HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բունդեսթագի նախկին պատգամավորներին դատում են Ադրբեջանից կաշառք ստանալու համար

 

 

 

📌 Մյունխենում մեկնարկել է Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագի) երկու նախկին պատգամավորների դատավարությունը: 

📌 Նրանց մեղադրում են Ադրբեջանի իշխանություններից կաշառք ստանալու և Եվրախորհրդարանում Ադրբեջանի շահերի լոբբինգի մեջ:

📌 Մեղադրյալներից մեկը՝ Էդուարդ Լինտները, խորհրդարանում պաշտոնավարումից հետո աշխատել է որպես լոբբիստ՝ հօգուտ Ադրբեջանի:

📌 Ըստ մեղադրանքի, պատգամավորներից մեկի նպատակն էր հավաքագրել այլ պատգամավորների, իսկ մյուսինը՝ ԵԽԽՎ-ում նպաստել պրոադրբեջանական որոշումների ընդունմանը:

📌 Մեղադրյալները չեն ընդունում իրենց մեղքը:

Հինգշաբթի Մյունխենի Գերագույն երկրամասային դատարանում սկսվել է «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» (ՔԴՄ) կուսակցության անդամներ Էդուարդ Լինտների և Աքսել Ֆիշերի դեմ դատը։

Բադեն-Վյուրթեմբերգի երկրամասային խորհրդարանի կայքում նշվում է, որ նախկին պատգամավորները մեղադրվում են այն բանի համար, որ գումարներ են ստացել Ադրբեջանից այն ժամանակ, երբ ներկայացնում էին Գերմանիան Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ): 

Նախկին պատգամավորները ենթադրաբար կաշառք են ստացել Վեհաժողովում Ադրբեջանի օգտին որոշումներi ընդունմանը նպաստելու համար։

Դատարանի ժամանակացույցի համաձայն՝ այս գործով նիստերը կշարունակվեն մինչև այս տարվա օգոստոս։

Ադրբեջանում ընտրությունների և ԵԽԽՎ-ում կոռուպցիայի հետ կապված այս գործը երկար տարիներ քննարկվում է Եվրոպայում և նույնիսկ հիմք է հանդիսացել գերմանական գեղարվեստական ֆիլմի համար, որը ցուցադրվել է ARD հեռուստաալիքով 2024 թվականին։

Սկզբում քննությունն ուղղված էր ՔԴՄ-ի պատգամավոր Քարին Շտրենցի դեմ, որը, սակայն, մահացել է 2021 թվականին։ Մահվանից երկու ամիս առաջ Բունդեսթագը նրան զրկել էր անձեռնմխելիությունից՝ ԵԽԽՎ-ում Բաքվի շահերի լոբբինգ անելու և կաշառակերության մեղադրանքների պատճառով։ Շտրենցը ԵԽԽՎ-ում քվեարկել էր Ադրբեջանում քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու պահանջի դեմ։

Շտրենցի գործի քննության ընթացքում հետաքննությունը դուրս է եկել Էդուարդ Լինտների վրա, որն այդ ժամանակ նույնպես ԵԽԽՎ անդամ էր։ Պարզվել է, որ Ադրբեջանի իշխանություններից Լինտները ստացել է մի քանի միլիոն եվրո այլ գերմանացի պատգամավորների հավաքագրելու համար։ Նրանցից մեկը Ֆիշերն էր, որն այժմ Լինտների հետ ամբաստանյալի կարգավիճակ ունի։

Այս գործի քննությունը երկար է տևել մեղադրյալների գաղտնի գործելակերպի և գումարների փոխանցման սխեմաների բարդության պատճառով։ Դատախազությունը հարցումներ է ուղարկել Կիպրոս, Լիխտենշտեյն, Շվեյցարիա, Թուրքիա, Բելգիա, Էստոնիա, Լատվիա, Ադրբեջան և այլ երկրներ։ Բելգիայի հետաքննիչները, գերմանական դատախազության հրահանգով ստուգել են մի քանի գրասենյակներ Ստրասբուրգում և գտել են կարևոր ապացույցներ։

Հետաքննության համաձայն՝ մինչև 2016 թվականը Լինտները ստացել է մի քանի միլիոն եվրո 19 օֆշորային ընկերությունների միջոցով։ Ընդհանուր առմամբ, Գերմանիայի տարածքում խուզարկվել են մոտ 20 գույքային օբյեկտներ, այդ թվում՝ Բունդեսթագի անդամների գրասենյակներ։

2020 թվականին Լինտների տանը խուզարկություններ են անցկացվել, իսկ հաջորդ տարի Դաշնային քրեական ոստիկանությունը խուզարկել է Ֆիշերի գրասենյակը Բունդեսթագում։

Transparency Germany-ի նախագահ Ալեքսանդրա Հերցոգը մեկնաբանել է գործը. «Այսօրվա նորությունները կրկին ցույց են տալիս, որ Գերմանիան պետք է ավելի լավ պատրաստված լինի ավտորիտար պետությունների կողմից ռազմավարական կոռուպցիայի միջոցով ազդեցության վտանգին»։

Ինչպես հայտնում է DPA գործակալությունը, Լինտները կաշառք վերցնելու կասկածը անվանել է «բացարձակ անհեթեթություն»։ 

Խորհրդարանում պաշտոնավարումից հետո Լինտները աշխատել է որպես լոբբիստ՝ հօգուտ Ադրբեջանի։ Նա իր գործունեության ընթացքում աշխատել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար։ Նրա կարծիքով՝ դա «համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին»։

Ֆիշերը նույնպես հայտարարել է, որ իր դեմ մեղադրանքները «իրականությանը չեն համապատասխանում»։ Նրա խոսքերով՝ գործընթացը «ոչ միայն սթրեսային է և վտանգավոր իմ ընտանիքի, հատկապես իմ երեխաների համար, այլև կործանում է իմ մասնագիտական և սոցիալական կյանքը»։

Ֆիշերի փաստաբանը նշել է. «Մեր տեսակետից դատախազության կողմից իմ հաճախորդին ներկայացված մեղադրանքներն արդեն հերքվել են նախաքննության ընթացքում»։

2017 թվականին Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) հրապարակել էր Azerbaijani Laundromat հետաքննությունը, ըստ որի՝ ադրբեջանական իշխանությունները 2012-2014 թվականներին ստեղծել են գաղտնի ֆոնդ՝ եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու և գումար լվանալու համար։ Ըստ հետաքննության՝ այդ ֆոնդի միջոցով լվացվել է շուրջ 2,8 միլիարդ դոլար։

Այդ նույն տարում Եվրոպայի խորհուրդը նախաձեռնել էր քննություն ԵԽԽՎ անդամների՝ Ադրբեջանից կաշառք ստանալու վերաբերյալ։ Մեկ տարի անց եզրակացրել էին, որ ԵԽԽՎ մի շարք ներկա և նախկին անդամներ կարող էին կաշառք ստացած լինել՝ Ադրբեջանի նկատմամբ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ԵԽԽՎ քննադատությունը մեղմելու դիմաց։

Գլխավոր լուսանկարը՝ SWR.DE
Լուսանկարում՝ Լինտներն ու Ֆիշերը դատական նիստի ժամանակ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter