HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

2024-ին «Զվարթնոցը» չի կարողացել հասնել 2023-ի ռեկորդային ուղեւորահոսքին

Հայաստանի գլխավոր օդային դարպասը՝ Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, 2024 թվականին չի կարողացել հասնել 2023-ին գրանցված ռեկորդային ուղեւորահոսքին: Այդուհանդերձ, նախորդ տարի օդանավակայանը շատ հետ չի մնացել 2023-ի ցուցանիշներից:

Այսպես՝ եթե 2023-ին «Զվարթնոցից» օգտվել է 5.330.308 ուղեւոր, ապա 2024-ին եղել է 5.248.348: Նվազումը կազմել է 1,5 %, ինչն, իհարկե, փոքր տարբերություն է:

Այս մասին տեղեկանում են ՀՀ քաղավիացիայի կոմիտեից, որն իր հերթին տվյալները վերցրել է «Զվարթնոցի» կոնցեսիոն կառավարիչ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

Նկատենք, որ 2023-2024 թթ. ուղեւորահոսքի ցուցանիշները կտրուկ տարբերվում են նախորդած տարիների թվերից, ինչը կարելի է տեսնել ստորեւ ներկայացվող ինֆոգրաֆիկայում:

Zvartnots: Passengers (2014-2024)
Infogram

Եթե 2023-ին ժամանած ուղեւորները մեկնածներից ավելի շատ էին (ժամանածները՝ 50,2 %, մեկնածները՝ 49,8 %), ապա նախորդ տարի հակառակ պատկերն էր (ժամանածները՝ 49,9 %, մեկնածները՝ 50,1 %): 2024-ին «Զվարթնոցով» ժամանել է 2.618.836 մարդ, մեկնել՝ 2.629.512 հոգի:  

Ինչ վերաբերում է ամսական բացվածքին, ապա 2024-ին եւս պահպանվել է «Զվարթնոցի» ավանդական կորը: Այն է՝ ամենապասիվ ամիսը փետրվարն է, որից հետո արձանագրվում է աստիճանական աճ, որն էլ իր առավելագույնին է հասնում օգոստոսին (ամռան ամիսները զբոսաշրջային սեզոն են), ապա նորից նկատվում է անկում, սակայն դեկտեմբերին որոշակի աշխուժացում է լինում (Ամանորին Հայաստան վերադարձող կամ այստեղից մեկնող աշխատանքային միգրանտների, ինչպես նաեւ ժամանակող ու մեկնող զբոսաշրջիկների հաշվին):

Passengers: EVN (2014-2024)
Infogram

Ընդ որում՝ չնայած 2024-ին ուղեւորահոսքը 2023-ից տարեկան կտրվածքով մի փոքր պակաս է եղել, նախորդ տարվա հունվար, մարտ, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին ավելի շատ ուղեւորներ են օգտվել «Զվարթնոցից», քան 2023-ի նույն ամիսների ընթացքում: Մանրամասները կարելի է տեսնել ինֆոգրաֆիկայում:

Բեռնափոխադրման սեգմենտում 2024 թվականը բավական հաջող է եղել «Զվարթնոցի» համար: Օդանավակայանը նոր նշաձող է սահմանել: Մասնավորապես՝ եթե 2022-ին ՀՀ գլխավոր օդային դարպասով տեղափոխվել էր 23.340 տոննա բեռ եւ փոստ, ապա 2023-ին այդ թիվը դարձել էր 33.850 տոննա, իսկ ահա 2024-ին «Զվարթնոցում» բեռնափոխադրման ծավալները հասել են 42.235 տոննայի:

Ինչպես կարելի է տեսնել ինֆոգրաֆիկայում, օգոստոսից սկսած բեռների ծավալները «Զվարթնոցում» կտրուկ աճել են եւ դեկտեմբերին անցել ամսական 5000 տոննայի շեմը:

EVN Cargo: 2024
Infogram

Քաղավիացիայում, ուղեւորահոսքից ու բեռնափոխադրումից զատ, կարեւոր ցուցանիշ են թռիչք-վայրէջքների թվերը:

Սրանց քանակն ու օդանավերի տարողությունն են ապահովում ուղեւորափոխադրման ծավալների մեծ ցուցանիշները: Այսինքն՝ որքան շատ են չվերթերը եւ տարողունակ են օդանավերը, այնքան շատ են ուղեւորները:

Եթե 2023-ին գրանցվել էր 43.485 թռիչք եւ վայրէջք, ապա անցյալ տարի եղել է 39.168 թռիչք եւ վայրէջք, որոնցից 19.581-ը՝ թռիչք, 19.587-ը՝ վայրէջք: Ամսական բացվածքը՝ ստորեւ:

EVN Flights: 2024
Infogram

Հաջորդ հոդվածում կանդրադառնանք Գյումրու «Շիրակ» օդանավակայանի ցուցանիշներին:

Տես նաեւ՝

Լուսանկարը՝ «Զվարթնոցի» ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter