HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ծառայությունների ինքնարժեքը շեշտակի բարձրացել է. փաստաբանները ցանկանում են ազատվել ավելացված արժեքի հարկից

1212 փաստաբան այսօր` հունվարի 17-ին, կոլեկտիվ հանրագիր է ներկայացրել ՀՀ կառավարությանը՝ խնդրելով հանդես գալ նոր օրենսդրական նախաձեռնությամբ և իրենց գործունեությունն ազատել ավելացված արժեքի հարկից: 

Նախորդ տարի կառավարության ընդունած նոր օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ փաստաբանական ծառայություններ մատուցող ԱՁ-ներին և կազմակերպություններին արգելվում է աշխատել շրջանառության հարկի դաշտում: Փաստաբանները տեղափոխվեցին հարկման ընդհանուր դաշտ, որը ենթադրում է շատ ավելի ծանր հարկային բեռ: Նրանք 5% դրույքաչափով շրջանառության հարկի փոխարեն 2025 թվականի հունվարի 1-ից հարկվում են ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ), որի դրույքաչափը 20% է և շահութահարկով՝ 18-23% դրույքաչափով: 

Փաստաբանական համայնքը պայքարեց շրջանառության հարկի համակարգում մնալու համար, սակայն նրանց հարկման ընդհանուր դաշտ տեղափոխելու նախագիծն, ի վերջո, օրենքի ուժ ստացավ։  

Փաստաբանների ներկայացրած հանրագրում, որը հրապարակել է Փաստաբանների պալատը, նշվում է, որ հարկային փոփոխություններից հետո փաստաբանների կողմից վճարվող հարկերի ծավալը, փաստացի, բարձրացել է 6-8 անգամ:

«Նշվածով պայմանավորված՝ ՀՀ իրավաբանական օգնության համակարգը, որի առանցքային դերակատարներից է փաստաբանական ինստիտուտը, ենթարկվում է առերևույթ ոչ իրավաչափ և չհիմնավորված ճնշման»,- ասվում է փաստաբանների հանրագրում՝ որպես բացասական հետևանք ընդգծվելով փաստաբանական ծառայությունների ինքնարժեքի շեշտակի բարձրացումը, անվճար իրավաբանական օգնության տրամադրման բացառումը, անձանց խախտված իրավունքների պաշտպանության վրա բացասական ազդեցությունը:

Հաշվի առնելով այս ամենը՝ փաստաբանները կառավարությանը խնդրում են «Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծ» ընդունել փաստաբանական գործունեությունը ԱԱՀ-ից ազատելու վերաբերյալ և ուղարկել Ազգային ժողով: 

Նախագիծը մշակել են իրենք՝ փաստաբանները և հանրագրին կից ուղարկել Կառավարություն։ 

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը «Հետքի» հետ զրույցում ընդգծեց, որ փաստաբաններն արդեն իսկ ստիպված են եղել բարձրացնել իրենց ծառայությունների արժեքը, որպեսզի կարողնան դիմանալ նոր հարկային բեռին։ Դրա հետեւանքով տուժում են իրենց վստահորդները՝ շարքային քաղաքացիները։ 

«Իրավաբանական օգնության իրավունքը հանդիսանում է սահմանադրական իրավունք՝ ճիշտ այնպես, ինչպես առողջապահության իրավունքը, կրթության իրավունքը, որոնք ազատված են ավելացված արժեքի հարկից։ Մենք գտնում ենք, որ պետությունն այս մասով ունի պարտականություն՝ ստեղծելու այնպիսի հարկային միջավայր, որով մարդկանց կողմից իրենց իրավունքների պաշտպանության համար իրավաբան գտնելը չլինի թանկ։ Եթե մարդն ունի իրավաբանին դիմելու անհրաժեշտություն, պետությունը չպետք է ԱԱՀ-ով դառնա խոչընդոտ»,- ասում է փաստաբանը։ 

Եթե փաստաբանական գործունեությունն ազատվի ԱԱՀ-ից, կմնա միայն շահութահարկը։ Չնայած շահութահարկի դրույքաչափն ավելի բարձր է շրջանառության հարկի դրույքաչափից, որը փաստաբանները վճարում էին մինչև վերջին օրենսդրական փոփոխությունները, սակայն ավելի մեղմ է, քան եթե դրան գումարվի ԱԱՀ։ 

Վարազդատ Հարությունյանը շեշտում է, որ փաստաբաններին պետք է ոչ թե այլ տնտեսվարող սուբյեկտների հետ համեմատել, որոնք տարբեր ծառայություններ են մատուցում, այլ՝ պետք է դիտարկել որպես Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքները պաշտպանողներ։

«Մենք դա ոչ թե մեր գրպանի համար ենք ասում, այլ՝ քաղաքացիների իրավունքների պաշտպանության, որովհետև այդ ԱԱՀ-ն մենք ստիպված ավելացնելու ենք մեր ծառայությունների արժեքին և մարդկանցից ավելի շատ գումար ուզենք, որ իրենց իրավունքները պաշտպանենք։ Օրինակ՝ անձին ապօրինի, անհիմն կասկածում են որևէ հանցանքի մեջ, որպեսզի այդ անձը պաշտպանվի անհիմն մեղադրանքից, դիմում է փաստաբանին։ Շատ հնարավոր է՝ մարդը այս պայմաններում պարզապես ի վիճակի չլինի վճարել փաստաբանական ծառայությունների համար։ Բացի փաստաբանի հոնորարը, պետք է նաև ԱԱՀ վճարի, որ փաստաբանն էլ իր հերթին դա վճարի պետությանը։ Արդյունքում մարդը կարող է զրկվել իրավաբանական օգնության իր իրավունքը իրացնելու հնարավորությունից։ Այն իրավունքը, որը Սահմանադրությամբ որպես անձի հիմնական իրավունք է ամրագրված»,- նշում է Վարազդատ Հարությունյանը։ 

Փաստաբանը հիշեցնում է, որ ՄԱԿ-ի քաղաքական հանձնարարականներում էլ նման հանձնարարություն է տրված անդամ պետություններին, որ նրանք պետք է հանձնառեն ստեղծել այնպիսի հարկային միջավայր իրենց երկրներում, որ փաստաբանի ծառայություններից օգտվելը քաղաքացիների համար հասանելի և ողջամիտ պայմաններով լինի։ 

«Կոպիտ ասած՝ փող չունենալու պատճառով որևէ մեկը չմնա անպաշտպան։ Քաղաքական իշխանությունները պետք է նաև այս մասով իրենց ընտրողների առաջ պատասխան տան, թե ինչո՞ւ են թանկացրել իրենց սահմանադրական իրավունքը, այնինչ ընտրվելիս այլ բան էին խոստանում»,- ասում է փաստաբանը։

Գլխավոր լուսանկարը՝ pixabay.com-ից

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter