HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գազայում հրադադարի առաջին օրը. Իսրայելն ազատել է 90 պաղեստինցի բանտարկյալի, ՀԱՄԱՍ-ն ազատել է 3 գերու

Հրադադարի համաձայն, այսօր Իսրայելը բանտարկությունից ազատել է 90 պաղեստինցիների։ Իսկ ՀԱՄԱՍ-ը ազատել է երեք գերիների։

Ըստ ՀԱՄԱՍ-ի` ազատված պաղեստինցիների թվում են Արևմտյան ափից և Երուսաղեմից 69 կին և 21 դեռահաս տղա։ Բանտարկյալների մեծ մասը ազատվել են օկուպացված Արևմտյան ափում գտնվող «Օֆեր» բանտից։ Ազատվածներին դիմավորել են հարյուրավոր պաղեստինցիներ։

Ազատվածների թվում է 24-ամյա Շանթա Ջարաբան, որին Իսրայելը բանտարկել էր իր սոցիալական մեդիաներով Գազայում Իսրայելի դաժան քաղաքականության մասին քննադատական հրապարակումներ անելու համար։

«Ես շատ ուրախ եմ: Փառք Աստծո, որ դրսում եմ: Բանտում ինձ հետ շատ վատ էին վարվում։ Դա սարսափելի էր»,- ասել է նա «Guardian» թերթին տված հարցազրույցում։

ՀԱՄԱՍ-ն իր հերթին ազատել է 3 գերիների, որոնք պահվում էին Գազայի տակ գտնվող թունելներում։ ՀԱՄԱՍ-ը նրանց առևանգել էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ին:

Ըստ Իսրայելի՝ ազատված գերիներն են Էմիլի Դամարին, Ռոմի Գոնենը և Դորոն Սթայնբրեխերը։ Կանայք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ Շեբա բժշկական կենտրոնում։ 

Էմիլի Դամարին, որը հրազենային վիրավորման հետևանքով կորցրել է երկու մատը, գրկել է մորը և վերև է բարձրացրել վիրակապված ձեռքը:

«Ես ուզում եմ, որ դուք Ռոմին, Դորոնին և Էմիլին ասեք հետևյալը. մի ամբողջ ժողովուրդ գրկում է ձեզ: Բարի գալուստ տուն», - հեռախոսով Իսրայելի հրամանատարներից մեկին ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Կարդացեք նաև՝ Հրադադարի պայմանավորվածությունից հետո Գազայում սպանվել է շուրջ 100 պաղեստինցի

Հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Գազա մուտք գործելու համար հումանիտար օգնությամբ բեռնված հարյուրավոր բեռնատարների հերթ է գոյացել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ պատրաստ է Իսրայել-Համաս զինադադարի ընթացքում Գազա ուղարկել անհրաժեշտ օգնություն, սակայն անխափան մուտքի համար անհրաժեշտ է, որ Իսրայելը տրամադրի «համակարգված մուտք» Գազայի ամբողջ տարածքով:

Գազայի առողջապահական ենթակառուցվածքների մեծ մասը ոչնչացվել է ավելի քան մեկ տարի տևած պատերազմի պատճառով:

Ըստ Գազայի առողջապահության մարմինների՝ Իսրայելի հարձակումների հետևանքով ավելի քան 47,000 պաղեստինցի է զոհվել, որոնց զգալի մասը կանայք և երեխաներ են: Այժմ Գազայի գրեթե ամբողջ բնակչությունը՝ 2,3 մլն, անօթևան է: Պատերազմի հետևանքով զոհվել է մոտ 400 իսրայելցի զինվոր։

Հրադադարի համաձայն՝ ժամանակավորապես դադարելու են բոլոր ռազմական գործողությունները, հումանիտար օգնություն է ուղարկելու Գազա և վեց շաբաթվա ընթացքում ՀԱՄԱՍ-ն ազատելու է 100 գերիներից 33 իսրայելցու և օտարերկրյա գերիների, իսկ Իսրայելն ազատելու է մոտ 2000 պաղեստինցի բանտարկյալների: 

Կարդացեք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter