
2024-ի տարեկան տվյալներով բյուջեի հարկային եկամուտները 200 մլրդ դրամով կթերակատարվեն
Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտները պլանավորվածից մոտ 200 մլրդ դրամով ավելի փոքր կլինեն 2024 թվականի տարեկան տվյալներով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ հարկերի հավաքագրման վրա ազդել է մի քանի գործոն՝ պայմանավորված պլանավորումներով, որոնք տեղի չեն ունեցել։ Առաջինը՝ պլանավորվածից թույլ տնտեսական աճն է։
«Երկրորդը՝ գնաճը պլանավորվածից փոքր է եղել։ Երրորդը՝ երբ տնտեսությունը մտնում է աճի դանդաղման փուլ, հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավման հնարավորությունը կրճատվում է։ Պլանավորվել էր, որ մենք չէինք մտնելու դեռ աճի դանդաղման փուլ և շարունակելու էինք հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավումը այն տեմպով, որը գրանցվել է նախորդ տարիներին և որ տնտեսական աճն ու գնաճը լինելու են թիրախային մակարդակներում»,- նշեց Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ կա բյուջեի պահուստային ֆոնդ, որը նաև այն նպատակով է, որ եթե բյուջեով կանխատեսված սցենարը չիրականանա, մեծ խնդիրներ չառաջանան։ «Չունենք որևէ ծախս, որը մնացել է չֆինանսավորված»,- ասում է նախարարը։
Նա շեշտեց, որ իրենք պլանավորմամբ են զբաղվում, ոչ թե գուշակությամբ։ Եվ հավանականություն կա, որ իրականությունը պլանավորվածից «մի փոքր այլ կերպ լինի»։
Ըստ Ֆինանսների նախարարության հրապարակած բյուջեի կատարողականի՝ 2024 թվականի հունվար-նոյեմբերին ՀՀ պետական բյուջեի եկամուտները, որը հիմնականում հարկերից է գոյանում, կազմել են մոտ 2.3 տրլն դրամ, որը տարեկան ճշտված պլանի 83.4%-ն է։
Նույն ժամանակահատվածում բյուջեի ծախսերը կազմել են 2.5 տրլն դրամ կամ տարեկան ճշտված պլանի 78.7%-ը։
«Մենք փորձել ենք զսպել ծախսերի կատարումը, որ հավելյալ խնդիրներ չունենանք։ Ծախսերի թերակատարումը, որը մեծ մասամբ ընթացիկ ծախսերի ուղղությամբ է, պայմանավորված է նրանով, որ եթե նախկինում մենք վերաբաշխումներ էինք իրականացնում և որոշակի գումարներ ուղղում էինք այլ՝ ավելի կարևոր գործողություններ իրականացնելուն, եկամուտների ցածր մակարդակի պատճառով այս գործողությունը թույլ չենք տվել, որպեսզի մեր կայունության հետ կապված որևէ հարց չառաջանա»,- նշում է ֆինանսների նախարարը։
Նա շեշտեց այս տարի դպրոցաշինության ծրագրերի թերակատարումները։ Բայց դրանք նախարարը շատ բացասական չի համարում, քանի որ դպրոցների մրցույթներում հաղթողներ ճանաչվելուց հետո շինարարներին վճարվելիք գումարները չեն փոխանցել վերջիններիս ցանկությամբ։
«2025 թվականին ունենալու ենք աննախադեպ դպրոցաշինության ծավալ։ Միաժամանակ ավելի քան 150 դպրոց է կառուցվելու, որը երբևէ տեղի չի ունեցել»,- խոստանում է Վահե Հովհաննիսյանը։
Տես նաև՝
- Առաջին կիսամյակում պլանավորվածից 117 մլրդ դրամով պակաս հարկ է հավաքագրվել
- Բյուջե-2025. որոնք են ամենախոշոր ծախսերի ուղղությունները
Գլխավոր լուսանկարում՝ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը
Մեկնաբանել