
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում գերծանր քաշային կարգում (+109 կգ) աշխարհի չեմպիոն հռչակվեց Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը՝ երկամարտում գրանցելով 467 կգ արդյունք։ Բահրեյնը ներկայացնող հայ ծանրորդ Գոռ Մինասյանն էլ զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը։
Վարազդատ Լալայանը անթերի կատարեց պոկում վարժության բոլոր երեք մոտեցումները, մեկը մյուսի հետևից բարձրացրեց 206, 211 և 215 կիլոգրամանոց ծանրաձողերը՝ նվաճելով պոկում վարժության ոսկին։ Գոռ Մինասյանը պոկում վարժությունում գրանցեց 210 կգ՝ դառնալով վարժության արծաթե մեդալակիր։ Բրոնզն էլ բաժին հասավ Իրանի ներկայացուցիչ Ալի Դավուդիին (206 կգ)։
Հրում վարժությունում Վարազդատ Լալայանը առաջին մոտեցմամբ հրեց 245 կգ, սակայն երկրորդ մոտեցման համար պատվիրած 252 կգ-ն չկարողացավ բարձրացնել։ Երրորդ փորձից, այնուամենայնիվ, Լալայանը հրեց այդ քաշը, սակայն սա հրում վարժությունում միայն երրորդ արդյունքն էր։ Այս վարժության ոսկին նվաճեց Իրանի մեկ այլ ներկայացուցիչ` Ալիռեզա Յուսեֆին (262 կգ), արծաթե մեդալակիր դարձավ Ալի Դավուդին (253 կգ)։ Գոռ Մինասյանը հրում վարժությունում գրանցեց 245 կգ արդյունք։
Այսպիսով, երկամարտի 467 կգ արդյունքով Վարազդատ Լալայանը հռչակվեց աշխարհի չեմպիոն։ Ալի Դավուդին՝ 459 կգ-ով դարձավ փոխչեմպիոն, իսկ Ալիռեզա Յուսեֆին՝ բրոնզե մեդալակիր՝ 456 կգ արդյունքով։ Գոռ Մինասյանը երկամարտի 455 կգ արդյունքով զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը։
Հիշեցնենք՝ գերծանր քաշային կարգում աշխարհի նախորդ 7 առաջնություններում հաղթել էր օլիմպիական եռակի չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն, որն ավարտել է մարզական կարիերան։ Վարազդատ Լալայանը մինչև այս չեմպիոնությունը երկու անգամ դարձել էր աշխարհի փոխչեմպիոն (2021, 2023), մեկ անգամ էլ՝ բրոնզե մեդալակիր (2022):
Ծանրամարտի աշխարհի 2024թ․ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից երկամարտի մեդալ էր նվաճել նաև կանանց 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը՝ դառնալով բրոնզե մեդալակիր։ Հայաստանի հավաքականի մյուս անդամները մրցանակային տեղեր չեն գրավել։
Մեկնաբանել