Լևոն Տեր-Պետրոսյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանի բանավեճի առաջարկին
Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է առաջին նախագահի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի բանավեճի առաջարկին, որը ներկայացնում ենք ստորև.
«Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի, եւ քեզ այլ բան չի մնում այս դառն իրողությունից մեր ժողովրդի ուշադրությունը շեղելու հուսահատ ճիգերից բացի։
Աղմկիր որքան ուզում ես, այս իրողությունն արդեն պատմական փաստ է, որն այլեւս ջնջել չի լինի։
Իսկ եթե, Նիկոլ, ցանկանում ես, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները եւ հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։
Այ դա արդեն կլինի իսկական բանավեճ, հիմնված փաստերի վրա։ Իսկ եթե դա չանես, եւս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից եւ զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով»։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ ՀՀ երեք նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին հրավիրել էր ուղիղ եթերում բանավեճի։ Այդ ժամանակ Մուսինյանը առաջարկել էր, որ Փաշինյանը բանավիճի ինքն իր հետ։ Մյուս նախագահները ևս չէին ընդունել բանավեճի առաջարկը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել