
.... հոգին է, որ կը հրամայէ, հոգին է որ կը հմայէ... Եղիա Տեմիրճիպաշեան (մաս 4)
Այս իրիկուն լալագին, ո՛վ սիրելի Եղիա,
Նիրվանայիդ աստղայեռ կու գամ դըռները բաղխել... Դանիել Վարուժան (Տրտունջք)
1908-ի հուլիսի 6-ը, նոր տոմարով 19-ն էր, երբ դա տեղի ունեցավ: 57 տարեկան էր: Բայց ոնց որ ծերուկ լիներ՝ ճերմակած, կմախքացած: Նրա անշնչացած մարմինն ազատեցին օղակից՝ «մեծ զէրոյից» և դրեցին մահճակալին: Ամառ էր, բայց հարազատները և ընկերները հապաղում էին թաղման արարողությունը կազմակերպել: Սպասում էին պատրիարքի կարգադրությանը: Ընդհանրապես եկեղեցու սպասավորները կտրականապես դեմ էին անձնասպանի համար հոգեհանգստի կարգ կատարել և հուղարկավորել եկեղեցական ծեսով: Այնպես որ, Եղիա Տեմիրճիպաշյանի դին դեռ ստիպված էր դիմանալ Պոլսի խոնավ շոգին, իսկ ալեկոծված հոգին՝ դեգերել երկրի ու երկնքի միջև, քանի Օրմանյան պատրիարքը չարտոնեց նրա մարմինը տեղափոխել Պէյօղլուի Ս. Երրորդութիւն եկեղեցի և կանոնական ծեսով և աղոթքներով հոգեհանգստյան կարգ կատարել:
Ցնորված Էլէն Նիսընը
Այս ընթացքում Էլէն Նիսընը, հուսահատության և վշտի ազդեցությամբ «մօտակտուր ըրաւ դիակը, և իբր գերագոյն յիշատակ, պահեց ծայրատուած անդամը ալքօլի սրուակի մը մէջ զոր կը ցուցնէր տարիներ ետք ամէն անոնց որ իրեն կ՛այցելէին Եղիայի համար»: Ալկոհոլի մեջ դրված առնանդամը, որ ընկերներից մեկն իր հուշերում անհարմար է զգացել ուղիղ անվանել և կոչել է «անանուանելի յիշատակ», Էլէնը պահում էր իր զարդասեղանի վրա՝ «քովիկը Եղիայի լուսանկարին» մինչև իր՝ 1919թ․ մահը: Իսկ իր գզրոցի մի խորը անկյունում էլ պահել էր այն գոտին, որով կախվել էր Եղիան: Ինչևէ պատրիարքի հատուկ կարգադրությունից հետո անմիջապես Տեմիրճիպաշյանի դին տարան Սուրբ Երրորդություն եկեղեցի: Այստեղից էլ թափորն ուղևորվեց Շիշլիի հայկական գերեզմանատուն:
Դամբանականները սկսվեցին Գրիգոր Նարեկացու խոսքերով. «Հանդարտեցո’ Փայտիւդ կենաց զծովոյս մրրիկ»: Տիկին Նիսընը բան չէր հասկանում, քանի որ հայերեն չգիտեր: Բացի այդ էլ, նրա վիշտն այնքան խորն էր և միտքը պղտորված, որ դամբանականներ լսելու սիրտ չուներ: Նա մի բուռ հող վերցրեց գերեզմանից և մեկ վարդ՝ ևս որպես մասունք պահելու համար, ու ընկերուհիների հետ հեռացավ՝ մեկընդմիշտ Շիշլիի գերեզմանատանը թողնելով Եղիա Տեմիրճիպաշյանի մարմինը և իր վարդե շքեղ պսակը՝ մանուշակագույն ժապավենի վրա հետևյալ մակագրությամբ. «Madame Hélène V. Nissen.- Souvenir de votre cher fidèle ange gardien. (ի հիշատակ Ձեր թանկագին, հավատարիմ պահապան հրեշտակից)»: Նա եկավ տուն, որտեղ 13 տարի ապրել էր Եղիայի հետ: Եվ առաջին բանը, որ արեց, մոտեցավ նրա սենյակի դռանը և այն հավիտյան գոցեց բանալիով՝ մինչև իր մահը երբեք չբացելու վճռականությամբ: Դռան հետևում մնաց հանգուցյալի չհարդարված մահճակալը և ամեն ինչ, այնպես, ինչպես օղակը պարանոցին ձգելիս վերջին անգամ տեսել էր Եղիա Տեմիրճիպաշյանը: Դռան հետևում գուցե և բանտարկված մնաց նաև Եղիայի հոգին, վերաքննելով՝ «Մեր հաճոյքները կը նմանին ծաղիկներու. Մէկիկ մէկիկ կը ժողվենք զանոնք կեանքի մէջ, բայց երբ ուզենք անոնցմով երջանկութեան փունջը կապել՝ անոնց թոռմած ըլլալը կը տեսնենք», ժամանակ առաջ արված իր իսկ փիլիսոփայումը: Ո՛վ իմանա:
«...Ո՜վ գերաշխարհիկ ոգի, որ բոլոր տոհմիդ ալ տուիր սրբարանիդ հրանոյշ սնունդէն, բիւրեղանշոյլ էջերովդ ու արծաթահունչ պերճախօսութեամբդ, որ մտածումն ու երգը մատռուակեցիր մեզի. ալ լմնցա՞ւ դերդ եւ իրօք դիա՞կ մ’ես դուն, կեր դրապաշտ դանդիռին: Անհուն անմարդաձայն անդունդէն ուր կը սուզիս թեւերդ ծալլած եւ աչքերդ փակ, քու ցկեա՜նս հառաչած խաւարանդորր ու անծանօթ երանութեանդ ահա այլեւս հասած, չե՜ս դառնար ու երեւար անգամ մը մեզի, վիհին եզրը կեցած սրտատրոփ ու թշուառ կրտսերներուդ, ո՜վ լուսհանդերձ ու բոցագէս Եղիա, եւ հանդերձեալէն բա՜ռ մը, քաղցր ու սփոփիչ բա՜ռ մը չե՞ս ըսեր. խորհուրդին շարաբէն, Յաւիտենութեան հաշշաւենիէն, դգա՜լ մը, Աստուծոյ անուշէն պուտ մը չե՞ս տար մեզի…»: Ինչ հրաշալի են Ինտրայի՝ առ Եղիա այս տողերը:
Շիշլիի շիրմատան պատի տակ
Էլէնը իրեն չէր կարողանում ներել, որ այդ չարաբաստիկ կիրակի օրը՝ 1908թ. հուլիսի 19-ին, ինքը գործով դուրս էր եկել տնից՝ անհսկելի թողնելով Եղիային: Նա հատկապես վերջին շրջանում մենակ չէր թողնում նրան: Անգամ, երբ Եղիան գնում էր թափառելու՝ հետևից գաղտագողի հետևում էր: Բռնվելու դեպքում հաճախ նա արժանանում էր ծեծուջարդի: Եղիան անչափ բարկանում էր՝ զգալով իրեն ստվերի պես հետևող կնոջը: Գուցե, որովհետև ամեն անգամ տնից դուրս գալիս նա հույս էր փայփայում, թե այլևս չի վերադառնա: Չի վերադառնա ո՛չ տուն, ո՛չ էլ կյանք: Վերջապես ի կատար կածի իր մեծ իղձը՝ անե՛լ իր հետ ուզածը: Այդ հույսը նրան ոգևորում էր, իսկ Էլէնը փչացնում էր ամեն բան: Նա դուրս չէր եկել Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցի բժիշկների և դայակների օրնիբուն հսկողությունից, որ հիմա էլ կնոջ սևեռուն հայացքի տակ ընկներ:
Մինաս Չերազը գրում է, որ տիկին Նիսընը շատ դժգոհ էր, որ Եղիային թաղել էին գերազմանոցի՝ անձնասպաններին հատկացված մասում՝ պատի տակ՝ «Իբր թէ շան դիակ ըլլար»: Եվ ինքը՝ Չերազը, դիմել է Կոստանդնուպոլսի նոր պատրիարք՝ Եղիշե Դուրյանին այս հարցով, և շիրիմը տեղափոխվել էր Շիշլլի կենտրոնական մասը, Էլէն Նիսընն էլ «հոյաշէն դամբարան» է կառուցել:
Եղիայի կորսված ահռելի ժառանգությունը
Էլէնը դժգոհ էր հայ ժողովրդից, «Իլիաս էֆենդիի»՝ «այդպիսի մեծ մարդու մը հանդէպ անտարբեր գտնուած ըլլալուն համար»: Եվ որպես պատիժ հայությանը, մերժել էր իր մոտ գտնվող Եղիայի ձեռագրերը հանձնել առ որ անկ է: Միայն մի փոքր մասը: Եգիպտոսում հայտնվել է մի տետրակ՝ լեցուն աղւոր անտիպ գործերով: «Դըժբախտաբար այդ կազմուած տետրակը՝ որ կը պատկանէր աղեքսանդրիաբնակ Տիկին Գէորգ պէյ Մէրամէթճեանի որուն կարծեմ հայերէնի մասնաւոր ուսուցիչը եղած էր Տէմիրճիպաշեան, կորսուեցաւ վերջէն»: Հրդեհի զոհ են դարձել նաև «Մասիս»-ի աշխատակից Տիրան Քելէկեանին հանձնված գործերը: «Մեր շռայլութի՞ւնը ըսեմ՝ թէ մեր անփութութիւնը սահման չունի. մենք այն տխմար ժառանգորդներուն կը նմանինք որոնք թէեւ աղքատ բայց չեն փութար տիրանալ իրենց հարստութեան՝ պզտիկ ճիգ մը ընելով...»:
Խարսխագործի հետնորդը
1908-ի հուլիսի 6-ին, նոր տոմարով 19-ին անձնասպանության 4-րդ փորձից հասավ իր նպատակին՝ մեռավ: Այլևս «Եղիայի հոգին կը սաւառնէր իր հողեղէն մարմնին կապանքներէն բոլորովին զերծ»: Բայց, այդ օրը, վերջակետ դրվեց ոչ միայն իր կյանքին, այլև 18-րդ դարից վկայված Տեմիրճիպաշյանների տոհմին, որ սերում էր Պարսից շահ Թահմասգուլիի օրոք Կոստանդնուպոլիս գաղթած բնիկ երևանցի ընտիր դարբին Գալուստից: Նրա որդին՝ Գեւորգը, ծառայեց Պոլսի արքունի նավարանում՝ նավահարդարման արտադրամասի հայազգի պետ Մարտիրոսի մոտ: Անսպասելի և ուրախալի փաստ է, որ հենց այս երիտասարդն է հորինել խարիսխի ժամանակակից տեսակը: «Հանդէս ամսօրեայ»-ի 1900թ. փետրվարի համարում կարդում ենք. «Նորաձեւ խարսխիս կաղապարն, զոր Գէորգ հնարած եւ իւր ձեռամբ դարբնած ու կերտած էր, կը գտնուի ցայսօր Արքունի Նաւարանին հրապարակին մէջ»: Գուցե խորհրդապաշտական բան կա Գեւորգի ստեղծած խարսխի և Տեմիրճիպաշյանների ցեղում կատարված որոշ դեպքերի միջև: Եվ Եղիայի ջրասույզ լինելու անհագուրդ երազանքը ինչ-որ ձևով կապված էր իր ապուպապի արհեստի հետ: Բացի այդ ինքը ցեղում միակը չէր, որ ուզում էր ծովում վերջ տալ կյանքին: Իր զարմիկներից մեկը՝ Խոսրով անունով, հենց այդպես էր մեռել: Ինչևէ, մեր Փրկչի 1753-րդ տարում՝ արդեն նավահարդարանի և թնդանոթարանի երկաթագործության ղեկավար դարձած վարպետը, ամուսնանում է Եղիսաբեթ անունով մեկի հետ, ունենում Փանոսին, Ստեփանոսին, Գալուստին և Հակոբին:
Որդիներից Գալուստը դառնում է հայտնի մեկը ազգային կառույցներում: Ամուսնանում է, ունենում 9 տղա և 3 աղջիկ: Նա մեծ կալվածք է գնում և ապրում համեստ և ազնիվ կյանքով: Տղաներից 5-ը մնում է ամուրի: Բայց դա միակ անհաջողությունը չէր իր գերդաստանի համար: Հետագայում էլ 4 ամուսնացյալ տղաների զավակներից և ոչ մեկը ճակատագրի հեգնանքով չի ամուսնանա: Տոհմը կամաց-կամաց կսպառվի: Կարապետը այդ չորսից մեկն էր: Նա՝ շինությունների զարդաքանդակների այդ տաղանդավոր վարպետ-գծագրողը, կնության է առնում Պոլսի Պեշիկթաշ թաղի ավագերեց՝ Տեր Հովհաննեսի աղջկան՝ Հռիփսիմեին: Հոր կալվածքում գտնվող իր առանձնատունը ներկում է կարմիր գույնով և ապրում:
1851-ի մայիսի 8-ին ծնվում է Եղիան, 4 օր անց նրան մկրտում են: Տղան մեծանում է իր հոգևորական պապի տանը, որի շուրջ աներևակայելի պատմություններ էին պտտվում: Մարդիկ տեսել էին, թե ինչպես պատարագի ժամանակ երեցի ոտքերը կտրվել են գետնից և հրեշտակները նրան այդպես՝ օդում պահել են մինչև պատարագի ավարտը: Ծխականները նրան սուրբ էին համարում: Եղիան՝ նույնպես: «Մեծցել եմ վարդերու, նշխարներու եւ սուրբ շունչերու մէջ»: Հետո լույս աշխարհ է գալիս եղբայրը՝ Պողոսը: Եղիայի հակապատկերը՝ ուրախ, առողջ: Նա հորից ժառանգել էր նկարչական մեծ ձիրք և օրերից մի օր նշանակվել պալատական շինությունների վերակացու: Պողոսը շատ էր խաղում Եղիայի հոգու հետ: Նա չէր ընդունում գեղեցիկ կյանքի նկատմամբ եղբոր տգեղ վերաբերմունքը: Բայց շուտով խեղճը անսպասելի մեռնում է: Այնինչ այնքան կուզեր ապրել: Իսկ եղբայրն ապրում է, չնայած այնքան կուզեր մեռնել: Բայց այդ օրն էլ եկավ: Եվ Եղիան կախվեց: Նա Տեմիրճիպաշյանների տոհմի վերջին մոհիկանն էր: 200 տարվա ազգաբանությունն ընդհատվեց: Արական կողմից ոչ մի ժառանգ, ոչ մի հույս վերընձյուղման:
Պոլսում կար մի փոքրիկ աղջիկ, ում անունը հոլովվում էր Եղիայի անվան հետ՝ Հռիփսիմեն: Եղիայի հոգեզավակն էր, որ կրում էր իր մոր անունը: Ե՞րբ, ինչպե՞ս … հայտնի չէ: Գուցե Եղիան իր մոր՝ Հռիփսիմեի մահից հետո էր աղջկան որդեգրել: Գուցե և ինքն էր անվանակոչել նրան Հռիփսիմե՝ ի հիշատակ մոր: Ցավոք...դեռ որ պարզել չի ստացվում:
Բայց հայտնի է մի շատ հետաքրքրական փաստ: Եղիայի հոգեզավակ Հռիփսիմեն հետագայում դարձավ հռչակավոր երգչուհի Գոհար Գասպարյանի հորենական մեծ մայրը:
Լուսանկարները՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվից
Մեկնաբանել