HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Պրոբացիայի ծառայությունը շահառուների վերասոցիալականացման նոր ծրագրեր է ներդրել

Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունը 2024թ․-ին երկու կարեւոր վերականգնողական ծրագիր է ներդրել՝ կախվածությունների հաղթահարում և բռնի վարքի նվազեցում։ Ծառայությունը նախապես կարիքների գնահատում է կատարել և պարզել, որ թմրանյութերից կախվածություն ունեցող շահառուները բավականին մեծ թիվ են կազմում։ Շահառուների երկրորդ մեծ խմբում բռնություն գործադրած արարքներով դատապարտյալներն են։

Դատարանը նրանց չի ազատազրկել՝ համարելով, որ կարող են հասարակության մեջ, Պրոբացիայի ծառայության հսկողության ներքո պատիժը կրել։ Շահառուների մեջ կան նաև պատժից պայմանական վաղաժամկետ ազատված անձինք։ Նրանք քրեակատարողական հիմնարկում որոշ ժամկետով պատիժը կրելուց հետո դրական վարքագիծ են ձեւավորել և դատարանի որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատվել են։ Այնուհետ, նրանց վերասոցիալականացման հարցով պետք է զբաղվի Պրոբացիայի ծառայության (ՊԾ) վերասոցիալականացման եւ վերականգնողական բաժինը։

«Դատարաններն արդեն Պրոբացիայի ծառայությանն ավելի շատ են վստահում, քանի որ դատավճռով շահառուներին պարտավորեցնում են կոնկրետ ծրագրերի մասնակցել՝ հոգեբանական թրեյնինգների, վերասոցիալականացման, կրթական և այլ ծրագրերի։ Դա պարտադիր պահանջ է, եթե փորձաշրջանի ընթացքում շահառուն չի մասնակցում վերասոցիալականացման ծրագրերին, պետք է միջնորդենք նորից ազատազրկել նրանց»,- ասում է ՊԾ-ի կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի պետ Սիրարփի  Մուղդուսյանը։

Քանի որ դատարանները հաճախակի են այդպիսի պահանջ ամրագրում դատական  ակտերում, ՊԾ-ն որոշել է թիրախային ծրագրեր կազմել։ Եվրոպայի խորհրդին (ԵԽ) առաջարկել են երկու ծրագիր ներդնել այդ խմբերի վերասոցիալականացման համար՝ կախվածությունների հաղթահարման և բռնի վարքագծի նվազեցման։

«Երկուսն էլ ավելի շատ հոգեբանական ուղղվածությամբ, մարդու ներաշխարհի, դիրքորոշումների և արժեհամակարգի փոփոխությանը, անձնային աճին նպաստող ծրագրեր են՝ ինչպես նվազեցնել ագրեսիվությունը, բռնի վարքագծին ինչ այլընտրանքային լուծումներ անձը գտնի, ինչպես ուժեղացնել սթրեսակայունությունը»,– ներդրված ծրագրերն այսպես է բնութագրում բաժնի պետը։

Ծառայությունը «Բռնի վարքագծի նվազեցում» ծրագիրնը սկսել էր մշակել 2024-ի տարեսկզբին։ ԵԽ-ի փորձագետները ծառայության մասնագետների հետ միասին ձեռնարկ են մշակել, Պրոբացիայի 10 ծառայողներ վերապատրաստվել են այդ ձեռնարկի մոդուլները շահառուների հետ իրականացնելու համար։ Այնուհետեւ, ձեռնարկի արդյունավետությունը ստուգելու նպատակով Երեւանում եւ Կոտայքի մարզում շահառուների երկու խմբի հետ պիլոտային ծրագիր են իրականացրել։ Ծրագրի պիլոտավորումն ավարտվել է, «Բռնի վարքագծի նվազեցում» վերականգնողական ծրագրի  արդյունավետությունն արդեն գնահատվել է և ուզում են մոդուլը հաստատել։

«ԵԽ փորձագետի հետ շարունակաբար քննարկվել և շտկվել են կիրառության ժամանակ ի հայտ եկած խնդիրները, ձեռնարկն ավարտուն տեսքի է բերվել։ Կարծում եմ` տարեվերջին «Բռնի վարքագծի նվազեցում» վերականգնողական ծրագիրը  կհաստատվի Պրոբացիայի շահառուների հետ իրականացնելու համար»,- հայտնեց Սիրարփի Մուղդուսյանը։

ՊԾ-ի աշխատակից, հոգեբան Հերմինե Գեւորգյանը բռնի վարքագիծ ունեցող շահառուների հետ է աշխատում։ «Խմբում, հիմնականում, 40–50-տարեկան տղամարդիկ են ներգրավված։ Սկզբում լարված էին, սակայն 2-3 հանդիպումից հետո դասընթացի նկատմամբ նրանց վերաբերմունքն ամբողջությամբ փոխվեց։ Վստահելի մթնոլորտ է ստեղծվել, պատրաստակամ են իրենց մտքերն ազատ արտահայտելու հարցում։ Պատկերացրեք, որ դասը սկսվելուց 20 րոպե առաջ էին ներկայանում և առաջարկում շուտ սկսել»,- պատմում է Հ․ Գեւորգյանը։

Դասընթացավարը կուրսը սկսելուց առաջ հարցաշարի միջոցով պարզում է շահառուների դիրքորոշումներն ու մտածողությունը։ Ծրագրի կեսն անցնելուց հետո կրկին հարցաշարի միջոցով գնահատում է դասընթացի ազդեցությունը։ «Սկզբնական եւ ընթացիկ հարցաշարերի պատասխանների համեմատությունը բավականին դրական փոփոխություններ է ցույց տալիս։ Նույն երեւույթի նկատմամբ սկզբում ունեցած ագրեսիվ վերաբերմունքը փոխվել էր նրանց մեկնաբանություններում։ Վերջին դասից հետո նորից են գնահատվելու, եւ դրանից հետո կարող եմ հստակ ասել, թե ինչ է փոխվել նրանց մեջ»,- հայտնեց Հերմինե Գեւորգյանը։

ՊԾ-ի վերասոցիալականացման եւ վերականգնողական բաժինը երկրորդ ծրագիրը թմրամիջոցներից կախվածությունը հաղթահարելու ուղղությամբ է իրականացրել։ Աշխարհում թմրամիջոցների օգտագործումը լայնորեն տարածվում է, եւ Հայաստանն անմասն չէ այդ արատից։ ՊԾ-ում այդ քրեական գործերով դատապարտված շահառուները մեծ թիվ են կազմում։ Գնահատման արդյունքում երկրորդ ծրագիրն են առաջարկել, և ԵԽ փորձագետները, Պրոբացիայի  հետ համագործակցելով, արդեն մշակել են ձեռնարկը։ 2025թ․-ի սկզբից նախատեսվում է դասընթացավարներին վերապատրաստել ու ձեռնարկի փորձարկում իրականացնել։

Հաստատված վերականգնողական ծրագրերը 10-14 հանդիպում են նախատեսում շահառուի հետ։ Վերջին հանդիպումից հետո նրա անձնական գործին  հավաստագիր են կցում, որ անցել է վերականգնողական կուրսը։ «Ենթադրաբար, վերականգնողական ծրագիրն անցնելուց հետո, նա պետք է կրկնահանցագործություն չկատարի, դա է դասընթացի նպատակը»,- հայտնեց ՊԾ-ի կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի պետ Ս․ Մուղդուսյանը։

Ութ հոգանոց խմբից նույնիսկ երկուսի դրական արդյունքը նա հաջողություն է համարում։ «Թմրանյութերից կախվածություն ունեցող անձանց հետ աշխատանքն ամբողջ աշխարհում շատ բարդ է, իսկ արդյունավետությունն ավելի փոքր տոկոսներով է գնահատվում,- ասում է Ս․ Մուղդուսյանը։

2022թ․-ի հունիսից ուժի մեջ մտած նոր Քրեակատարողական օրենսգիրքն ամբողջությամբ կառուցված է վերասոցիալականացման գաղափարախոսության վրա։ Օրենքը մեծ նշանակություն է տվել ուսուցմանը, աշխատանքին, վերասոցիալականացման պլան կազմելուն, վերասոցիալականացման հանձնաժողովների դերակատարությանը։

Շահառուին վերասոցիալականացման ծրագրերում ընդգրկելու համար երկու պարտադիր բաղադրիչ պետք է լինի։ Առաջին՝ եթե դատական ակտով պարտավորեցրել են ընդգրկվել վերականգնողական ծրագրերում, ուրեմն պարտավոր ես իրականացնել։ Երկրորդ՝ ռիսկերի և քրեածին կարիքների գնահատման հիման վրա պետք է իրականացնես։ Ս․ Մուղդուսյանը շեշտում է, որ Պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման բոլոր ծրագրերը ռիսկերի ու քրեածին  կարիքների գնահատման հիման վրա են կազմվում՝ և՛ կրթական, և՛ առողջապահական, և՛ մասնագիտական, և՛ կախվածությունները հաղթահարելու, և՛ ընտանիքի սոցիալական միջավայրին վերաբերող։

ՊԾ կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժինը ռիսկերի ու  քրեածին  կարիքների գնահատման արդյունքով կազմում է շահառուի վերահսկողության եւ վերասոցիալականացման պլանը։ Այդ գործընթացի ճիշտ եւ արդյունավետ կազմակերպումն ամբողջությամբ կախված է գործիքի գնահատումից։

Սիրարփի Մուղդուսյանն ընդգծում է վերականգնողական ծրագրերի ներդրման ուղղությամբ ԵԽ-ի մեծ աջակցությունը։ «Միասին ենք մշակել ռիսկերի եւ քրեածին կարիքների գնահատման գործիքը, բայց կիրառության մեջ այն որոշակի խնդիրներ էր ստեղծում։ Գործիքը շահառուի ռիսկը մեծամասամբ ցածր էր գնահատում, և չէինք կարողանում վերասոցիալականացման ճիշտ պլան կազմել։ Նրանց հետ աշխատելիս հասկանում ենք, որ այդ մարդու ռիսկը միջին է կամ բարձր»,- ասում է բաժնի պետը։

Մի քանի տարվա գնահատումից հետո եզրահանգել են, որ գործիքը վերանայելու անհրաժեշտություն կա։ Այս տարի կրկին վերամշակել և վերագնահատում են կատարել։ Վերագնահատված գործիքը փորձնականում կիրառել են, արդյունքը գոհացուցիչ են համարում և պատրաստվում են ներկայացնել արդարադատության նախարարի հաստատմանը։ Ենթադրում են, որ 2025թ․-ի սկզբին կունենան նոր հաստատված գործիք, որը, մասնագետների կարծիքով, բավականին զգայուն է, հստակ ցույց է տալիս ռիսկի աստիճանը։

Այսպիսով, ՊԾ-ի հոգեբանները և պրոբացիայի ծառայողները վստահեցնում են, որ ԵԽ-ի ներդրած վերականգնողական ծրագրերով դասընթացներին մասնակցող շահառուների վարքագծում դրական փոփոխություններ են նկատվում։ Այս ծրագրերը, զուգակցված ռիսկերի և քրեածին կարիքների գնահատման վերանայված գործիքի հետ, օգնում են Պրոբացիայի ծառայությանն ավելի արդյունավետ կերպով իրականացնել անհատական միջամտությունները։ Ժամանակի ընթացքում, երբ այս փոփոխությունները համոզիչ կլինեն, դատարանները հնարավորություն կունենան ազատազրկումը ծայրահեղ դեպքերում կիրառել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter