HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀԽ-ն պաշտպանում է ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերի վերաբերյալ ընկերությունների որոշումները

Հանրային հեռարձակողի խորհուրդն անդրադարձել է հանրային հնչեղություն ստացած՝ ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամին վերաբերող հարցին և ներկայացրել հետևյալ պարզաբանումը.

  • հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, որն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ,
  • արձանագրելով, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, այդ թվում մտքի, խղճի և կրոնի ազատությունը,
  • առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով, որի համաձայն պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը,
  • հաստատելով, որ գործնականում Հանրային հեռարձակողի խորհուրդը ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի պահանջն իրականացնում է երկու հանրային («Առաջին ալիք» և հոգևոր-մշակութային «Շողակաթ») հեռուստաընկերությունների և Հանրային ռադիոյի՝ բազմազանությունն ապահովող տեսալսողական ծրագրերի միջոցով,
  • կարևորելով հանրային հեռարձակողների անկախությունը ինչպես պետական, այնպես էլ կրոնական, առևտրային և այլ կազմակերպություններից և ազդեցիկ անհատներից,
  • վերահաստատելով հանրային հեռարձակողների իրավունքը՝ ինքնուրույն վարելու խմբագրական քաղաքականություն և որոշելու հանրության տեղեկատվական կարիքներն ու լսարանի նախասիրությունները (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի), այդ թվում նաև հեռարձակման ամենադիտելի եթերաժամը որոշելու հարցում,
  • հավաստիանալով, որ Հանրային «Առաջին ալիք», հանրային հոգևոր-մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունները և Հանրային ռադիոընկերությունը ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերը որոշելիս առաջնորդվել են յուրաքանչյուրն իր ծրագրային բազմազանությամբ ձևավորված լսարանի նախասիրություններով, ինչպես նաև պահպանել են կարևոր իրադարձության և պաշտոնական հաղորդագրության համար նախատեսված օրենսդրական կարգավորումները՝ 

Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է, որ հիմնավոր է համարում 2024 թ․ դեկտեմբերի 31-ի ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերի վերաբերյալ ընկերությունների որոշումները և պաշտպանում է դրանք:

Հիշեցնենք՝ Հանրային հեռուստաընկերության ամանորյա հեռուստահաղորդումների ծրագրի ազդագրում նշված էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը նախատեսվում է հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը հայտարարեց, որ Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը։ 

«Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը մեզ հասանելի լրատվամիջոցներով կհեռարձակվի Ամանորի գիշերը՝ նախընթաց տարիների ավանդույթով սահմանված ժամին»,- նշված էր պարզաբանման մեջ:

Նախորդ տարի ևս ուղերձի հեռարձակման ժամի վերաբերյալ տարաձայնություն եղավ Հանրային հեռուստաընկերության և Մայր Աթոռի միջև, ինչի արդյունքում այն չհեռարձակվեց։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter