HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պետական կառույցները չեն կարողանում ապահովել ԱՄՆ քաղաքացի երեխայի վերադարձը

ԱՄՆ դատարանը որոշել է 6-ամյա Ա. Ավետյանի խնամքը հանձնել հորը՝ Սմբատ Ավետյանին: Երեխայի մշտական բնակության վայր է ընտրվել Ամերիկայի Միացյալ Նահանգները: Սակայն, մայրն անչափահաս դստերը, առանց հոր իմացության, բերել է Հայաստան, իսկ ինքը փաստաթղթերի հարցը կարգավորելու նպատակով վերադարձել է ԱՄՆ ու այնտեղ ձերբակալվել: Սմբատ Ավետյանը չի կարողանում պատշաճ տեսակցել դստերը, իր հետ տանել ԱՄՆ՝ մշտական բնակության վայր: Երեխայի մայրական տատն ու պապը, առանց դատարանի որոշման, ստանձնել են երեխայի խնամքն ու խոչընդոտներ ստեղծել հոր համար, որ ոչ միայն չզբաղվի երեխայի դաստիարակությամբ, այլև չտեսակցի նրան:

Հայաստանում դատական ակտով որոշված չէ երեխայի խնամակալությունը հանձնել ծնողներից որևէ մեկին: Երկու ծնողներն էլ ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ, մինչդեռ երեխայի հայրը փաստացի զրկված է իր իրավունքներից: Արդարադատության նախարարությունը երեխայի միջազգային առևանգման վարույթ է հարուցել՝ Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին Հաագայի կոնվենցիայի շրջանակում։ Վարույթի ընթացքում Արդարադատության նախարարությունը հաստատել է երեխային Հայաստանում անօրինական պահելու հանգամանքը և ԱՄՆ վերադարձնելու վերաբերյալ կարգադրություն տվել։

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի Գերագույն դատարանի Լոս Անջելեսի շրջանի քրեական բաժնի կողմից երեխայի առևանգման վարույթով նաև գործ է հարուցվել երեխայի մոր նկատմամբ։ 2024թ. հոկտեմբերի 7-ին ԱՄՆ-ի իրավապահ մարմինների կողմից նա ձերբակալվել է և այժմ գտնվում է կալանքի տակ։ Նշված հանգամանքը հաշվի առնելով՝ Սմբատ Ավետյանը ժամանել է Հայաստան՝ երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացնելու և որպես օրինական ներկայացուցիչ երեխայի մասին հոգ տանելու։

Հայրը 2024թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին 5 անգամ այցելել է Երևանում երեխայի մշտական բնակության վայր հանդիսացող մայրական պապի բնակարան։ Սակայն 3 դեպքում դուռը որևէ մեկը չի բացել, իսկ 2 դեպքում երեխան տանն է եղել, սակայն տատն ու պապը Սմբատ Ավետյանին չեն թույլատրել հանդիպել իր երեխային։

Ս. Ավետյանի փաստաբաններն այդ առնչությամբ ներկայացրել են հանցագործության մասին հաղորդում, որի առնչությամբ Քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի կողմից կայացվել է քրեական վարույթ նախաձեռնելու մասին որոշում։

Մինչ այդ Սմբատ Ավետյանը մեկ այլ հաղորդում էլ ներկայացրել էր Մաշտոցի բաժին, որտեղ, ըստ փաստաբան Հայկ Դավթյանի, որևէ քայլ չի ձեռնարկվել՝ ապահովելու, որ  երեխայի հայրը 6-ամյա դստեր խնամքը ստանձնի: Անտեսվել է այն հանգամանքը, որ ընդամենը 6-ամյա դպրոցահասակ երեխային մոր ծնողների կողմից անընդհատ տեղից տեղ տեղափոխելու արդյունքում զրկվել է նաև ծնողական խնամք ստանալու և կրթության հիմնարար, անբաժանելի իրավունքներից։ Հ. Դավթյանի պնդմամբ՝ պարբերաբար բացակայել է դասերից:

«Ոստիկանության ծառայողների անգործության արդյունքում  մինչ օրս շարունակում են երեխային թաքցնել հորից և թույլ չեն տալիս հորը ստանձնել սեփական երեխայի խնամքն ու դաստիարակությունը։ Արդյունքում՝ 2024 թվականի նոյեմբերի 8-ին Սմբատ Ավետյանը ևս մեկ անգամ փորձել է տեսնել իր դստերը, սակայն կրկին բախվել է խոչընդոտների։ Տեսնելով այդ ամենը՝ Սմբատ Ավետյանը դիմել է Ոստիկանություն, սակայն դեպքի վայր ժամանած Մաշտոցի բաժնի ծառայողները, անգամ տեղում իրավիճակը տեսնելուց և Մաշտոցի բաժնում ավելի քան 5 ժամ շարունակ տևած գործողություններից և մեր՝ փաստաբաններիս կողմից իրավիճակի մանրամասն ներկայացումից հետո, այդպես էլ չվերացրին երեխայի խնամքը ստանձնելուն ուղղված խոչընդոտները։ Փոխարենը՝ սահմանափակվեցին միայն երեխայի մոր հայրիկի նկատմամբ «նախազգուշացում» կիրառելով»,- ասում է փաստաբան Հայկ Դավթյանը, և հավելում, որ հետագայում «նախազգուշացումը» ոստիկանության կողմից ևս վերացվել է:

Փաստաբանը տպավորություն է ստացել, որ Ոստիկանության ծառայողները լավ պատկերացնում են իրավիճակը, սակայն չեն «տեսնում», որ խոչընդոտվում է հոր կողմից իր երեխայի խնամքն իրականացնելը։ Թե՛ ազգային, թե՛ միջազգային բազմաթիվ իրավական ակտերում է նշվում, որ յուրաքանչյուր ծնող երեխայի մյուս ծնողի հետ հավասար հիմունքներով սեփական երեխայի խնամքն ու դաստիրակությունն իրականացնելու իրավունք ունի, միաժամանակ՝ պարտականություն։

Հայկ Դավթյանն ասում է, որ Ոստիկանության ծառայողները ծնողական խնամքը ստանձնելուն ուղղված խոչընդոտները վերացնելու փոխարեն, բանավոր զրույցների ընթացքում հայտնել են, որ իրապես տեսնում են «անհետաձգելի միջամտության որոշում» կայացնելու անհրաժեշտություն, սակայն գործնականում չեն կարող իրականացնել, քանի որ եթե երեխայի մոր ծնողներին թույլ չտան բնակվել երեխայի հետ, ապա կստացվի, որ երեխան կմնա միայնակ։

Փաստաբաններ Հայկ Դավթյանն ու Աշխեն Դաշյանը բարձրաձայնում են նաև երեխայի նկատմամբ գործադրվող հոգեբանական բռնության մասին։ Որպես օրինակ նշում են, որ 2024թ. նոյեմբերի 8-ին՝ երեխան, լսելով հոր ձայնը, փորձել է մոտենալ բնակարանի մուտքի դռանը, սակայն տանը գտնվող անձինք երեխային թույլ չեն տվել, ինչից հետո երեխան գտնվել է հոգեբանական բարդ վիճակում։

«Դեպքը չի առնչվում երեխայի ծնողների միջև առկա վեճին, այլ վերաբերում է Հայաստանում գտնվող միակ ծնողի և երեխայի համատեղ բնակվելուն, երեխայի խնամքը ծնողի կողմից իրականացնելու խոչընդոտները վերացնելուն, որոնք ուղեկցվում են երեխայի տատիկի, պապիկի կողմից, որոնք ծնող չեն հանդիսանում և որևէ իրավունք չունեն խոչընդոտել ծնողի՝ իր երեխային խնամելու և դաստիարակելու իրավունքներին: Ստացվում է, որ ըստ ոստիկանության ծառայողների պատկերացման՝ երեխայի տատիկը և պապիկը առավել մոտ հարազատներ են, առավել շատ իրավունքներ ունեն երեխայի հետ կապված, քան ծնողը»,- ասում է Հ. Դավթյանը:

Սմբատ Ավետյանն Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի աշխատակիցների մասնակցությամբ է կարողացել տեսակցել երեխային: Նրանց ներկայությամբ երեխայի մոր ծնողները, ըստ Հայկ Դավթյանի, հայտնել են, որ որևէ պարագայում թույլ չեն տալու Սմբատ Ավետյանին առանձին տեսակցել իր երեխային, իսկ երեխային անգամ մեկ օրով հոր տուն տանելու վերաբերյալ հնչեցված հարցին պատասխանել են, որ «դա պարզապես բացառված է»։

Փաստաբանները բազմաթիվ դիմում-բողոքներ են հասցեագրել իրավապահ մարմիններին՝ քննչական բաժիններին ու Դատախազությանը, սակայն՝ անօգուտ: 

Հաշվի առնելով Սմբատ Ավետյանի և դստեր՝ Ա․ Ավետյանի՝ ԱՄՆ քաղաքացիներ լինելու հանգամանքը, ներկայացված բոլոր տվյալների, այդ թվում՝ իրավապահների գործողությունների մասին, տեղեկացվել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

Պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք երեխայի մոր փաստաբանին՝ Տիգրան Խաչիկյանին: Վերջինս ասաց, որ իր դիրքորոշումները տեղ են գտել ընթացքի մեջ գտնվող դատական ակտերում, որտեղ էլ կարող ենք ծանոթանալ:

Տ. Խաչիկյանի դիրքորոշումն այն է, որ 2019թ. հետո առաջին մեկ տարվա ընթացքում Սմբատ Ավետյանն ընդհանրապես նախընտրել է չշփվել մանկահասակ երեխայի հետ և այդ ընթացքում առհասարակ վերջիններիս միջև որևէ շփում չի եղել: Հայաստան տեղափոխելիս երեխայի մայրն իր տիրապետման ներքո ունեցել է բոլոր անհրաժեշտ իրավական հիմքերն ու փաստաթղթերը, նրա մոտ չի եղել որևէ չարամտություն սահմանափակելու երեխայի շփումը հոր հետ: Իսկ երեխայի տեղափոխման պահին հայրը փաստացի չի իրականացրել երեխայի նկատմամբ խնամակալության իրավունքը:

«Ակներև է, որ չորս տարին ահռելի ժամանակահատված է երեխայի համար՝ իր նոր միջավայրին լիովին համակերպվելու իմաստով, և սկզբունքորեն անթույլատրելի հոգեբանական սթրես է նման պայմաններում երեխային դարձնել ամուսինների միջև չստացված համատեղ կյանքի քավության նոխազ, սեփական անթույլատրելի հավակնությունները երեխային կռվախնձոր դիտարկելու մեթոդով իրացնելու դրսևորում»,- դիրքորոշում է հայտնել Տ. Խաչիկյանը:

Նշենք, որ Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետ Մարինե Յայլախանյանը դատարաններում դիրքորոշում է հայտնել, որ երեխայի վերադարձը մերժելու հիմքեր չկան, հետևաբար, երեխան ենթակա է վերադարձման իր սովորական բնակության վայր՝ ԱՄՆ:

Գլխավոր նկարը՝ Սյուզաննա Օհանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter