HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կալանավորը ածելիի սայրով մարմնական վնասվածքներ է հասցրել «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցներին

«Արմավիր» ՔԿՀ կալանավորը ածելիի սայրով վնասել է հիմնարկի երկու աշխատակցի՝ պատճառելով վնասվածքներ: «Հետքի» տեղեկություններով, նա չի ցանկացել գնալ դատական նիստին: Աշխատակիցներն ասել են, որ պետք է գրավոր գրի, որ չի ցանկանում գնալ դատարան, ինչից հետո կալանավորը լեզվի տակ պահած ածելու սայրով վնասվածքներ է պատճառել աշխատակիցներին: 

Քրեակատարողական ծառայությունից հաստատեցին դեպքի մասին մեր տեղեկությունները: Մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը փոխանցեց, որ 2025թ.հունվարի 9-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձ Ռ․Պ․-ին դատական նիստի տեղափոխելու նպատակով քրեակատարողական ծառայողները ուղեկցել են հիմնարկի համապատասխան տեղամաս, որտեղ նա դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, չի ենթարկվել ծառայողների օրինական պահանջներին եւ թաքցրած ածելու սայրով վնասվածքներ է պատճառել ծառայողներից երկուսին՝ դեմքի հատվածում։

«Կալանավորված անձը սահմանված կարգով վնասազերծվել է։ Վնասվածքներ ստացած ծառայողներին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, ինչից հետո նրանք տեղափոխվել են բժշկական հաստատություն։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- փոխանցեց Ն. Նավիկյանը:

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն էլ փոխանցեց, որ փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում դեպքի օրը նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ: 

Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, սակայն դեռևս չեն ստացվել փորձագետի եզրակացությունները։ Նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել 2 անձի տուժող ճանաչելու մասին, վերջիններս հարցաքննվել են»,- հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter