ թիվ 62269123 քրեական վարույթը կարճելու որոշմամբ հստակ արձանագրվել է, որ ՊՎԾ-ի կողմից ստուգման պրոցեսին հնարավոր խոչընդոտներ կամ շահերի բախման իրավիճակ չի արձանագրվել: Մասնավորապես, կարճման որոշմամբ արձանագրվել է հետևյալը. «Ինչ վերաբերում է ուսումնասիրության ընթացքում հնարավոր խոչընդոտներին կամ շահերի բախմանը, ապա, վարույթն իրականացնող մարմնի գնահատմամբ, այդպիսիք չեն դրսևորվել, իսկ դրանց առերևույթ սուբյեկտիվ դրսևորումները կամ ընկալումները առերևույթ աշխատանքային պրոցեսների և փոխհարաբերությունների հետնանք են (...)»:
Հատկանշական է, որ թիվ 62269123 քրեական վարույթը կարճելու որոշման քննարկվող հատվածը բառացիորեն վկայակոչված է նաև Հոդվածում, իսկ Հոդվածում նշված «այլ քրեական» վարույթի գոյությունն ինքնին ապացուցում է շահերի բախման իրավիճակի կամ հովանավորչության բացակայությունը, քանի որ հարուցվել է ՊՎԾ ուսումնասիրության հիման վրա՝ «Արմենիա» ԲԿ-ի ենթադրյալ խախտումների քննության նպատակով:
Ուշադրության արժանի է նաև այն փաստը, որ թիվ 62269123 քրեական վարույթը կարճելու որոշումը չի բողոքարկվել Սուսաննա Մուրադյանի կողմից:
Հոդվածի ձևակերպումները, ենթատեքստը և միմյանց հակասող մտքերը հանրությանը մոլորության մեջ գցելու նպատակ են հետապնդում, ինչպես նաև իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են պարունակոււմ Արթուր Բարսեղյանի մասին վերը ներկայացված պատճառաբանություններով»:
Պետական վերահսկողական ծառայության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչության պետ Արթուր Բարսեղյանի ներկայացուցիչ, փաստաբան Ցողիկ Մուրադյան
Մեկնաբանել