
Մարտի 31-ին Փարաքարում ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն
Կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակել։
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ Փարաքարի ղեկավարի պաշտոնը թափուր դառնալուց հետո համայնքի ավագանու անդամների 1/3-ը նախաձեռնել է Փարաքարի ղեկավարի ընտրության օր սահմանելու նիստ, որից հետո՝ նոյեմբերի 29-ին գումարված նիստի համաձայն, Փարաքար համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օր էր սահմանվել 2024 թվականի դեկտեմբերի 11-ը:
Ինչպես կառավարութան հունվարի 16-ի նիստում նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ավագանու արտահերթ նիստով խմբակցությունների կողմից համայնքի ղեկավարի թեկնածու կամ թեկնածուներ չեն առաջադրվել, և գործող կարգավորումներով՝ դրանից հետո, համապատասխան արձանագրություններից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Կառավարությունը, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի կարգավորումների համաձայն, պիտի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և միաժամանակ նոր արտահերթ ընտրություններ նշանակելու որոշում կայացնի:
Դավիթ Խուդաթյանը նշել է, որ Կառավարության որոշմամբ ավագանին լուծարվում է, և նոր ընտրություն նշանակելու մասին որոշում է կայացվում: Դրանից հետո ԿԸՀ-ն տարվա առաջին ընտրական օրը՝ 2025 թվականի մարտի 31-ին, Փարաքարում կանցկացնի արտահերթ ընտրություններ:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արդեն երկրորդ համայնքն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անցկացնում է նախնական քվեարկություն, որի արդյունքները գնահատվել են դրական: «Այս համատեքստում՝ ժողովրդավարական ևս մեկ շատ կարևոր ինստիտուտ է կայանում Հայաստանի Հանրապետությունում, և հետևաբար, նախնական ընտրություններում Փարաքարի հաղթած թեկնածուն մարզպետի կողմից կնշանակվի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Այսինքն՝ այստեղ, ըստ էության, ամեն ինչ բաց, պարզ և թափանցիկ է»,- ընդգծել է վարչապետը:
Լուսանկարը՝ «Հետքի» արխիվից
Մեկնաբանել