
Ներելով անհուսալի վարկառուներին. առողջացման ծրագի՞ր, թե՞ ընտրակաշառք
Կառավարությունը որոշել է 218 000 քաղաքացու, որոնք բանկերից վարկ են վերցրել և տարիներ շարունակ այն չվճարելով՝ դարձել անհուսալի վարկառուներ, ֆինանսական աջակցություն տրամադրել։ Աշխատանքի անցնելու պարագայում նրանց եկամտային հարկը կուղղվի ոչ թե պետական բյուջե, ինչպես մյուս քաղաքացիների դեպքում է, այլ՝ վարկերի մարմանը։ Գաղափարն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է։ Դեկտեմբերի 12-ին Կառավարությունն այն անվանեց «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառում» և ընդունեց։
Քաղաքացիների մի մասը սոցիալական անարդարություն, պարտաճանաչ հարկատուների հաշվին անպարտաճանաչ վարկառուների պարտավորությունների մարում, հերթական անգամ բանկերի շահերի սպասարկում և անգամ ընտրակաշառք է տեսնում այս ծրագրում։ Ծրագրի հեղինակները և ԱԺ-ում իշխող խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Սիսակ Գաբրիելյանը հակադարձում են` մանիպուլյացիա և աբսուրդ անվանելով որոշ մեկնաբանություններ։
Ո՞ր վարկառուներին և ինչպե՞ս է փորձում «առողջացնել» Կառավարությունը
Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի է՝ դասակարգված են անհուսալի դասով։ Ընդ որում՝ նրանց բոլոր վարկերի մայր գումարների գծով պարտավորությունները միասին պետք է չգերազանցեն 1 մլն դրամը։
Այս թիրախային խմբում ընդգրկված է շուրջ 218 000 անձ։ Նրանք պոտենցիալ շահառուներն են՝ անձինք, ովքեր կարող են դիմել ծրագրի համար։
Բայց, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանխատեսմամբ՝ այս պոտենցիալ շահառուների շուրջ 60%-ը կդիմի ծրագրի համար, այսինքն՝ 131 000 անձ։ «Եթե ավելի մեծ լինի դիմողների թիվը, շատ ավելի լավ։ Կնշանակի՝ գերակատարել ենք մեր նպատակը»,- «Հետք»-ի հետ զրույցում ասում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։
Նշված թիրախային խմբում մեկ անձի հաշվով միջին վարկային բեռն այսօր 774 000 դրամ է, այդ թվում՝ մայր գումարը, տոկոսագումարը, տույժերն ու տուգանքները։ Ընդ որում՝ ակնկալվում է, որ ծրագրի գործարկման դեպքում վարկը տրամադրած ֆինանսական կազմակերպությունները կներեն վարկի գծով առաջացած տույժերն ու տուգանքները՝ 80%-ի չափով։ Արդյունքում մեկ անձի գծով մարման ենթակա վարկային բեռը կկազմի միջինը 434 600 դրամ։
Ըստ նախագծի հեղինակների՝ Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածության, ավելի պարզ՝ չգրանցված աշխատելու պատճառները տարբեր են, սակայն դրանցից ամենատարածվածներից մեկը չմուծված վարկային բեռի պատճառով աշխատավարձից բռնագանձումների ռիսկն է։
Բանկերին պարտք մնացած քաղաքացին, եթե գրանցված աշխատող է լինում, նրա աշխատավարձից բռնագանձվում է մինչև 50%-ի չափով, ինչը, ըստ ԱՍՀ նախարարության, էականորեն ազդում է անձի կենսակերպի վրա։ Հետևաբար, նրանցից շատերը նախընտրում են չգրանցված աշխատել։
Այդպիսով ստացվել է, որ անհուսալի վարկառուների մեծ մասը գտնվում է ոչ ֆորմալ զբաղվածության մեջ, իսկ նրանց մի մասն էլ, որպես անապահով ընտանիք, հաշվառված է Անապահովության գնահատման համակարգում և պետությունից ստանում է նպաստ։
Այս քաղաքացիներն, ըստ Կառավարության, դուրս են մնացել տնտեսական ակտիվությունից, չեն կարողանում օգտվել ֆինանսական գործիքներից, չեն կուտակում կենսաթոշակ և այլն։
Եվ որպես լուծում որոշվել է նշված անձանց աշխատանքի անցնելու պարագայում նրանց վճարած եկամտային հարկն ուղղել վարկի/վարկերի մարմանը, գումարած դրան՝ բռնագանձել նրանց աշխատավարձի 20%-ը։ Այսինքն՝ բանկը ներում է վարկի տույժ-տուգանքի առյուծի բաժինը, իսկ մյուս մասն ու մայր գումարը քաղաքացին վճարում է իր եկամտային հարկից ու աշխատավարձի մի մասից:
Այս ֆինանսական աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով։
Գրանցված աշխատանքի անցնելը պարտադիր է։ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը համոզված է, որ առանց նախարարության օգնության էլ քաղաքացիները կկարողանան գրանցված աշխատանք գտնել։ Եթե քաղաքացին արդեն գրանցված է, բայց ունի անհուսալի վարկեր, կրկին կարող է օգտվել այս ծրագրից։
Քանի որ սա Կառավարության ծրագիրն է, Ազգային ժողովի կողմից հավանության արժանանալու կարիք չունի։
Սոցիալական անարդարությունից մինչև ընտրակաշառք. հանրային քննադատությունների ալիքը
Օրեր առաջ ծրագրի մասին Կառավարության հայտարարությունից հետո սոցիալական ցանցերում քննադատությունների ալիք բարձրացավ։ Դրանցից մեկն այն է, որ փորձելով օգնել անհուսալի վարկառուներին՝ Կառավարությունը խրախուսում է նրանց անպարտաճանաչությունը։ Արդյունքում պարտաճանաչ հարկատու և վարկառու քաղաքացին իրեն չգնահատված է զգում։
«Ստացվում է, որ քաղաքացին է, որը իր և իր ընտանիքի բյուջեից պարտաճանաչ հատկացնում է վարկին, որ ուշացումներ չունենա, նույնքան պարտաճանաչ հարկերն է վճարում, իսկ մյուս կողմից՝ քաղաքացին է, որը վարկեր է վերցրել ու չի վճարել, հարկեր ևս չի վճարել։ Հնարավոր է՝ անպարտաճանաչ քաղաքացին այդ գումարով թանկարժեք հեռախոս է գնել, խաղամոլությամբ զբաղվել և վատնել գումարը։ Հիմա պետությունը ներում և օժանդակում է նրան։ Իհարկե, կան դեպքեր, երբ մարդը զրկվում է աշխատանքից ու օբյեկտիվ պատճառներով հայտնվում այդ իրավիճակում, սակայն մենք չգիտենք նշված խմբում նրանք ինչ կշիռ ունեն»,- մեզ հետ զրույցում ասում է «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ Փայլակ Թադևոսյանը։
Սոցապնախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հակադարձում է, որ այն քաղաքացիները, որոնք հայտնվել են անհուսալի վարկային պատմությունների մեջ, հաստատ չեն ցանկացել անցնել այդ բոլոր քաշքշուկների միջով՝ նույնիսկ, եթե իմանային, որ ինչ-որ պահի պետությունն ու բանկերը ներելու են իրենց վարկերը։
«Առաջին հայացքից, այո, այդ հարցն առաջանում է՝ իսկ պարտաճանաչնե՞րը։ Պարտաճանաչներն առաջին հերթին պարտաճանաչ են, որովհետև չեն ուզում, որ իրենց վարկային պատմությունը փչանա, խնդիրների առաջ կանգնեն, հաշիվների ու գույքերի վրա կալանք դրվի և այլն»,- նշում է նա։
Փայլակ Թադևոսյանը հիշեցնում է, որ 2018 թվականին, երբ այդ ժամանակ ՔՊ պատգամավոր, այժմ՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ազգային ժողովում նախագիծ էր ներկայացնում աշխատավարձը միայն անկանխիկ վճարելու մասին, մասնագիտական հանրությունը ահազանգում էր, որ գրանցված աշխատողների մի ստվար մաս ունի չմարված վարկային պարտավորություններ, հետևաբար՝ աշխատավարձն անկանխիկ վճարելու պարագայում կա՛մ զրկվելու է աշխատավարձի առնվազն կեսից, կա՛մ ստիպված է լինելու դառնալ չգրանցված աշխատող։ Նախագիծն ընդունվեց։ Այսօր Կառավարությունը նաև այդ նախագծի «պտուղներն է քաղում»։
«6 տարի հետո նոր միայն իմացա՞ք, որ մարդիկ ԴԱՀԿ-ի հետ կապված խնդիր ունեն»,- ասում է Թադևոսյանը։
Ըստ նրա՝ Կառավարությունը ձևական է հանրային քննարկման ներկայացնում այս կամ այն նախագիծը, քանի որ հանրության դիտարկումներն ու կարծիքները արդյունքում հաշվի չեն առնվում։
Սոցիալական ցանցերում իրենց վրդովմունքը հայտնող քաղաքացիների մի մասն էլ կարծում է, որ այս ծրագիրն իրականում «օրինական» ընտրակաշառք է 2026 թվականին սպասվելիք խորհրդարանական ընտրություններից առաջ։
«Կառավարությունը որոշել է պետբյուջեի հաշվին մարել վարկերի տակ կքած շուրջ 220 հազար քաղաքացու պարտքերը։ Թե ինչու՞ է իմ և այլ պարտաճանաչ քաղաքացիների հաշվին պետությունը մարում մյուսների պարտքերը, պատճառն ակնհայտ է՝ 2026թ․ ընտրություններից առաջ այդ 220 հազարը կարող է քվեարկել այս իշխանության օգտին։ Սակայն պետական բյուջեն ո՛չ ՀՀ վարչապետի, ո՛չ էլ նրա քաղաքական թիմի ընտանեկան բյուջեն է, որ ինչպես ուզես՝ այնպես էլ ծախսես։ Սա ընտրակաշառք է։ Սա բացահայտ քաղաքական կոռուպցիա է։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հարկ է, որ զբաղվի այդ խնդրով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյան։
Սոցապնախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն այս տեսակետը աբսուրդ է որակում։
«Նախագիծը քննարկվում էր դեռևս 2023 թվականից։ Նաև հանրային քննարկման է ներկայացվել e-draft.am-ում։ Այն անցել է օրենքով սահմանված բոլոր փուլերը։ Այնպես որ այն դիտարկել որպես ընտրություններից առաջ ներկայացված ծրագիր և անունը դնել ընտրակաշառք, աբսուրդ եմ համարում»,- նշում է Դավիթ Խաչատրյանը։
Ի՞նչ նպատակով են վերցվել վարկերը. վարկածները՝ կենցաղային տեխնիկայի գնումից մինչև խաղամոլություն
Ինչպես պարզ է դառնում կառավարության նիստի օրակարգում ներկայացված հիմնավորումից, 218 000 քաղաքացիների 65%-ը աշխատունակության ամենաակտիվ տարիքային շրջանում են, այսինքն՝ 26-50 տարեկան։
Ներկայում 218 000 պոտենցիալ շահառուներից, ըստ Սոցապնախարարության, ֆորմալ զբաղվածություն (գրանցված աշխատանք) ունի մոտ 43 600-ը կամ 20%-ը։
Ընդ որում՝ ըստ Դավիթ Խաչատրյանի՝ նրանք հիմնականում գրանցված են նվազագույն աշխատավարձով, սակայն նախարարության ներկայացուցիչները համոզված են, որ իրականում աշխատավարձի թիվն ավելի մեծ է։ Փոքր թիվ են գրանցում, որ ավելի քիչ բռնագանձվի իրենց կողմից ժամանակին չմուծված վարկերի մարման համար։
Ծրագրում պոտենցիալ շահառուների մասին մանրամասն տեղեկություններ չկան։ Չկա, օրինակ, վերլուծություն ամենակարևոր հարցերից մեկի մասով՝ ի՞նչ նպատակով են անհուսալի դասակարգված վարկառուները ժամանակին վերցրել այդ վարկերը։
Քանի որ մինչև 1 մլն դրամը, որը այս ծրագրի շեմն է, գործնականում չէր կարող ծառայել թանկարժեք գույք կամ հիփոթեք ձեռք բերելուն, մնում է ենթադրել, որ դրանք ավելի մանր ծախսերի համար են։
Սոցիալական ցանցերում այս ծրագիրը քննադատող քաղաքացիները նշում են, որ դրանք կարող էին ծախսված լինել ինչպես կենցաղային տեխնիկա, կահույք ձեռք բերելու, առօրյա սպառման և այլ ծախսերի, այնպես էլ՝ խաղամոլության նպատակով։
Ծրագրում չի մանրամասնվում նաև, թե ինչու է ընտրվել հենց 1 մլն դրամի շեմը։ Խոսքը միայն մայր գումարների գծով մնացած պարտավորությունների մասին է՝ չհաշված տույժ-տուգանքները։
Մեզ հետ զրույցում Դավիթ Խաչատրյանը նշում է, որ սովորաբար մինչև 1 մլն դրամը ավելի շատ սպառողական նպատակներով և կենցաղային պատճառներով վարկերն են. «Դրանից ավելի արդեն բիզնես կամ այլ նպատակով է։ Հնարավոր է՝ հետագայում այս շեմը փոփոխվի»։
Ըստ նրա՝ անհուսալի դասակարգված վարկերի 76%-ը տրվել են սպառողական նպատակներով, 17%-ը՝ կենցաղային տեխնիկա ձեռք բերելու համար, 7%-ը՝ այլ նպատակներով։ Այս ցուցանիշներից, սակայն, պարզ չի դառնում՝ սպառողական վարկերը ինչ նպատակով են ծախսվել։ «Ամեն մեկի գումարը չես կարող վերահսկել, թե ինչպես է ծախսել»,- ասում է Դավիթ Խաչատրյանը։
Ինչու՞ է բեռը վերցնում պետությունը և ոչ թե բանկերը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի կարծիքով սա պետություն-բանկային համակարգ-քաղաքացի համագործակցության լավ ու երկար սպասված մոդել է, որից շահելու են բոլորը:
Ըստ նրա՝ բանկային համակարգը առողջացնում է իր վարկային պորտֆելը, քաղաքացին շահում է, որովհետև հնարավորություն է ստանում «մաքրվել», պետությունը շահում է, որովհետև՝ նախ վերոնշյալ երկու կետերն արդեն իսկ պետության շահերից են բխում։
Ըստ նրա՝ ասել, որ այս ծրագիրը նշանակում է պետբյուջեի այլ հարկատուների հաշվին մարել անբարեխիղճ վարկառուների պարտավորությունները, մեղմ ասած, մանիպուլյացիոն պնդում է. «Այն պարզ պատճառով, որ այդ մարումը կատարվելու է հենց այդ վարկառուների վճարելիք հարկերի հաշվին»:
Փայլակ Թադևոսյանը համոզված է, որ այս ծրագրով Կառավարությունը ուղղակի, թե անուղղակի բանկերին լավություն է անում։ Ըստ նրա՝ բանկերը իրենց վարկային պորտֆելում պլանավորում են անհուսալի, չաշխատող վարկերի որոշակի տեսակարար կշիռ և էապես չեն տուժում դրանց հետևանքով։ Հետևաբար, կարող էին այդ բեռը իրենց վրա վերցնել։
Սոցապնախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի խոսքով՝ բանկերը, որպես կանոն, նման քայլի գնում են, եթե կուտակված պարտքի ինչ-որ մի մասը պարտապանը առաջարկում է մուծել բանկին։ Դա անհատական քննարկման արդյունքում հաշտության գալու գործընթաց է։
«Բայց եթե որևէ գումար չի վճարում վարկառուն, բնականաբար, բանկը չի գնա այդ քայլին։ Իսկ այս ծրագրով մենք, այսպես ասած, երաշխիք ենք սահմանում, որը բանկի համար ընդունելի է»,- ասում է Դավիթ Խաչատրյանը։
Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառման ներքո ևս քաղաքացիները հարցնում են, թե ինչու՞ բանկերը չեն ներում այդ վարկերը։ Ըստ պատգամավորի՝ բանկը վարկից բացի նաև ավանդներ ունի, ու չի կարող անպատասխանատու զիջումների գնալ: Պետությունն էլ չի կարող նման բան ստիպել. «Վարկը ներելը անհետևանք չի մնում, ու դրա գինը ծանրանում է մյուս վարկառուների ուսերին»:
ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ևս սոցցանցի իր էջում գովաբանում է այս ծրագիրը։
Կանխատեսում. պետական բյուջեն 6 ամսում կկորցնի 33 մլրդ դրամ, հետո ձեռք կբերի նոր հարկատուներ
Ծրագրում հրապարակված են թվային հաշվարկներ, որոնք հիմնված են պոտենցիալ շահառուների պոտենցիալ աշխատավարձերի վրա։ Ենթադրվում է, որ պոտենցիալ 131 000 շահառուի գծով վարկային պարտավորությունները զրոյացնելու համար վերջիններիս եկամտային հարկերից բանկերին կուղղվի 33 մլրդ 45 մլն դրամ։
Ըստ միջին աշխատավարձի հիման վրա կատարված հաշվարկների՝ այդ քաղաքացիները վեց ամսում ամբողջությամբ կմարեն իրենց վարկային պարտավորությունները։ Այսինքն՝ նշված 33 մլրդ դրամը վեց ամսում կկորցնի բյուջեն։
Փոխարենը, Կառավարությունը հույս ունի, որ այդ շահառուները կշարունակեն աշխատել և վեց ամիս անց արդեն նրանց վճարած հարկերը կմնան պետական բյուջեում։
Դրանք ընդամենը կանխատեսումներ են։ Բոլոր դեպքերում, ենթադրվում է, որ նշված ծրագրին ու որոշմանը հավանություն են տվել նաև այն կառույցները, որոնք առնչվել են այդ նախագծին և կարծիք հայտնել՝ Ֆինանսների նախարարությունը, Կենտրոնական բանկը, Հայաստանի բանկերի միությունը և այլն։
Գլխավոր նկարը՝ Նարե Պետրոսյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել