HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանրամասներ՝ տրանսպորտային քարտերի ձեռքբերման գործընթացից

Երևանի քաղաքապետարանը այսօր տեղի ունեցած գործակարգավարական նիստի ընթացքում որոշ մանրամասներ է ներկայացնել տրանսպորտային քարտերի ձեռքբերման գործընթացից։ Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

«Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են Երևանի վարչական շրջանների մասնաշենքերում (թաղապետարաններում) իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային քարտերով՝ ARCA, VISA, MASTER, նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին։ 

Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է այցելել անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով։
Նույն գործընթացը հնարավոր է իրականացնել նաև Telcell ընկերության սպասարկման կետերում, ինչպես նաև transport.yerevan.am կայքում։

***
Արտոնյալ խմբերում չընդգրկված քաղաքացիները տրանսպորտային քարտ այս պահի դրությանբ կարող են ձեռք բերել մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից: Տերմինալից օգտվելու դժվարություն ունեցողները հունվարի 14-ից՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն և 20:00-ից մինչև 23:00 ընկած ժամանակահատվածում կարող են դրամարկղի աշխատակցի օգնությամբ ձեռք բերել քարտերը: Ժամային սահմանափակման նպատակը ծանրաբեռնված ժամերին ուղևորահոսքերի հետ գործընթացի համընկնելը բացառելն է: 
Նույն գործընթացը հնարավոր է իրականացնել նաև transport.yerevan.am կայքի միջոցով՝ ARCA, VISA, MASTER բանկային քարտերը կցելով (տրանսպորտային քարտ ձեռք բերել հարկավոր չէ):

***
Հարկ է նշել, որ տրանսպորտային քարտը լիցքավորումից հետո կակտիվանա մինչև 3 ժամվա ընթացքում. դա կապված է ծրագրային թարմացումների, բոլոր վալիդատորներին քարտ ձեռք բերելու, տոմսային փաթեթը կցելու, տեղեկատվությունը փոխանցելու հետ:

***
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից գործելու են միայն տրանսպորտային քարտերով, բանկային քարտերով ու Telcell wallet-ով ձեռք բերված փաթեթները: 
Տերմինալների միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել միայն 90 րոպեանոց QR կոդով կարճաժամկետ տոմսեր: 

***
Անդրադառնալով արտոնությունների փաթեթին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ հավելյալ արտոնյալ խմբերի և արտոնությունների չափի վերաբերյալ առաջիկայում քննարկումներ կլինեն: 

«Մեր հիմնական նպատակը պետք է լինի արտոնությունների արդար բաշխումը, որպեսզի բոլոր այն անձինք, ովքեր իրապես ունեն արտոնության կարիք, օգտվեն այդ հնարավորությունից: Տոմսային միասնական համակարգը, այո՛, անցումային բարդ գործընթաց է, մասշտաբային գործընթաց է,  և այս փուլում երևանցիների նույնիսկ այդ զայրույթի միջոցով աջակցությունը մենք նկատել ենք և էականորեն մեր հավաքագրումներն ավելացել են, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մարդկանց նաև ներողություն հայցել տեխնիկական տարատեսակ խնդիրների հետ կապված, որոնք ամենօրյա ռեժիմով լուծում ենք»,- ընդգծել է քաղաքապետը:  

***
Հիշեցնենք նաև, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար։ 

Հարկված (մաքուր) աշխատավարձերը. 
«ՄԱՆ» – 401 500 ՀՀ դրամ, 
«Ժոնգ Տոնգ» – 309 500 ՀՀ դրամ, 
«Գազել Սիթի» – 219 500 ՀՀ դրամ։ 

Աշխատանքային պայմաններին ծանոթանալու համար քաղաքացիները կարող են դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ք. Երևան, Թևոսյան 9 հասցեով, աշխատանքային օրերին՝ ժամը 10:00 – 15:00 կամ զանգահարել 093 674480 հեռախոսահամարով»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter