
Հայաստանի ընտրանու վիճակագրությունը առաջիկա մրցակիցների դեմ
Այսօր կայացավ ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու վիճակահանությունը: Թիմերը, այդ թվում՝ Հայաստանի հավաքականը, իմացան 2025 թ. կայանալիք ընտրական փուլի իրենց մրցակիցներին:
Մեր թիմն ընդգրկվեց F խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ազգերի լիգայի 1/4-ում Դանիա-Պորտուգալիա զույգի հաղթողը (վերջինս պարզ կդառնա 2025 թ. մարտին), ինչպես նաեւ Հունգարիան ու Իռլանդիան:
Աշխարհի 2026 թ. առաջնությանը, որի եզրափակիչ փուլն ընդունելու են միանգամից 3 երկրներ՝ ԱՄՆ-ը, Կանադան ու Մեքսիկան, առաջին անգամ մասնակցելու է 48 հավաքական: Եվրոպական գոտուց մունդիալին մասնակցելու ուղեգիր են նվաճելու ընտրական 12 խմբերի հաղթողները: Իսկ երկրորդ տեղը զբաղեցրած 12 թիմերն ու Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկության արդյունքներով այն լավագույն 4 հավաքականները, որոնք ԱԱ-2026-ի ընտրական խմբերում առաջին կամ երկրորդ տեղերը զբաղեցրած չեն լինի, այսինքն՝ 16 ընտրանի, կխաղարկեն մնացած 4 ուղեգրերը: Այսինքն՝ աշխարհի առաջնությանը կմասնակցի եվրոպական 16 հավաքական:
Ինչպես ասվեց, եվրոպական գոտում լինելու է 12 խումբ, եւ մեր թիմը 6-րդ կամ F խմբում է: Հանդիպումները կայանալու են 2025 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Վերջնական խաղացանկը հայտնի է դառնալու ավելի ուշ:
Միանգամից ասենք, որ մեր ընտրանին նախկինում հանդիպել է նշված բոլոր մրցակիցների հետ:
Դանիային հանդիպել ենք 8 անգամ բացառապես պաշտոնական մրցավեճերում: Առաջին անգամ դա տեղի է ունեցել «Եվրո-1996»-ի ընտրական փուլում, որտեղ Դանիան Եվրոպայի գործող (1992 թ.) չեմպիոնն էր: 1995 թ. օգոստոսի 16-ին մերոնք Երեւանում դանիացիներին զիջեցին 0-2 հաշվով: Պատասխան հանդիպումը կայացավ նույն տարվա նոյեմբերի 15-ին. Կոպենհանգենում դաշտի տերերն առավելության հասան 3-1 հաշվով: Մերոնցից աչքի ընկավ Արթուր Պետրոսյանը: Սկանդինավցիներին կրկին հանդիպեցինք աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում, որը բավական հաջող էր Հայաստանի ընտրանու համար: 2013 թ. հունիսի 11-ին մեր ընտրանին 4-0 հաշվով հաղթեց Կոպենհագենում. աչքի ընկան Յուրա Մովսիսյանը (2 անգամ), Արաս Օզբիլիզը, Հենրիխ Մխիթարյանը: Նույն տարվա սեպտեմբերի 10-ին դանիացիները Երեւանում հաղթեցին 1-0: «Եվրո-2016»-ի ընտրական փուլում թիմերի ճանապարհները կրկին խաչվեցին: 2014 թ. սեպտեմբերի 7-ին Կոպենհագենում դանիացիները հաղթեցին 2-1: Մեր թիմից աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը: Ուղիղ մեկ տարի անց՝ 2015-ի սեպտեմբերի 7-ին, Երեւանում գրանցվեց 0-0: Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում եւս Հայաստանն ու Դանիան մրցակիցներ էին: 2016-ի սեպտեմբերի 4-ին Դանիան Կոպոնհագենում հաղթեց 1-0, իսկ ուղիղ մեկ տարի անց՝ 2017-ի սեպտեմբերի 4-ին, Երեւանում սկանդինավցիներն առավելության հասան 4-1 հաշվով: Մերոնցից գոլը խփեց Ռուսլան Կորյանը:
Այսպիսով՝ ազգային հավաքականների մակարդակով Հայաստան-Դանիա ֆուտբոլային հակամարտությունում մինչ այս կայացել է 8 խաղ: Մերոնք հաղթել են 1 անգամ, գրանցվել է 1 ոչ-ոքի, Դանիան հաղթել է 6 անգամ, գոլերի հարաբերակցությունը՝ 13-7՝ հօգուտ Դանիայի:
Պորտուգալիային էլ հանդիպել ենք 6 անգամ միայն պաշտոնական խաղերում: Աշխարհի 1998 թ. առաջնության ընտրական փուլում՝ 1996-ի օգոստոսի 31-ին, Երեւանում գրանցվեց 0-0, իսկ 1997-ի օգոստոսի 20-ին Սետուբալում դաշտի տերերը հաղթեցին 3-1 հաշվով: Մերոնցից աչքի ընկավ Էրիկ Ասադուրյանը: «Եվրո-2008»-ի ընտրական փուլի շրջանակներում թիմերը նորից հանդիպեցին: 2007-ի օգոստոսի 22-ին Երեւանում գրանցվեց 1-1. մեր թիմից գոլը խփեց Ռոբերտ Արզումանյանը: Նույն տարվա նոյեմբերի 17-ին Լեյրայում պորտուգալացիները հաղթեցին 1-0 հաշվով: «Եվրո-2016»-ի ընտրական փուլում էլ՝ 2014-ի նոյեմբերի 14-ին, Ֆարուում պորտուգալացիները հաղթեցին 1-0, իսկ 2015-ի նոյեմբերի 15-ին Երեւանում գրանցվեց 2-3՝ հօգուտ հյուրերի: Մերոնցից աչքի ընկան Մարկոսն ու Հրայր Մկոյանը:
Այսպիսով՝ Հայաստանն ու Պորտուգալիան ազգային թիմերի մակարդակով հանդիպել են 6 անգամ. 2 անգամ գրանցվել է ոչ-ոքի, 4 անգամ հաղթել է Պորտուգալիան: Գոլերի հարաբերակցությունը՝ 9-4՝ հօգուտ Պիրենեյան թերակղզու ներկայացուցիչների:
Հունգարիային Հայաստանի հավաքականը հանդիպել է մեկ անգամ: Կիպրոսի մրցաշարի շրջանակներում՝ 2004 թ. փետրվարի 18-ին, Պաֆոսում հունգարացիները հաղթել են 2-0 հաշվով:
Իռլանդիայի ընտրանուն մեր ազգային թիմը հանդիպել է 4 անգամ, այս դեպքում եւս բոլորը եղել են պաշտոնական մրցավեճեր: «Եվրո-2012»-ի ընտրական փուլում՝ 2010 թ. սեպտեմբերի 3-ին, մերոնք Երեւանում պարտվեցին 0-1: Պատասխան խաղը կայացավ Դուբլինում 2011-ի հոկտեմբերի 11-ին: Իսպանացի տխրահռչակ մրցավար Իտուրալդե Գոնսալեսի «թեթեւ ձեռքով» կարմիր քարտ ստացավ մեր դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ինչն ազդեց հանդիպման ելքի վրա: Իռլանդացիները հաղթեցին 2-1: Մերոնցից գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանը: Ազգերի լիգայի 2022-2023 թթ. խաղարկության ժամանակ էլ, երբ մեր թիմը հանդես էր գալիս B լիգայում, 2022-ի հունիսի 4-ին Երեւանում հաղթեցինք իռլանդացիներին 1-0 հաշվով, գոլը խփեց Էդուարդ Սպերցյանը: Նույն տարվա սեպտեմբերի 27-ին Դուբլինում իռլանդացիներն առավելության հասան 3-2 հաշվով: Մերոնցից աչքի ընկան Արտակ Դաշյանն ու Էդուարդ Սպերցյանը:
Այսպիսով՝ հավաքականների հայ-իռլանդական դիմակայությունում կայացել է 4 խաղ, Հայաստանը հաղթել է 1-ում եւ պարտվել 3-ում: Մերոնք խփել են 4 գոլ, բաց թողել 6-ը:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Մեկնաբանել