HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հորդորում են ազդարարել կոռուպցիայի մասին, բայց արդյունքների մասին չեն հայտնում

Մոտ 6 տարի է, ինչ գործարկվել է Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը, որը հնարավորություն է տալիս ֆիզիկական կամ իրավաբանական անձանց անանուն եղանակով հաղորդել տեղեկություններ կոռուպցիոն դեպքի մասին։ 

Հարթակը ստեղծվել է Արդարադատության նախարարության և «Վի Իքս Սոֆթ» (VX soft) ընկերության միջև 2019թ. հունվարի 16-ին կնքված պայմանագրի հիման վրա՝ վերջինիս կողմից: Պայմանագրի արժեքը կազմել է 46 մլն 236 հազ․ դրամ: Կայքի սպասարկումն իրականացվում է դրա շրջանակներում: Նախարարությունից «Հետքին» հայտնում են, որ հարթակի սպասարկման համար իրենց մոտ հաստիքներ նախատեսված չեն, այսինքն՝ այդ նպատակով առանձին գումար չի ծախսվում։

Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը վարում է Արդարադատության նախարարությունը: Իսկ Գլխավոր դատախազությունն իր իրավասության շրջանակներում ապահովում է միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրված յուրաքանչյուր հաղորդման հաշվառումը, քննարկումը, իր իրավասությունների շրջանակներում միջոցների ձեռնարկումը։

Եթե հարթակով ներկայացված հաղորդմամբ ներկայացվող տեղեկությունը բավարար չափով հիմնավորված է, վերաբերում է կոնկրետ պաշտոնատար անձի կամ մարմնի և պարունակում է տվյալներ, որոնք ողջամտորեն կարող են ստուգվել, ապա Գլխավոր դատախազությունն այն վերահասցեագրում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին՝ ստուգելու նպատակով:

Նշենք, որ 2023թ․ փետրվարին վարչապետի նախագահությամբ տեղի ունեցած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստին քննարկվել է նաև հարթակի միջոցով ստացված հաղորդումների վերաբերյալ վիճակագրության ցածր ցուցանիշի հարցը, ինչի ենթադրյալ պատճառը հանրության շրջանում իրազեկվածության ցածր մակարդակն էր: Դրանից հետո՝ 2023թ. նոյեմբերի 29-ին, պաշտոնապես տրվել է ազդարարման համակարգի վերաբերյալ 2023-2024թթ․ հաղորդակցման գործողությունների համապետական իրազեկման ծրագրի և արշավի մեկնարկը, որի նպատակն էր նվազեցնել ազդարարների շուրջ բացասական ընկալումները, բարձրացնել իրազեկվածությունը նրանց կենսական դերի մասին, ինչպես նաև ընդգծել հարթակի դերը կոռուպցիայի դեմ պայքարում: 

Արդարադատության նախարարության փոխանցմամբ՝ 2023թ. նոյեմբերից մեկնարկած 2 փուլից բաղկացած ազդարարման համապետական արշավի շրջանակներում մեկ տարվա ընթացքում իրազեկման միջոցառումներ են իրականացվել բոլոր մարզերում՝ ՏԻՄ և մասնավոր հատվածի ներկայացուցիչների, աշակերտների և ուսուցիչների, ինչպես նաև ուսանողների ներգրավմամբ: 

Արդյունքում՝ 2023թ. համեմատությամբ 2024թ. աճել է ազդարարման դեպքերի քանակը։ Օրինակ՝ 2024թ․ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին գրանցվել են ամենաբարձր ցուցանիշները՝ նոյեմբերին՝ 41 ազդարարում, դեկտեմբերին՝ 56: Համեմատության համար նշենք, որ 2023թ․ ազդարարման ամենաբարձր ցուցանիշը եղել է դեկտեմբեր ամսին՝ 28 ազդարարում։

Ստացված հաղորդումների համեմատ մեծ թիվ են կազմում օպերատիվ-հետախուզական ստուգման ուղարկված հաղորդումները, սակայն, դրանց մեծ մասն այդպես էլ քրեական վարույթ չեն դառնում: Իսկ թե որոնք են ստուգման չուղարկելու հիմնական պատճառները, Դատախազութունից տեղեկատվություն չեն տրամադրել:

Էլեկտրոնային հարթակով ստացված հաղորդումների թվի ավելացումը դեռևս չի խոսում «որակի» մասին: Հարթակի գործարկումից ի վեր՝ 2019-2024թթ,. ստացվել է 1015 ազդարարում, որոնցից միայն 4,6%-ով է վարույթ նախաձեռնվել: Օրինակ, 2019թ. միասնական հարթակի միջոցով ստացվել է 188 ազդարարում, որից միայն 5 դեպքով է հարուցվել քրեական գործ: Սակայն, բոլոր քրեական գործերի վարույթները կարճվել են: 2023թ. ստացվել է 116 ազդարարում, որից միայն 1 ազդարարման դեպքով է հարուցվել  քրեական վարույթ: Սակայն, դրանց ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն չի հրապարակվել: Ըստ հրապարակված վիճակագրության՝ 2022թ. հարուցված 9 քրեական գործերից (վարույթներ) միայն մեկն է կարճվել, 8-ը գտնվում են նախաքննության փուլում:

Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով երաշխավորվում է ազդարարի պաշտպանությունը՝ ապահովելով նրա անանունությունը: Այս առումով, հարկ է նշել, որ անանուն ազդարարումը համարվում է ազդարարների պաշտպանության կարևոր երաշխիքներից մեկը, քանի որ վերջինս ապահովում է ազդարարների վստահությունը իրենց անձնական տվյալների պաշտպանության համար՝ հաշվի առնելով դրանց անհայտ լինելը ինչպես երրորդ անձանց, այնպես էլ պետական իրավասու մարմինների համար:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ստացված հաղորդումների գերակշիռ մասն անանուն է:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փորձագետ Հասմիկ Հարութունյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ հարթակի կիրառելիությունը մեծ չէ, քանի որ հանրության մոտ  տեղեկատվության և  իրազեկվածության պակաս կա: 

«Մարդիկ նույնիսկ չգիտեն՝ դա ինչ է, ինչպես է կիրառվում: Երկրորդը վստահության պակասն է: Մարդիկ վստահ չեն, որ դա արդյունք կտա, իսկ իրենք պաշտպանված կլինեն»,- ասում է Հասմիկ Հարությունյանը:

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Տիգրան Արեյանի փոխանցմամբ՝ չնայած «Ազդարարման համակարգի մասին» օրենքի համաձայն հարթակը վարում է նախարարությունը, սակայն դրան հասանելիություն ունի միայն Գլխավոր դատախազությունը, և մուտքագրված յուրաքանչյուր հաղորդման հաշվառումն իրականացվում է Դատախազության կողմից: 

Գլխավոր դատախազությունից հետաքրքրվել էինք, թե որ պետական մարմնի ներկայացուցիչների վերաբերյալ են ստացվել ամենաշատ ազդարարումները՝ խնդրելով տրամադրել գերատեսչությունների վերաբերյալ տեղեկություններ: Բացի այդ, հարցրել էինք, թե ազդարարման հիման վրա հարուցված քրեական գործերից կամ նախաձեռնված վարույթներից քանիսն ենմեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան։ Ի վերջո, ի՞նչն է պատճառը, որ ազդարարումը լայն տարածում չի ունենում հանրության շրջանում։

«Հայցվող տվյալների վերաբերյալ առանձին ամփոփված տեղեկատվություն ՀՀ դատախազությունում առկա չէ»,- ասված է պատասխանում:

Ստացվում է, որ պետությունը մի կողմից միջոցներ է ծախսում, էլեկտրոնային հարթակ ստեղծում, իրազեկման լայնածավալ արշավ անում էլեկտրոնային եղանակով ազդարարման կարևորության մասին, մյուս կողմից հստակ և ամբողջական վիճակագրություն չվարելու հետևանքով հանրությանը տեղեկատվություն չի տրամադրում, թե ինչ արդյունք ունեցավ համակարգը, որքանով են արդարացված ներդրված միջոցներն ու օգտագործված ռեսուրսները: Սա նաև վստահելիության ցուցիչ է: Գուցե որևէ գործ այդպես էլ չի՞ հասել դատարան, և այդ է պատճառը, որ ամփոփված տեղեկատվություն առկա չէ:

Ինֆոգրաֆիկաները՝ Արեն Նազարյանի

Գլխավոր լուսանկարը՝ Արդարադատության նախարարության ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter