
Միկոյան 64 համալիրի սեփականատերերից խլում են կանաչապատման համար նախատեսված ընդհանուր բաժնային սեփականությունը
Երևանի Անաստաս Միկոյան 64 հասցեում կառուցված և բնակելի 6 շենքից բաղկացած համալիրի բնակիչներից խլում են իրենց պատկանող՝ ընդհանուր բաժնային սեփականությունը։
Կառուցապատող «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն նախագծով ծանրաբեռնված և կանաչապատման ու բարեկարգման համար նախատեսված հատվածն առանձնացրել է, այնուհետև վաճառել իրեն փոխկապակցված մեկ այլ ընկերության՝ «ԿԱԷՌ Մայնինգ» ՍՊԸ-ին։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ թույլ է տվել նախագծով ծանրաբեռնված և կանաչապատման ու բարեկարգման համար նախատեսված տարածքը օտարել. Ավինյանն այդ հատվածին առանձին հասցե է տրամադրել, իսկ Կադաստրի կոմիտեն իր հերթին, առանց գնորդների համաձայնությունը ստանալու, գնորդների գնման իրավունքներով ծանրաբեռնված հողամասի առանձնացված մասը գրանցել է որպես առանձին գույքային միավոր։
2 տարվա ժամկետի խախտում և շահագործման չհանձնված համալիր
«Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն Անաստաս Միկոյան 64 հասցեում 2019 թվականին ստացել է 6 հատ 18 հարկանի շենք կառուցելու շինթույլտվությունը։ Առայսօր այն շահագործման չի հանձնվել՝ չնայած բնակիչների մի մասն արդեն ապրում է այդ շենքերում։
Համալիրը կառուցվել է 3․37 հա մակերեսով հողատարածքի վրա, որտեղ, Երևանի քաղաքապետարանի հաստատած նախագծով նախատեսվել են նաև մանկապարտեզ, շատրվաններ, ամֆիթատրոն, մինի վոլեյբոլի և ֆուտբոլի դաշտեր, մարզասրահ, լողավազան և ենթակայան:
2021թ․-ին «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերությունն արդեն մեկ անգամ փորձ էր արել նախագծի փոփոխություն իրականացնել, և սկզբնական նախագծով նախատեսված բարեկարգման ու կանաչապատման, շատրվանների, մանկապարտեզի, ամֆիթատրոնի և խաղադաշտերի համար նախատեսված տածաքում իրականացնել թաունհաուզների կառուցում՝ վերջիններիս սպասարկող ճանապարհով: Սակայն գնորդների բողոքների արդյունքում գործընթացը կասեցվեց և չեղարկվեց:
Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման ժամկետ, ըստ բնակիչների հետ կնքված պայմանագրերի, սահմանված է եղել մինչև 2022 թվականի հոկտեմբերը։ 8 անգամ Երևանի քաղաքապետարանը երկարացրել է շինթույլտվությունը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2024 թվականի հունիսի 5-ին ստորագրել է համալիրի ավարտական ակտը` չնայած բազմաթիվ աշխատանքներ դեռևս կիսատ են եղել։
Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալիկ Վարդազարյանը, պատասխանելով բնակիչների նամակին, հայտնել է, որ շահագործման թույլտվության ձևակերպման համար ժամկետ է սահմանվել մինչև 2025թ․ փետրվարի 13-ը։ Սակայն Քաղաքապետի 2024թ․ սեպտեմբերի 9-ի որոշման համաձայն՝ շահագործման ժամկետ է սահմանվել ավարտական ակտից 6 ամսվա ընթացքում։ Այսինքն՝ 2024թ․ դեկտեմբերի 5-ին համալիրն արդեն պետք է շահագործման թույլտվություն ունենար։
Կառուցապատող «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154․2 հոդվածի համաձայն կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն՝ առանց շահագործման թույլտվության կառուցապատված օբյեկտը շահագործելու փաստի կապակցությամբ։
Վաճառքի թաքուն գործարքներ
«Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն միաժամանակ նախաձեռնել է նախագծով և գնորդների գնման իրավունքով ծանրաբեռնված տարածքից 0,4 հա-ն օտարելու գործընթացը։
Քաղաքապետարանի պաշտոնյայի պատասխանից պարզվում է, որ համաձայն փորձագիտական եզրակացությունների և աշխատանքային վերահամաձայնեցված նախագծի՝ համալիրի նշված տարածքում նախատեսված են եղել բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։
Եվ չնայած Տիգրան Ավինյանն արդեն իսկ հաստատել էր այդ համալիրի ավարտական ակտը՝ հուլիսի 22-ի որոշմամբ «Ն ԵՎ Ս ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Անաստաս Միկոյան փողոցի 64 հասցեում գտնվող 0.4 հա մակերեսով մասին տրամադրել է նոր հասցե՝ Անաստաս Միկոյան 64/7։ ՀՀ կադաստրի պետական կոմիտեում օգոստոսի 13-ին այն ստացել է պետական գրանցում՝ ստանալով առանձին կադաստրային ծածկագիր։ Այսինքն՝ Կադաստրի կոմիտեն «Ն ԵՎ Ս ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ին տրամադրել է սեփականության վկայական՝ անտեսելով և համապատասխան գրառումներ չանելով գոյություն ունեցող գնման իրավունքների (գրավի իրավունք) վերաբերյալ:
Քանի որ հողամասն ամբողջությամբ գրավադրված էր «Ամիօբանկում», ապա այս գործարքները տեղի են ունեցել նաև բանկի մասնակցությամբ, որովհետև վերջինս նույնպես պետք է տար իր համաձայնությունը։
Դրանից հետո «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ընկերությունը 2024թ. օգոստոսի 30-ին անշարժ գույքի նախնական և հաջորդող գրավի խառը պայմանագրով նշված 0,4 հա հողատարածքը վաճառել է իր հետ փոխկապակցված «ԿԱ ԷՌ Մայնինգ» ՍՊԸ-ին։
Համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ընկերության խոշոր բաժնետերը Աիդա Հովհաննիսյանն է՝ 62․5 % մասնակցությամբ։ «ԿԱ ԷՌ Մայնինգ» ՍՊԸ-իմիջանձնյա բաժնետերը Ռուբեն Կարախանյանն է՝ Աիդա Հովհաննիսյանի ամուսինը։
Պայմանագրով իբր «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ընկերության բաժնետեր Աիդա Հովհաննիսյանը և քաղաքացի Անահիտ Սահակյանը 31.08.2021թ. անշարժ գույքի նախնական և նախավճարի խառը պայմանագրով կառուցապատող «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ընկերությանը վճարել են 780,000,000 դրամ, և 02.08.2024թ. «ԿԱ ԷՌ Մայնինգ» ընկերության և հիշյալ քաղաքացիների միջև կնքված պահանջի զիջման (ցեսիայի) պայմանագրով իրենց պահանջի իրավունքները զիջել են «ԿԱ ԷՌ Մայնինգ» ՍՊ ընկերությանը, որի դիմաց կառուցապատող «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ընկերությունը պարտավորվել է մինչև 2024թ. հոկտեմբերի 30-ը «ԿԱ ԷՌ Մայնինգ» ՍՊ ընկերության հետ կնքել Ա. Միկոյան 64/7 հասցեում գտնվող 0.4 հա հողամասի հիմնական առուվաճառքի պայմանագիր՝ տվյալ հողամասը օտարելով վերջինիս: Օտարման գործարքը հնարավոր չի եղել իրականացնել նույն պահին, քանի որ առկա է եղել «Ամիօբանկ»-ի գրավի իրավունքը:
Սեպտեմբերի 4-ին Կադաստրի կոմիտեում անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում է արվում ,և «ԿԱ ԷՌ Մայնինգ» ընկերությանը տրվում է Ա. Միկոյան 64/7 հասցեում 0.4 հա հողամասի նկատմամբ գրավի իրավունքի գրանցման վկայական:
Երկու օր անց՝ սեպտեմբերի 6-ին, կողմերի միջև կնքված համաձայնագրով այդ պայմանագիրը լուծվում է։
Սեպտեմբերի 10-ին «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ընկերությունը նույնաբովանդակ պայմանագիր է կնքում իր հետ փոխկապակցված մեկ այլ՝ «Կաէռ բիլդ» ՍՊԸ-ի հետ։ Այս ընկերությունում Աիդա Հովհաննիսյանը 100 %-ի բաժնետեր է։ Իսկ տնօրենը ամուսնու եղբայրն է՝ Կարեն Կարախանյանը։ Սեպտեմբերի 13-ին Կադաստրի կոմիտեն այս գործարքն էլ է գրանցում և տալիս Ա. Միկոյան 64/7 հասցեում 0.4 հա հողամասի նկատմամբ գրավի իրավունքի գրանցման վկայականը «Կաէռ բիլդ» ՍՊԸ-ին։
Զուգահեռաբար կառուցապատողը նախաձեռնել է բնակարանների սեփականության վկայականների փոխանցման գործընթացը։ Սակայն, քանի որ ուշացման հետ կապված կան քաղաքացիական գործեր ընդդեմ կառուցապատողի, ԴԱՀԿԾ-ն արգելանքներ է կիրառել, որով նաև սահմանափակվել էր օտարման գործընթացը։ Սակայն կառուցապատողը վստահեցնում է, որ այլևս որևէ սահմանափակում չկա, և բնակիչները կարող են անարգել ստորագրել։ Այն բնակիչները, որոնք ստորագրել են փոխանցման ակտերը, պարզվել է, որ փոխանցման ակտով գնորդին է փոխանցվում Ա.Միկոյան 64 հասցեի բնակարան x հասցեում գտնվող անշարժ գույքի 2,97055 հա մակերեսով հողամասի և 20210.1քմ ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ իր համապատասխան բաժնեմասը: Այսինքն՝ գնման իրավունքի պայմանագրով նշված 3,37055 հա մակերեսով հողամասում գնորդի ձեռք բերած համապատասխան բաժնեմասը փոխանցման ակտում նվազեցվել է:
Բացի դրանից, այդ ակտում արձանագրվել է, որ գնորդը տեղյակ է անշարժ գույքը ներառող շենքին ու հողին հարակից և հարևանությամբ գտնվող տարածքներում ընթացող և նախատեսվող այլ շենքերի կառուցապատումներին և առարկություն չունի կառուցման նախագծերի համաձայնեցման և կառուցման աշխատանքների իրականացման հարցում... Անշարժ գույքը ներառող շենքին ու հողին հարակից և հարևանությամբ գտնվող տարածքներում իրականացվող շինարարության ճարտարապետաշինարարական նախագծի փոփոխություններ կատարելու հարցերում բոլոր տեսակի որոշումներն ընդունվում, և համապատասխան գործողությունները կատարվում են առանց Գնորդի նախնական կամ հետագա համաձայնությունը ստանալու:
Ինչպես պատմեցին բնակիչները, որոնք դեռ չեն ստորագրել այդ փոխանցման ակտերը և խնդրեցին չհրապարակել իրենց անունները, վաճառողը պարտադրում է գնորդներին ստորագրել փոխանցման ակտերը՝ նրանց վախեցնելով, որ այլապես սեփականության վկայական երբեք չեն ստանա, և ընկերությունը կգնա սնանկության:
Կառուցապատողն արդեն սնանկ է
Բնակելի համալիրի բնակարանների գնորդներից մեկը՝ փաստաբան Մարինե Թովմասյանը, սեպտեմբերի 17-ին սնանկության հայցով դիմել է Սնանկության դատարան՝ կառուցապատող «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ընկերությանը հարկադրված սնանկ ճանաչելու պահանջով: Դատարանը շատ արագ՝ շուրջ երկու ամսում, այս տարվա դեկտեմբերի 4-ին կայացրել է «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ընկերությանը սնանկ ճանաչելու որոշումը։ Նշանակվել է սնանկության կառավարիչ։
Կառուցապատողի խարդախությունների և ապօրինությունների վերաբերյալ բնակիչները բազմաթիվ նամակներ են գրել պատկան մարմիններին, այդ թվում՝ վարչապետին, սակայն էական արձագանք դեռևս որևէ մեկից չեն ստացել։ Ցայսօր անպատասխան են մնացել նաև ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ Քննչական կոմիտեի նախագահին դեռևս սեպտեմբերի 18-ին բնակիչների կողմից ներկայացված դիմումները։
Նրանք կարծում են, որ կառուցապատողին ակնհայտորեն հովանավորում են, մասնավորապես, Երևանի քաղաքապետը, քանի որ վերջինս 2024թ-ին նաև ավելի քան 400 մլն դրամի կուտակած պարտավորություն ունի անշարժ գույքի հարկի գծով, իսկ քաղաքապետարանը նրան նույնիսկ այն բռնագանձելու հայց չի ներկայացրել։ Ավելին, բնակիչները վստահ են, որ սնանկությունը նույնպես շինծու և միտումնավոր կազմակրեպված գործընթաց է, որով «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ընկերությունը, ի թիվս այլ պարտավորությունների, խուսափելու է նաև խոշոր չափերով՝ միլիարդների հասնող հարկային պարտավորությունների վճարումից։ Այլապես սնանկության հայցով դիմած բնակիչը քաղհայց կներկայացներ, ինչպես մնացած բնակիչները և փոխհատուցում կպահանջեր։
Միաժամանակ նույն մարդկանց պատկանող ու նրանց փոխկապակցված ընկերությունները բնականոն հունով աշխատում են։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին գրավոր հարցում ենք ուղարկել` պարզելու, թե ինչու է նախագծով ծանրաբեռնված և կանաչապատման ու բարեկարգման համար նախատեսված տարածքին առանձին հասցե տրամադրել, այդպիսով թույլատրել կառուցապատողին չկատարել նախագծային պարտավորությունները:
Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետ Ալիկ Վարդազարյանը մեր հարցերին ըստ էության պատասխան չի տվել, այլ ընդհանրական տեղեկություններ է տրամադրել, որոնց մասին մենք արդեն վերևում գրել ենք․ «Համաձայն աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության տրամադրած տեղեկատվության՝ Ա. Միկոյան փողոցի 64 հասցեում գտնվող «Ն ԵՎ Ս ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասի բաժանման հատակագծով առանձնացվող մասին տրամադրվել է «Ա. Միկոյան փողոց, 64/7» հասցեն: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ անշարժ գույքի հասցեավորումն իրականացվում է ՀՀ կառավարության 29.12.2005թ. հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն»:
Պաշտոնյան ևս մեկ անգամ նշել է, որ դիմումով նշված Միկոյան 64 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի 3996,11քմ տարածքում նախատեսված են բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ:
«Հայտնում ենք նաև, որ կառուցապատողի կողմից ներկայում իրականացվում են տարածքի բարեկարգման և շահագործման համար անհրաժեշտ աշխատանքներ»:
Երևանի քաղաքապետարանն այս կառուցապատողի նկատմամբ ակնհայտ բարենպաստ վերաբերմունք է դրսևորում, քանզի «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն արդեն իսկ ավելի քան 1 մլրդ դրամ գույքահարկի պարտավորություն ունի կուտակած Երևան համայնքի նկատմամբ, սակայն դատական համակարգում այս պարտավորության և գումարի բռնագանձման վերաբերյալ որևէ գործ առայժմ չկա։
Հիշեցնենք, որ «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին փոխկապակցված «ԿաԷռ Մայնինգ» ՍՊԸ-ն Երևանի «Ֆիրդուս» թաղամասում մի քանի՝ 2-րդ, 4-րդ և 5-րդ լոտերի սեփականատերն է: Իսկ վերոնշյալ ընկերություններին փոխկապակցված, եղբայրներից Կարեն Կարախանյանին պատկանող «ԿԱ ԷՌ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն հանդես է գալիս որպես այս կառուցապատողների գլխավոր կապալառու:
Սեփականատերերի գծապատկերը՝ Արեն Նազարյանի
Կարդացեք նաև՝
Մեկնաբանել